Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակադեմիական քաղաք»-ը հանրային միջավայրն ու մթնոլորտը վերափոխող նախագիծ է. Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբեր 20,2024 15:06

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ներկայացրել է սփյուռքում իրականացվող ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի «Հայաստանի կայուն զարգացում և Սփյուռքի ներուժի ներգրավում» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։

Նախարարը ներկայացրել է ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանք որակական փոփոխությունների հանգեցնող գործընթացներ են։ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, կարևորել է կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունները, որոնք նպատակ ունեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել որակյալ կրթության հասանելիություն, որը որպես գերակա նպատակ ամրագրված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացան պետական ծրագրով։ «Այժմ իրականացվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման լայնածավալ ծրագիրը․ մարզերում կառուցելով նոր ուսհաստատություններ՝ տեսնում ենք, որ դրանով տվյալ բնակավայրում կյանքի որակի դրական փոփոխություն է արձանագրվում»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև ակադեմիական քաղաք ծրագրին՝ նշելով, որ այն հանրային միջավայրն ու մթնոլորտը վերափոխող նախագիծ է, որն էապես փոխելու է բարձրագույն կրթության և գիտության զարգացման պատկերացումները։ Նախարարի ընդգծմամբ՝ այս նախագծի իրագործումը հեղափոխական նշանակություն է ունենալու ՀՀ-ի համար։ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի միասնական համակարգումը նաև հնարավորություն է տալիս այս ոլորտների խնդիրներին ընդհանրական մոտեցում ցուցաբերել՝ իրագործելով ոլորտները միավորող ծրագրեր»,- ասել է նա։

Համաժողովի ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության կողմից սփյուռքում իրականացվող կրթական և մշակութային ծրագրերը։ Նրա խոսքով՝ նախարարության անելիքներում սփյուռքի հետ ծրագրերը մեծ մաս են կազմում․ առանձին բաժին զբաղվում է կրթամշակութային ծրագրերով, որոնք իրականացվում են պարբերաբար, զուգահեռաբար գործարկվում նաև նորերը․ «Խնդիրները շատ են, և համակարգված աշխատանքի ու տվյալների մեծ կարիք կա․ առաջնային խնդիրներից է թվային շտեմարանի ստեղծումը, որը թույլ կտա ամբողջական և համապարփակ պատկերացում ունենալ և ավելի թիրախային արձագանքել խնդիրներին։ Մեծ ուշադրություն ենք դարձնում մարդկային կարողությունների զարգացմանը․ արդեն տևական ժամանակ ամեն տարի իրականացվում է սփյուռքի կրթօջախների ուսուցիչների և վարչական կազմի վերապատրաստում։ Ծրագիրն իրականացվել է նույնիսկ համավարակի պայմաններում, որը հնարավորություն տվեց գործընթացը տեղափոխել նաև թվային տիրույթ՝ ձևավորելով ուսուցիչների ցանցեր։ Արդեն իրականացվել է 1000-ից ավելի ուսուցիչների վերապատրաստում․ ամեն տարի դրանց ավելանում են նոր երկրներ և կրթօջախներ։ Վերապատրաստումն իրականացնում է Մանկավարժական համալսարանը, և այս գործընթացին վերաբերում ենք մեծ բծախնդրությամբ»,- ասել է նախարարը։

«Սփյուռքի կրթօջախներին դասագրքերի տրամադրման ամենամյա ծրագիրը ևս շարունակվել է համավարակի պայմաններում։ Այդ ընթացքում առաջ եկան որոշ մարտահրավերներ, որոնք իրենց հերթին թույլ տվեցին գտնել նոր ուղիներ և թվայնացման հարթակներ։ Ներկայում բոլոր կրթօջախներն ունեն ուսումնական նյութերի առցանց հասանելիություն։ Սրան զուգահեռ շարունակվում է թղթային դասագրքերի և նյութերի տրամադրումը։ Այս պահի դրությամբ տարբեր կրթօջախներից ստացել ենք դասագրքերի տրամադրման 100 հայտ, որից 72-ն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել է։ Ընդհանուր առմամբ՝ 33000 կտոր դասագիրք է տրամադրվել, որը կշարունակվի մինչև տարեվերջ։ Մեր թիրախն է՝ ամբողջությամբ ապահովել տարրական խմբերի երեխաների դասագրքերը՝ դրանք առաջնային տրամադրելով այն կրթօջախներին, որտեղ դրանց կարիքն ավելի մեծ է»,- նշել է նախարարը։

Հաջորդ կարևոր ծրագիրը երկու տարին մեկ գումարվող Համահայկական կրթական խորհրդաժողովն է, որն անցկացվել է նաև այս ամռանը՝ բավական ընդգրկուն մասնակցությամբ և լայն օրակարգով։ Նախարարի խոսքով՝ համաժողովն այն կարևոր հարթակներից է, որի միջոցով տեսանելի է դառնում, թե ինչպիսի նոր ծրագրերով պետք է աջակցել սփյուռքի կրթական հաստատություններին։

‍Առանձին ծրագիր է սփյուռքահայ ուսանողների մասնագիտական կրթության ապահովումը, որի շրջանակում ամեն տարի նպատակային տեղեր են հատկացվում․ այս տարի 70 տեղ է հատկացվել սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններով: ՀՀ բուհերում ավելի քան 4300 սփյուռքահայ ուսանողներ են սովորում, իսկ ՄԿՈՒ հաստատություններում կրթություն է ստանում 700 սփյուռքահայ երիտասարդ։

Խոսելով սփյուռքի գիտնականների ներուժի օգտագործման մասին՝ նախարարը շեշտել է, որ մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ կարևոր ծրագրեր են իրականացվում։ «ՀՀ կառավարությունը զգալիորեն ավելացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և 2018 թվականի համեմատ աճը կազմում է 280 տոկոս։ Այս քաղաքականությունը թույլ է տվել գործարկել նոր ծրագրեր, որոնցից մեկի շրջանակում սփյուռքահայ հեղինակավոր գիտնականները տեղացի գիտնականների հետ համատեղ հետազոտական խումբ են ձևավորում՝ միասին աշխատելով գիտական թեմայի ուղղությամբ։ Ուրախ եմ, որ արդեն Հայաստան վերադարձած և այստեղ աշխատող սփյուռքահայ գիտնականներ ունենք»,- ասել է նախարարը։

Հաջորդը հայագիտության ոլորտում իրականացվող ծրագրերն են, որոնցից մեկն ուղղված է միգրանտ ընտանիքների երեխաների հայոց լեզվի իմացության բարելավմանը։ Ամեն տարի շուրջ 100 երեխայի լեզվի իմացության բարելավման դասընթաց է անցկացվում՝ դրանով իսկ աջակցելով կրթական պրոցեսում նրանց ինտեգրմանը։ «Լեզվի կոմիտեի հետ նախաձեռնել ենք նոր ծրագիր, որի շրջանակում մշակվելու են հայերենի իմացության չափորոշիչներ, որոնք թույլ կտան ունենալ համաեվրոպական լեզուների մակարդակների համեմատ հայերենի չափորոշիչներ։ Թվային տիրույթում կգործի հայերենի իմացության մակարդակի ստուգման առցանց հարթակ, որն ուղղված է նաև մեր լեզվի թվային կենսունակության բարձրացմանը»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը։

Հայագիտության զարգացման նպատակով պետական բյուջեից ֆինանսավորվում են տարբեր երկրների համալսարաններում հայագիտական կենտրոնների գործարկումն ու պահպանումը։ Այս տարի Մատենադարանում անցկացված Հայագիտական միջազգային կոնգրեսին մասնակցել են ամենախոշոր հայագիտական կենտրոնների հայագետներ՝ ծավալելով արդյունավետ քննարկումներ։ Պետական բյուջեից արտերկրում գործող 15 հայագիտական կենտրոններ են ֆինանսավորվում․ երկրների աշխարհագրությունը բավականին մեծ է՝ Չեխիա, Ռումինիա, Իտալիա, Ավստրիա, Գերմանիա և այլն։ Նոյեմբերի վերջին նախատեսվում է կենտրոնների համաժողով, որի ընթացքում կքննարկվեն միասնական ցանցով աշխատելու հնարավորությունները՝ հիմք ընդունելով Հայագիտական ցանցային համալսարանի հայեցակարգը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30