Սեպտեմբերի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա անվանի երաժիշտներ՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եւ դաշնակահար Գեորգի Չաիձեի մենահամերգը։
«Անհամբերությամբ սպասում ենք Գեորգի Չաիձեի հետ կայանալիք համերգին: Նա փայլուն դաշնակահար է, որի հետ անընդհատ համագործակցում ենք՝ աշխարհով մեկ եւ առաջին անգամ վերջապես միասին ելույթ կունենք Հայաստանում: Ծրագիրը շատ հետաքրքիր է, ամեն ստեղծագործություն մեր սրտին մոտ է եւ շատ սիրված է՝ սկսած Շումանի «Ալեգրո եւ ադաջիո»-ից, մինչեւ Մենդելսոնի Թավջութակի համար 2 սոնատը, որը հանճարեղ ստեղծագործություն է, բայց հազվադեպ է կատարվում: Ես երկար ժամանակ երազում էի այդ սոնատը կատարել Հայաստանում: Մենք Գեորգիի հետ այն բազմիցս նվագել ենք տարբեր երկրներում»,- Sputnik Արմենիայի մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
Դառնալով համերգի երկրորդ բաժնին՝ թավջութակահարը նշեց. « Երկրորդ բաժինը մի քիչ անսպասելի ոճով կլինի՝ ավելի ֆոլկլորային: Քանի որ այս տարի Կոմիտասի հոբելյանն է, մենք պատրաստվում ենք կատարել Կոմիտասի մենանվագները: 10-ից ավելի երգ կկատարենք: Ուզում էինք, որ այն լինի բնօրինակից վերցրած, դրա համար Աճառյանի հավաքարան հավաքածուից ընտրեցինք 10-ից ավելի երգեր, այնպես, ինչպես գրել է Կոմիտասը… Ու քանի որ Գեորգին կիսով չափ վրացի է, կկատարենք նաեւ վրացի կոմպոզիտոր Սուլխան Ցինցաձեի 5 պիեսները՝ ժողովրդական ոճում: Անակնկալ հատվածներից մեկը կլինի այն, որ կկատարենք արգենտինական տանգո: Այս տարի ինձ բախտ վիճակվեց 2 ամիս լինել Արգենտինայում: Կարծում եմ՝ անհնար է գտնվել այդ երկրում եւ չվարակվել արգենտինական տանգոյի ոճով: Դեռեւս գտնվելով Արգենտինայում՝ ես շատ ցանկացա հայաստանյան համերգին կատարել արգենտինական տանգո: Իսկ երբ լսում ենք տանգո, իսկույն մտածում ենք Աստոր Պիացոլայի ստեղծագործությունների մասին, որոնք էլ կկատարենք»:
Կարդացեք նաև
Կալգարիում անցկացվող Էսթեր Հոնենսի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթող, նորվեգական Թրոմսյո քաղաքի 4-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, դաշնակահար Գեորգի Չաիձեն նշեց, որ իրեն կարելի է համարել դաշնակահարների ռուսական դպրոցի ներկայացուցիչ, կոնսերվատորիան Մոսկվայում է սովորել, որտեղ էլ ծանոթացել է Նարեկ Հախնազարյանի հետ: Հավելեց, որ միշտ երազել է Նարեկ Հախնազարյանի հետ համատեղ համերգով հանդես գալու մասին, առաջին համերգը կայացել է Մոսկվայում: Չաիձեն ասաց, որ այժմ ուրախ է Նարեկ Հախնազարյանի հայրենիքում՝ Հայաստանում համերգ ունենալու համար: Ինչ վերաբերվում է Թբիլիսիին, նշեց, որ այնտեղ դեռեւս համատեղ հանդես չեն եկել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ