Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաք առանց քաղաքացիների

Սեպտեմբեր 20,2024 13:38

Մեր մայրաքաղաքի՝ Երևանի խնդիրները չեն դադարում լինել օրակարգային։ Քաղաքային միջավայրի անհարմարավետությունը, օրեցօր աճող տրանսպորտը, ենթակառուցվածքների սակավությունն ավելի ու ավելի են դժվարացնում մայրաքաղաքում ապրելն ու աշխատելը, տեղից–տեղ փոխադրվելն ու ժամանակի կառավարելը։

Ո՞րն է Երևանի (ինչպես նաև հանրապետության գրեթե բոլոր քաղաքների) օրեցօր ահագնացող խնդիրների պատճառը։ Ինչու չի հաջողվում նույնիսկ մեծ ցանկության դեպքում լուծել դրանց գոնե մի մասը։ Ինչու շարունակական բարեփոխումները, բազում ուսումնասիրություններով հիմնավորված՝ տարբեր համակարգերի, կառուցվածքների ներդրումն ու կիրառումը չեն բերում շոշափելի արդյունքների․․․ Կյանքն ու աշխատանքը քաղաքում օրեցօր դառնում են ավելի տհաճ, վանող ու անհարմարավետ։

Սերոբ Անտինյան

Պատճառը մեր պետության և հասարակության գործընթացներում մեթոդաբանական առանցքային սխալն է, որը ակնառու է բոլոր ոլորտներում, բոլոր բնագավառներում՝ կրթությունից մինչև առողջապահություն, մշակույթից մինչև քաղաքաշինություն և քաղաքային կառավարում։ Եվ այդ սխալը ՁԵՎԻ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ աններդաշնակությունն է, երբ ուշադրության է արժանացել (և արժանանում) միայն ձևը՝ առանց բովանդակության ներածման։ Մենք տասնամյակներ շարունակ փոխում են ձևը (ռեֆորմ – ձևի փոփոխություն), բացարձակապես անտեսելով այդ «նոր» ձևը համապատասխան բովանդակությամբ լցնելու կարևոր գործընթացը։

Մենք փորձում ենք կառուցել քաղաք առանց քաղաքային բնակչության, առանց նկատի առնելու քաղաքաբնակ մարդու առանձնահատուկ տեսակը, նրա հոգեբանական և մշակութաբանական առանձնահատկությունները` թե ով է քաղաքաբնակը, ինչպիսին է նա (ինչպիսին պիտի լինի), ինչ վերաբերմունք և դիրքորոշում ունի կամ պետք է ունենա քաղաքային միջավայրի, հասարակական հարաբերությունների և համակեցության հարցերում։

Մենք փորձում ենք կառուցել քաղաք՝ առանց քաղաքացիների։ Ավելին, մենք փորձում ենք ունենալ քաղաք՝ գյուղի վարքաբանական մոդելներով․․․

Ասելիքս փորձեմ սկսել պարզ մի հարցադրումով։

Ո՞րն է քաղաքի և գյուղի տարբերությունը։ Քաղաքը մեծ է՝ կասեք, ունի շատ բնակչություն։ Քաղաքում կան բարձրահարկեր (անպայման՝ էլիտար), շատ հյուրանոցներ, ռեստորաններ, մշակույթի օջախներ, ժամանցի վայրեր, ավտոմեքենաներ, վերջապես։ Քաղաքում միշտ եռուզեռ է, աշխույժ կյանք, անընդհատ շարժում (perpetuum mobile), կյանքը օրվա բոլոր ժամերի եռում է․․․ և այլն։

Իրականում դրանք միայն քաղաքի երկրորդային կամ «օժանդակ» ատրիբուտներ են։ Իրականում քաղաքը գյուղից տարբերվում է ՄՇԱԿՈՒՅԹՈՎ, քաղաքային մշակույթով՝ հարաբերություններով, համակեցության ընդունված բարքերով, հանրային տարածքի (արժեքի, բարիքի) հանդեպ ունեցած (իրականում՝ այդ գաղափարին ու գիտակցությանը տասնամյակներով, սերնդե–սերունդ հասած) վերաբերմունքով

Քաղաքը գյուղից տարբերվում է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՈՎ (բառի ոչ քաղաքաիրավական կամ «ընտրական իրավունքի» իմաստով)։

Այո, քաղաքում քաղաքացիներ են, գյուղում՝ գյուղացիներ։ Բնավ «տեսակավորելու» նպատակ կամ իմաստ չեմ դնում այս տարաբաժանման մեջ։ Բայց մարդկանց այս երկու սոցիալական խմբերի մեջ իրապես կան վարքաբանական, արժեքային ու մշակութաբանական առանձնահատկություններ։ Եվ դրանցից կարևորագույնը ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ինստիտուտի հանդեպ վերաբերմունքն է։ Կասեք՝ տարօրինակ բա՞ն եմ ասում։ Հիմա կպարզեցնեմ։

 

Բանն այն է, որ ՔԱՂԱՔՆ առաջին հերթին ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ Է։ Երբ դու ընտրում ես քաղաքը, դու «համաձայնում ես» կիսել քո հանգիստը, քո ժամանցը, քո երթևեկությունը, քո բնակության միջավայրը այլ մարդկանց հետ։ Դու համաձայնում ես տեղաշարժվել ալյոց հետ հանրային տրանսպորտով, ոչ թե քո անձնական մեքենայով, դու համաձայնում ես դրսում հանգստանալ ընդհանուր բակում, ոչ թե քո սեփական ցանկապատած այգում, դու պատրաստ ես ունենալ այլոց հետ ընդհանուր շենք, միջանցք, աղբատար, ծառուղի, բակ, այգի, խաղահրապարակ, ավտոբուս․․․ Միևնույն ժամանակ ընդհանուր թատրոն, համերգասրահ, սրճարան, ռեստորան, օպերային թատրոն և այլն։ Դու ունենում ես նաև (և ամենակարևորը) ընդհանուր հաղորդակցման միջավայր, կոմունիկացիոն բազմազանություն, «հանրայինի» զգացողություն։

Եվ հանուն այս վերջինի, հանուն «ընդհանուր մի մեծ բանի»` քաղաքի մաս լինելու զգացողության և իրողության, մարդը (քաղաքացին) զիջում է սեփական անձնական իր տարածքից որոշ հատված, հրաժարվում սեփական տարածքից (ֆիզիկական և այլ) հանուն հանրային տարածքի։

Պարադոքսը, ավելի ճշգրիտ ասած՝ զարմանալին այս դեպքում այն է, որ իսկական քաղաքացին հրաժարվելով փոքր «սեփականից» ձեռք է բերում ավելի մեծ «սեփականը», քանի որ արդյունքում ամեն «հանրայինը» նույնպես դառնում է իրենը։ Այստեղից սերը դեպի քաղաքային տարբեր միջավայրերը՝ իր փողոցը, իր բակը, իր թատրոնը, իր քաղաքը և այլն։ Բայց այդ սերը չի բերում այդ նույն փողոցում իր բուդկան դնելու, այլ՝ փողոցը մաքուր, կոկիկ պահելու վարքաբանության։

Իսկ ինչպիսի՞ն է ԳՅՈՒՂԸ։ Այնտեղ հստակ սահմանազատված սեփականություններ են՝ առանձնատներ, հողամասեր, այգիներ՝ հիմնականում կոշտ պարսպապատած և, ինչպես մոդայիկ է հիմա ասել՝ սահմանազատված և սահմանագծված․․ ։)

Մարդիկ ունեն սեփական հողամասերը՝ իրենց ենթակառուցվածքներով, հանգստի գոտիներով, մանղալներով, պտղատու այգիներով, սեփական շենք–շինություններով, տեղից–տեղ են տեղափոխվում իրենց անձնական մեքենաներով, «պարտադրված» ամեն առավոտ չեն բարևում կամ շփվում հարևանների հետ, որպես կանոն ճաշում կամ ընթրում են իրենց տանը, այլ ոչ՝ սրճարանում կամ ռեստորանում, և հիմնականում զերծ են հանրային վայրեր այցելելուց։

Գյուղում կարևորվում է սեփականության միանձնյա տիրապետումը։ Այստեղ ընդհանուր, հանրային տարածքները նվազագույնի են հասցված։ Այստեղ մարդու համար առաջնայինը սեփական տարածքն է, որտեղ ինքը առանձնացած է, տիրապետողի դիրքում է, և որտեղ ինքը չի կիսում որևէ մեկի հետ իր անձնական տարածքը (էս սարն իմն է, էս ծառն իմն է)։ Սեփականության հանդեպ նման կոշտ, սեփականատիրական մոտեցումն ու վարքաբանությունը գյուղական միջավայրի առանձնահատկությունն է։ Սա ոչ լավ է, ոչ՝ վատ։ Սա մշակութաբանություն և վարքաբանություն է, որը ձևավորվել է մարդկության քաղաքակրթական ընթացքում և բնորոշ է բոլոր ժողովուրդներին ու հասարակություններին։

Խնդիրներն առաջանում են, երբ քաղաքային միջավայրը բնակեցվում է գյուղացիներով: Դարձյալ բառի վարքաբանական ու մշակութաբանական իմաստով: Երբ մարդը քաղաքում շարունակում է դրսևորել գյուղացուն բնորոշ՝ սեփականության կոշտ տիրապետման իր վարքաբանությունը: Այդ ժամանակ սկսվում է հանրային տարածքների զավթումը, ընդհանուր օգտագործման տարածքների, շինությունների, ենթակառուցվածքների սեփականաշնորհումը, բակերի, այգիների, մուտքերի, ընդհանուր միջանցքների զավթումն ու կառուցապատումը: Դե, իսկ ով բնակվում է բարձրահարկ բազմաբնակարան շենքի առաջին հարկում, նա «խոշոր շահել է», հատկապես, եթե բնակարանը շենքի հետնամասում է։ Նա հանգիստ կարող է իր համար շենքի հետնամասից առանձին մուտք բացել, այնտեղ կառուցել իր սեփական, առանձին մուտքը բնակարան, նաև պատշգամբը, աստիճանավանդակը և այլն։ Դիմացի բակը ազա՞տ է։ Հրաշալի։ Այնտեղ պիտի կառուցապատել։ Կրպակ, ավտոտնակ կամ գոնե խաղողի վազ դնել, թարմա սարքել, այնուհետև ցանկապատել, հետո կարելի է նաև պարիսպ դնել։ Եթե կարող ես միանգամից կրպակ դնել, ավելի լավ։ Դա հետո կդառնա քարե ինքնակամ շինություն, հետո վրան մեկ հարկ կբարձրանա, իսկ հետո էլ՝ սեփական տուն․․․․ Ի՞նչ վատ է, սեփական տուն՝ քաղաքի կենտրոնում։ Ոչինչ, որ բազմաբնակարան շենքի անմիջապես կողքն է․․․․ Իսկական Օրուէլ․․․

Եվ երբ պետական կամ համայնքային իշխանությունները պատշաճորեն չեն կատարում հանրային տարածքների պահպանման իրենց օրենսդրական պարտականությունները, ունենում ենք ներկա պատկերը Հայաստանի՝ առանց բացառության բոլոր քաղաքների համար:

Վերոգրյալը ճշգրտորեն վերաբերում է և իր մեջ ներառում է բնակիչների վարքաբանությունը բոլոր այլ գործընթացներում և հարաբերություններում՝ փողոցում աղբ նետելուց մինչև երթևեկություն։ Տրանսպորտի և երթևեկության ներկա կաթվածահար իրավիճակը ուղղակի հետևանք է տասնամյակներ շարունակ հանրային տրանսպորտային ցանցի բարեփոխման և կայացման փոխարեն դրա հանդեպ իրավասուների՝ սեփականատիրական և բիզնես վերաբերմունքի։ Երբ մասնավոր անձնական շահը գերակա է հանրային կարիքի հանդեպ բոլորի մոտ՝ շարքային քաղաքացուց մինչև որոշում կայացնող։ Մյուս կողմից բնակչության կողմից տարիներ շարունակ սեփական ավտոմեքենաներով երթևեկության կազմակերպումը ոչ միայն և ոչ այնքան հանրային պատշաճ տրանսպորտի բացակայությունն է, որքան սեփական ավտոմեքենայում, «իր տարածքում» ավելի ազատ և կոմֆորտ լինելու զգացողության կարևորումը մարդկանց կողմից։ Այսօր նույնիսկ նույն ընտանիքի անդամները առավոտյան աշխատանքի են դուրս գալիս յուրաքանչյուրն իր մեքենայով՝ անտեսելով առանց այն էլ երթևեկության գերծանրաբեռնված վիճակի վրա էլ ավելի բացասաբար ազդելու հանգամանքը։

Ցավոք պիտի արձանագրենք, որ երթևեկության կանոնակարգման՝ սահմանափակող և պատժիչ գործիքակազմերը, որոնք ներկայումս փորձ է արվում ներդնել էապես չեն փոխելու իրավիճակը։ Քանզի խնդիրը խորքային է, պայմանավորված արժեբանական և մշակութաբանական իրողություններով։

Ամփոփելով ասեմ՝ ՔԱՂԱՔԸ չի կարող կայանալ առանց քաղաքային մշակույթի, առանց համակեցության ու բազմատեսակության մեջ ապրելու՝ մարդկանց պատրաստակամության։ Քաղաքը չի կարող կայանալ առանց ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, առանց մարդկանց հանրույթի, որը հարգանք, պատշաճ վերաբերմունք ու հոգածություն ունի հանրային տարածքի, հանրային արժեքի ու բարիքի հանդեպ, որը գիտակցում է այլոց հետ սեփական տարածքը կիսելու կարևորությունն ու արժեքը՝ հանուն ավելի մեծ «սեփականն» ունենալու իրողության ու մտայնության, հանուն ՔԱՂԱՔԱՑԻ ու ՔԱՂԱՔԱԲՆԱԿ լինելու բարձր զգացողության։

 

Քաղաքն առանց ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ինչպես հարսանիքն առանց հարսի։ Եվ բառակազմական այս համապատասխանությունը, այս անալոգիան ճշգրտորեն արտահայտում է բովանդակային ու խորքային այն իմաստը, որ դրված է քաղաքային մշակույթի ու վարքաբանության հիմքում։

 

Սերոբ Անտինյան

Հանրային կառավարման մասնագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30