Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունքի խախտման զոհի գործով» Արտակ Զեյնալյանի դիմումի քննությունը ՍԴ-ն կրկին հետաձգեց

Սեպտեմբեր 20,2024 13:00

Արտակ Զեյնալյանի դիմումի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը չի նախատեսում զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը սոցիալական հարթակում օգտահաշիվը չի դիտարկում, որպես լրատվության միջոց:

Արդեն չենք հիշում, թե Սահմանադրական դատարանը որերորդ անգամ է կայացնում նույնաբովանդակ որոշում. «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը հետաձգել եւ գործի դատաքննությունը նշանակել 2024 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին»:

Այս որոշումը կայացրել է ՍԴ-ն սեպտեմբերի 17-ին, այդ օրը նշանակվել էր գործի քննությունը:

Արտակ Զեյնալյանը ներկայացրել է թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը: Ըստ նրա, վիճարկվող դրույթները թույլ չեն տվել, որ ՀՀ դատարանները պարտավորեցնեն սոցիալական ցանցի օգտատիրոջը հեռացնել որպես զրպարտություն գնահատված իրավունքի խախտման զոհին արատավորող տեղեկությունը, հրապարակումը եւ այդ նույն օգտահաշվում հերքում հրապարակելու պարտավորություն սահմանեն զրպարտողի՝ իրավախախտի համար:

ՍԴ դիմած նախկին նախարարը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը, չնախատեսելով զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, ինչպես նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը, սոցիալական հարթակում օգտահաշիվը չդիտարկելով որպես լրատվության միջոց, չի ապահովում պետության՝ անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ապահովելու եւ պաշտպանելու պարտականությունը:

Հիշեցնեմ, որ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դիմումը Սահմանադրական դատարանում է 2024 թվականի ապրիլի 11-ին: ՍԴԴԿՈ-18 աշխատակարգային որոշմամբ այն ընդունել է վարույթ, պատասխանողը Ազգային ժողովն է: Դիմումի քննությունը նշանակվել էր 2024թ. հունիսի 11-ին, գրավոր ընթացակարգով:

Գործով զեկուցողն է ՍԴ նախագահ Ա. Դիլանյանը:

Դիմումատուն խնդրել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 23 եւ 31, 61 եւ 63, 28 եւ 29, 75-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթն՝ այնքանով, որքանով զրպարտության դեպքում, եթե զրպարտությունը տեղ է գտել սոցիալական ցանցի օգտահաշվում, անձին հնարավորություն չի տալիս սոցիալական ցանցի օգտատիրոջը պահանջ ներկայացնել՝ օգտահաշվից հեռացնել զրպարտող տեղեկությունը եւ (կամ) հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 23 եւ 31, 61 եւ 63, 28 եւ 29, 75-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի դրույթն՝ այնքանով, որքանով սոցիալական ցանցի օգտատիրոջը չի դիտարկում որպես լրատվական գործունեություն իրականացնող, իսկ սոցիալական ցանցի օգտահաշիվը չի դիտարկում որպես լրատվություն իրականացնելու միջոց»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30