Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեկնարկեց Հայ ժամանակակից երաժշտության VIII փառատոնի աշնանային համերգաշարը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, մանկավարժ Գեղունի Չթչյանի ծննդյան 95-ամյակին։
Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Մենք զրույցի հրավիրեցինք երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանին, որը վարում էր անվանի կոմպոզիտորի հոբելյանական երեկոն։
– Երեկոն սկսվեց կոմպոզիտորի երգերով, ինչո՞վ էր դա պայմանավորված։
Կարդացեք նաև
– Գեղունի Հովհաննեսովնային ասում էին «ռոմանսի վարպետ» եւ դա պատահական չէ։ Նա սկսել է ստեղծագործել վաղ հասակից եւ արդեն 10 տարեկանում հրապարակված երգի հեղինակ էր։ Ընդհանուր առմամբ վոկալ ժանրերը՝ երգը, ռոմանսը եւ խմբերգերը նրա արվեստի ծանրակշիռ բաժինն են։ Այս ժանրերից յուրաքանչյուրը ներկայացված է մեծ բազմազանությամբ՝ գողտրիկ մանկական երգերից մինչեւ բարդ հոգեբանական ռոմանսներ եւ վոկալ շարքեր, a capella մանրակերտ խմբերգերից մինչեւ մեծակտավ ստեղծագործություններ երգչախմբի եւ նվագախմբի համար, ինչպես օրինակ՝ «Իմ Հայաստան» կանտատը կամ էլ «Անհայտ զինվորին» պոեմ-ռեքվիեմը։
Վոկալ ժանրը դարձավ Չթչյանի այցեքարտը եւ, կարծում եմ, բնական էր, որ հոբելյանական համերգը սկսվեց հենց երգերով՝ «Երգ Հիշատակի» (խոսք՝ Յու. Սահակյանի) եւ «Գարունդ հայերեն է գալու» (խոսք՝ Հ.Սահյանի), ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի հրաշալի կատարմամբ։
– Կոմպոզիտորի ստեղծագործությունը բազմաժանր է՝ արդեն նշված երգարվեստից, կամերային գործերից մինչեւ սիմֆոնիկ կտավներ։ Ինչո՞ւ նրա մեծակտավ ստեղծագործությունները հայտնի չեն հասարակությանը։
– Ես կավելացնեի ժամանակակից հանրությանը։ Կոմպոզիտորը իր կենսագործունեության ամբողջ ընթացքում եղել է բոլոր երաժշտահասարակական իրադարձությունների կենտրոնում, ինչը բնական է, քանի որ Չթչյանի անվան հետ է կապված հայ երաժշտության ինքնատիպ էջերից մեկը։
Չթչյանի ստեղծագործութունները դեռեւս ուսանող տարիներից գրավել են խոշոր արվեստագետների ուշադրությունը։ Նա ճանաչել եւ ստեղծագործական շփումներ է ունեցել Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի, Վիլյամ Սարոյանի, Պարույր Սեւակի, Սիլվա Կապուտիկյանի, Լորիս Ճգնավորյանի եւ շատ ու շատ արվեստի ականավոր, հանրաճանաչ ներկայացուցիչների հետ։
Արամ Խաչատրյանը գրել է. «Գեղունի Չթչյանի արվեստով հարստացավ խորհրդային երաժշտությունը։ Վստահորեն կարող եմ ասել, որ մեր առջեւ մի կոմպոզիտոր է, որի ստեղծագործություններն արժանի են լայն տարածման»։ Եվ Վարպետի մարգարեությունը կատարվեց:
Գեղունի Հովհաննեսովնայի հեղինակային համերգները կազմակերպվել են Հայաստանում, կամերային եւ սիմֆոնիկ գործերը հնչել են եւ մինչ օրս շարունակում է հնչել Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում եւ այլուր։
Հետաքրքիր մի դրվագ կա՝ կապված կոմպոզիտորի համերգային գործունեության հետ։ Նախորդ դարի 80-ականներին կազմակերպվել է համերգ, որտեղ կատարվելու էին Չթչյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ կանտատ, 2 կոնցերտներ, սիմֆոնիա։ Համերգին մասնակցում էր 4 դիրիժոր։ Այդ գործերից յուրաքանչյուր ղեկավարելու էր մեկ դիրիժոր՝ Լորիս Ճգնավորյան, Յուրի Պողոսյան, Գեւորգ Մուրադյան, Ռուբեն Ասատրյան։ Արտառոց եւ հետաքրքիր մտահղացում։ Ողջույնի խոսքի ժամանակ Ճգնավորյանն ասաց. «Սա տղամարդ դիրիժորների հարգանքի տուրք է հրաշալի կին կոմպոզիտորին»։
– Բացի երաժշտարվեստից, ի՞նչ ոլորտներում է կոմպոզիտորը դրսեւորվել։
– Չթչյանի կենսագործունեությունը բազմաժանր է՝ կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Նրա հասարակական բեղուն գործունեությունը պայմանավորված է մարդկային եւ քաղաքացիական բարձր հատկանիշներով։ Կոմպոզիտորը եղել է տագնապալի դարաշրջանի իրադարձությունների կենտրոնում՝ Երեւանի քաղխորհրդի չորս գումարումների պատգամավոր, ՀՀ կանանց խորհրդի նախագահության անդամ, գիտական եւ գեղարվեստական բազմաթիվ խորհուրդների եւ կոլեգիաների անդամ։
Բարձր գնահատանքի է արժանացել Չթչյանի նվիրյալ աշխատանքը նաեւ երաժշտահասարակական ոլորտում՝ ԽՍՀՄ եւ ՀՀ կոմպոզիտորների միությունում։
– Դուք նշեցիք, որ Գեղունի Հովհաննեսովնան արժանացել է բարձր գնահատականի։ Մի փոքր մանրամասնեք, խնդրեմ։
– Նա շուրջ չորս տասնյակ մրցանակաբաշխությունների դափնեկիր է։ Սակայն կոմպոզիտորի համար կան առավել գնահատելի հաղթանակներ, ինչպիսիք են՝ Պ. Չայկովսկու անվան միջազգային մրցույթը, Խորհրդային միության կոմպոզիտորների մրցանակաբաշխությունը, Բեյրութի միջազգային մրցույթը եւ այլն։
Չթչյանի գնահատանքը արտահայտված է եղել պատվոնշաններով, շնորհակալագրերով եւ կոչումներով՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ եւ այլն։ Եվ այս հոբելյանական օրերին նույնպես ԿԳՄՍ նախարարության կողմից Գ. Չթչյանին շնորհվեց նախարարության Ոսկե մեդալ։
Կոմպոզիտորը իր տարատեսակ գործունեության յուրաքանչյուր ոլորտում մնոմ է հայ երաժշտությանն անսահմանորեն նվիրված արվեստագետ։
– Նրա գործունեության կարեւոր ոլորտներից է նաեւ մանկավարժությունը, երկար տարիներ աշխատել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ուղիղ ասած՝ ի՞նչ է տվել նրան կոնսերվատորիան։
– Չթչյանը սովորել է կոնսերվատորիայում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանի դասարանում։ Եվ 1971-ից մինչեւ 2021-ը դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնում։ Այս տարիների ընթացքում մեծ ներդրում է ունեցել արվեստագետ սերունդների դաստիարակության մեջ։
Կարող ենք ասել, որ Գեղունի Հովհաննեսովնան է ավելի շատ տվել եւ կոնսերվատորիային, եւ ընդհանուր առմամբ հայ երաժշտարվեստին։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Գլխավոր լուսանկարում՝ Նարինե Ավետիսյանը՝ կոմպոզիտորի հետ
«Առավոտ» օրաթերթ
19.09.2024