Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը Շոյգուին գործուղեց Իրան եւ սպասում է Փեզեշքիանին

Սեպտեմբեր 20,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ

Իսկ պաշտոնական Թեհրանը հանդես է գալիս Արեւմուտքի հետ տարաձայնությունները լուծելու նպատակով կառուցողական բանակցություններ վարելու պատրաստակամությամբ

Մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը եւ ակնկալում է Իրանի հետ ստորագրել նոր խոշոր միջպետական պայմանագիր եւ հարաբերությունները ռազմավարական գործընկերության նոր մակարդակի հասցնել, օրերս պաշտոնական Թեհրանը Մոսկվայի համար անակնկալ հայտարարություն արեց…

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարեց Արեւմուտքի հետ տարաձայնությունները լուծելու համար կառուցողական բանակցություններ վարելու Թեհրանի պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, ոչ թե ճնշումների եւ սպառնալիքների վրա։ Արաքչին դատապարտել է Արեւմուտքի նոր պատժամիջոցները՝ այն պատրվակով, որ Թեհրանը զենք է մատակարարում Ռուսաստանին։ Արեւմտյան կառավարություններին հիշեցնելով պատժամիջոցների անիմաստությունը՝ արտգործնախարարն ասել է, որ նրանք չեն կարող պատժամիջոցների միջոցով իրենց կամքը պարտադրել Իրանին:

Իրանը միշտ հանդես է եկել երկխոսության օգտին եւ երբեք չի հրաժարվել կառուցողական բանակցություններից՝ փոխըմբռնման հասնելու եւ տարաձայնությունները լուծելու համար, ասել է Արաքչին՝ նշելով, որ Իրանը պատրաստ է բանակցությունների՝ հիմնված փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների եւ ճնշման վրա: Միեւնույն ժամանակ, նա քննադատել է պատժամիջոցները որպես անհաջող գործիք առճակատման եւ ճնշում գործադրելու համար, քան համագործակցության։ «Իսկապես զարմանալի է, որ արեւմտյան կառավարությունները դեռեւս դիմում են պատժամիջոցների վատ փորձին», -հավելել է արտգործնախարարը՝ խորհուրդ տալով նրանց փոխել կուրսը։

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ռուս-իրանական հարաբերություններում մի կողմից: Մյուս կողմից` Իրան-Արեւմուտք փոխհարաբերություններում նոր լարվածություն է թափ առնում: Արեւմուտքն Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով, Թեհրանը հերքում է Մոսկվային բալիստիկ հրթիռների մատակարարումը:

Բրյուսելն արժանահավատ էր համարել Թեհրանի կողմից Մոսկվային փոքր հեռահարության հրթիռների մատակարարման մասին պնդումները՝ սպառնալով նոր պատժամիջոցներով։ Վերջերս The Wall Street Journal-ը հայտնեց, որ Իրանն արդեն Ռուսաստանին է փոխանցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ՝ այդպիսով հաստատելով Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ սպառազինության հնարավոր նոր գործարքի վերաբերյալ տեւական ժամանակ շրջանառվող խոսակցությունները: «Մենք ծանոթ ենք Ռուսաստան իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման վերաբերյալ դաշնակիցների տրամադրած արժանահավատ տեղեկատվությանը», – նշել էր ԵՄ դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն: «Մենք անդամ պետությունների հետ միասին մանրամասն ուսումնասիրում ենք այդ ամենը, եւ հաստատվելու դեպքում այս առաքումը կներկայացնի զգալի նյութական սրացում Իրանի կողմից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմին աջակցելու հարցում», – ընդգծել է նա: Ստանոն պնդել է՝ Եվրամիությունն արագ եւ համակարգված կարձագանքի այդ զարգացումներին, այդ թվում՝ Իրանի դեմ սահմանափակումների տեսքով: Սպիտակ տունը եւս հայտարարել էր՝ «իրանական բալիստիկ հրթիռների մատակարարումները Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին Իրանի աջակցության դրամատիկ սրացում է»: ԱՄՆ վարչակազմն էլ արդեն մի քանի ամիս զգուշացնում էր Իրանին Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու հետեւանքների մասին։

Reuters-ն ավելի վաղ հղում անելով հետախուզական ծառայություններում սեփական աղբյուրներին՝ հաղորդել էր, որ Իրանը պատրաստվում է հարյուրավոր Fath 360 մարտավարական բնույթի հրթիռներ փոխանցել Մոսկվային։ Այդ հրթիռների հեռահարությունը 30-ից 75 կիլոմետր է։ Այս տեղեկություններին նախորդել էր ՌԴ պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի այցը Թեհրան։

Հետաքրքրական էր Մոսկվայի կեցվածքը: Կրեմլի խոսնակը լրագրողների հետ զրույցում չէր հերքել ռուսական զինանոցը իրանական բալիստիկ հրթիռներով համալրելու մասին արեւմտյան մամուլի պնդումները: Դմիտրի Պեսկովը հայտարարել էր՝ Թեհրանն ու Մոսկվան դաշնակիցներ են եւ շարունակում են զարգացնել երկկողմ համագործակցությունը. «Ամեն անգամ չէ, որ նման տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Իրանը մեր կարեւոր գործընկերն է, մենք զարգացնում ենք առեւտրատնտեսական հարաբերությունները, մենք զարգացնում ենք համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում»։

Փաստացի ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ռուսական կողմը «տեսել է այդ տեղեկությունները», եւ ըստ էության Կրեմլը չհերքեց Իրանից փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ ստանալու մասին արեւմտյան լրատվամիջոցների պնդումները:

Մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում էր ռուսներին մահաբեր սպառազինություն վաճառելու մասին մեղադրանքները։ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հերքեց Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին լուրերը` նշելով, որ Իրանը Ռուսաստանին ոչ մի բալիստիկ հրթիռ չի մատակարարել, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան ապավինում են ոչ հավաստի տեղեկատվությանը. «Հերթական անգամ ԱՄՆ-ն եւ Եվրոպան գործեցին՝ ապավինելով ոչ հավաստի տեղեկատվությանը եւ սխալ տրամաբանությանը։ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի մատակարարել։ Վերջակետ», գրել էր նա X-ի իր միկրոբլոգում։

Արաղչիի կարծիքով՝ հակաիրանական պատժամիջոցների սահմանման բոլոր աջակիցները պետք է հարց տան. «Ինչպե՞ս է Իրանը կարողանում արտադրել եւ, նրանց պնդմամբ, վաճառել նման առաջադեմ սպառազինություն։ Պատժամիջոցները խնդրի լուծում չեն, այլ ընդամենը դրա մի մասն են»:

«Մենք կտրականապես մերժում ենք պատերազմի կողմերից մեկին զենք արտահանելու հարցում Իրանի դերի մասին պնդումները», – իր հերթին անցյալ շաբաթ նաեւ հայտարարել էր Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Սակայն Արեւմուտքն արդեն անցավ պատասխան գործողությունների ընդդեմ Իրանի: Անցյալ շաբաթ արդեն ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին եւ պատժամիջոցների ցանկում ներառեցին Ռուսաստանի հետ կապված մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Այդ ցանկում հայտնվեցին Iran Air, Azadegan Transportation Company, Amad Behineh Saz Engineering Company եւ Sanjesh Gostar Dana Engineering and Quality Control Inspection Company ընկերությունները։ Ամերիկյան վարչակազմի փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցները սահմանվում են, մասնավորապես, Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների մատակարարման կապակցությամբ:

Արեւմուտքի ձեռնարկած քայլերի ֆոնին պաշտոնական Թեհրանը կրկին հերքեց Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերը: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մասնավորապես նշեց. «Մեկ անգամ եւս հստակ հիշեցնում եմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը: Ցանկացած պնդում, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է վաճառում, սուտ է»: Քանանին ԵՄ-ին խորհուրդ էր տվել խուսափել կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։

«Իրանական զենքի՝ որոշակի երկրներ առաքումների մասին կեղծ եւ ապակողմնորոշիչ լուրերի տարածումը պարզապես քարոզչություն է եւ սուտ՝ ԱՄՆ-ի եւ որոշ այլ արեւմտյան երկրների կողմից Իսրայելին ապօրինի ռազմական աջակցությունը թաքցնելու նպատակով»,- նշում էր Քանանին X-ում հրապարակված հայտարարության մեջ:

Ի վերջո, նույն թեմայով խոսեց նաեւ Իրանի նախագահը: Մասուդ Փեզեշքիանը վստահեցեց, որ իր՝ հուլիսի վերջին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թեհրանը զենք չի փոխանցել Ռուսաստանին: «Հնարավոր է, որ որոշ զենքերի մատակարարում տեղի ունեցել է անցյալում, բայց կարող եմ վստահեցնել, որ իմ՝ լիազորություններս ստանձնելուց ի վեր Ռուսաստանին նման մատակարարում չի եղել»,- ասաց օրերս Փեզեշքյանը՝ Իրանի նախագահի պաշտոնում առաջին ասուլիսի ժամանակ:

Իրանի նախագահը նաեւ ակներեւաբար դուռ է բացել միջուկային խնդիրների շուրջ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունների համար, միայն թե պայմանով, որ Վաշինգտոնը ցույց տա իր «ոչ թշնամական» տրամադրվածությունը իսլամական հանրապետության նկատմամբ, հաղորդեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայությունը:

Այսպես, պաշտոնական Թեհրանը հանդես եկավ Արեւմուտքի հետ տարաձայնությունները լուծելու նպատակով կառուցողական բանակցություններ վարելու պատրաստակամությամբ` Մոսկվայի թեժացրած` «Զանգեզուրի միջանցքի» սադրանքի ֆոնին: Ի դեպ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին օրերս հայտարարել է, որ Ռուսաստանն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդումներ է անում», ինչը բացարձակապես «ընդունելի չէ» Իրանի ժողովրդի եւ խորհրդարանի համար: Նա Իրանի արտաքին գործերի նախարարությանը կոչ է արել «խիստ նախազգուշացում» անել ռուսական կողմին։ «Երկրի դիվանագիտական համակարգը ռուսներին պետք է լուրջ նախազգուշացում տա: Մեզ մի կողմից մեղադրում են ուկրաինական պատերազմում ռուսներին աջակցելու համար, մյուս կողմից՝ ռուսները մեկնաբանություն են անում երեք կղզիների վերաբերյալ եւ չգիտես ինչու, իրանական կղզիները համարում են Արաբական Միացյալ Էմիրություններինը, իսկ մյուս կողմից՝ միջամտում են Ադրբեջանի եւ Հայաստանի հարցերին, ինչը ոչ մի կերպ ընդունելի չէ», – ասել է քաղաքական գործիչը։

Այն, որ Իրանում Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունը գագաթնակետին է, եւ վերջին 10 օրերին ականատեսը դարձանք մի աննախադեպ աստիճանի դժգոհության ալիքի` Մոսկվայի նկատմամբ, դա փաստ է:

Այս իրավիճակում, հատկանշական էր, որ սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով մեկնեց Իրան, որտեղ նախ հանդիպեց Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Բանակցությունների ընթացքում, ինչպես հաղորդում էին իրանական լրատվամիջոցները, Շոյգուն հայտարարել է, որ «Ադրբեջանի հետ միջանցքների եւ հաղորդակցությունների» հարցում Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը:

Ըստ իրանական լրատվամիջոցների` Շոյգուն Թեհրանում հանդիպել է նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ եւ նրան փոխանցել Պուտինի ուղերձը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Շոյգուն Փեզեշքիանին է փոխանցել նաեւ «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություն»:

Նկատենք, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Շոյգուի երկրորդ այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն, նախորդ անգամ նա Իրան էր այցելել օգոստոսի սկզբին:

Ակնհայտորեն, Թեհրան-Մոսկվա շփումների օրակարգում մեր տարածաշրջանի վերաբերյալ ճշգրտման կարոտ հարցեր կան: Թեհրանը որդեգրեց խիստ պահանջատիրոջ կեցվածք, իսկ դա նշանակում է՝ առաջիկայում ծրագրված Պուտին-Փեզեշքիան հանդիպման օրակարգում հարցերից գոնե մեկի վերաբերյալ Մոսկվային բարդ քննարկումներ են սպասում:

Իսկ Արեւմուտք-Իրան նոր թափ առնող լարվածությունն էլ Մոսկվայի համար, վստահաբար, դուրեկան մթնոլորտ է: Տարածաշրջանային հարցերի շուրջ շահերի բախումն ու դիրքորոշումների տարբերությունները բավական ուշագրավ մթնոլորտ են ձեւավորել: Հայաստանի շուրջ, ակնհայտորեն, իրադարձությունների բախտորոշ փուլ է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30