Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաղաղության պայմանագիր չկնքվելու պատճառներից մեկն այն է, որ Ալիեւը խոսք է տվել Պուտինին՝ Արեւմուտքի հովանու ներքո չի ստորագրելու խաղաղության պայմանագիր»

Սեպտեմբեր 20,2024 14:00

Ըստ Արմեն Վարդանյանի՝ ՀՀ-ում սպասում են ուկրաինական պատերազմի ավարտին. «Եթե ՌԴ-ի դիրքերն այն աստիճան թուլանան, որ այլեւս ի վիճակի չլինի մեծ վնասներ հասցնել, ես վստահ եմ, որ ինչ-որ մի փուլում ՀՀ-ն դուրս է գալու այդ կառույցից»։

«Ճիշտ է՝ ՀՀ-ն ֆորմալ առումով դեռեւս դուրս չի եկել ՀԱՊԿ-ից կամ այդպիսի ցանկություն չի հայտնել, բայց իրենք հասկանում են, որ դա ժամանակի հարց է, եւ վաղ թե ուշ իրենց ստեղծած այդ կազմակերպությունները կարող են փլուզվել, դրա համար ամեն կերպ փորձում են ՀՀ-ին պահել իրենց կազմում»,- «Առավոտի» դիտարկմանը՝ մի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր եւ պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ, մինչդեռ մյուս կողմից երեկ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության ու հետագա գոյության համար եւ հարցին՝ այստեղ հակասություն չկա՞, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ ՌԴ-ն ծանր է տանում, որ կարող է ՀԱՊԿ-ը, ԵՏԱՄ-ն փլուզվեն, որովհետեւ այդ կազմակերպությունները ստեղծվել են ի հակակշիռ արեւմուտքի. «ՌԴ-ն փորձում է ի հակակշիռ արեւմուտքի առաջնորդել կազմակերպություններ, բայց իր աչքի առաջ տեսնում է, որ դրանք փլուզման եզրին են։ Ես կարծում եմ, որ դա նաեւ իրենց հեղինակության հարցն է»։

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ եթե ՀՀ-ն դուրս գա այդ կազմակերպություններից, դա շղթայական ռեակցիայի նման կարող է տարածվել նաեւ այլ երկրների վրա. «Դրա համար ամեն կերպ փորձում են ՀՀ-ին պահել իրենց կազմում»։

Հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ-ի հանդեպ վարվող քաղաքականության հետ կապված հակասություններ չեք նկատո՞ւմ՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում, ավելի վաղ շատ փորձագետներ նկատում էին, որ նա ավելի ջերմ վարքագիծ է դրսեւորում ՌԴ-ի հանդեպ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ֆորմալ առումով, այո, առաջին հայացքից, ակնհայտ է, որ կան լուրջ հակասություններ, բայց  իրականում ՀՀ-ում իշխանության ամենաբարձր մակարդակով ռազմավարական որոշում է կայացվել, որ պետք է կամաց-կամաց թուլացնել ՌԴ-ից ունեցած կախվածությունը, հեռանալ ՌԴ-ի գլխավորած ՀԱՊԿ կոչված կառույցից։ Առավել քան վստահ եմ, որ ինչ-որ պահի ՀՀ-ն դուրս է գալու այդ կառույցից։ Պարզապես Փաշինյանն այս փուլում այնպես է անում, որ այդ ռիսկերը մեղմվեն՝ ռիսկերի, վնասների կառավարում է անում (damage control): Այսինքն՝ շատ լավ է հասկանում ՝ եթե հենց հիմա դուրս գա ՀԱՊԿ-ից, դա բերելու է ՌԴ-ի կողմից կտրուկ քայլերի, որովհետեւ ՌԴ-ի հեղինակության հարցն է նաեւ սեղանին դրված՝ չնայած ՌԴ-ն այլ բազմաթիվ միջոցներով արդեն այդ կառույցի հեղինակությունը ուղղակի զրոյի է հավասարեցրել»։

Ըստ Արմեն Վարդանյանի՝ Փաշինյանի հայտարարությունները առաջին հայացքից կարող են թվալ հակասական. «Բայց վստահ եմ, որ պարզապես ռիսկերի կառավարում է անում, դա նաեւ շատ լավ հասկանում են ռուսական որոշ փորձագետներ։ Կրեմլում էլ են շատ լավ հասկանում, բայց առայժմ սպասողական վիճակ է։ Ոչ ՌԴ-ն Հայաստանի դեմ, ոչ էլ ՀՀ-ն ՌԴ-ի դեմ չեն ուզում կտրուկ քայլերի գնալ։ Երկու կողմերն էլ սպասում են ուկրաինական պատերազմին։ Կրեմլում սպասում են հաղթեն Ուկրաինայում, ուժեղացնեն իրենց դիրքերը, նաեւ հախից գան ՀՀ-ի նման հանդուգն երկրի, որն այդպիսի հայտարարություններ է անում, այսինքն՝ ավելի մեծացնեն ճնշումը ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ-ում էլ սպասում են ուկրաինական պատերազմի ավարտին։ Եթե ՌԴ-ի դիրքերն այն աստիճան թուլանան, որ այլեւս ի վիճակի չլինի մեծ վնասներ հասցնել, ես վստահ եմ, որ ինչ-որ մի փուլում ՀՀ-ն դուրս է գալու այդ կառույցից»։

Մեր փաստմանը՝ Արցախի կորստից մեկ տարի է անցել, եւ ինչքան էլ ՀՀ իշխանությունները հայտարարեն, որ պատրաստ են խաղաղության, պատրաստ են օր առաջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանը շարունակում է պահանջներ դնել, կրկին հնչել են պահանջներ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին եւ հարցին՝ հետեւաբար ի՞նչ հեռանկար եք տեսնում այս գործընթացում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ես երեք տարի է ասում եմ, որ չի ստորագրվի խաղաղության համաձայնագիր։ Հիմա էլ եմ պնդում»։ Մեր հարցին՝ ո՞րն է այլընտրանքը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այլընտրանքը մեզնից չէ կախված։ Տեսնում եք, որ հիմա Բաքուն է ամեն կերպ տորպեդահարում գործընթացը, հիմա էլ նոր պայման է դրել՝ ՀՀ Սահմանադրությունը փոխել։ Համենայն դեպս, դա մեկ-երկու տարվա հարց չէ, եւ ես վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը փորձի ՀՀ Սահմանադրությունը փոխել, ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է քվեարկելու։ Ադրբեջանն ի սկզբանե այնպիսի պայման է դրել, որ շատ լավ գիտի՝ անիրականանալի է։ Այստեղ հարց է, թե ինչու է նա գնում այդ քայլին։ Երկու պատճառով. Իլհամ Ալիեւը խոսք է տվել Պուտինին, որ որեւէ դեպքում Արեւմուտքի հովանու ներքո չի ստորագրելու խաղաղության պայմանագիր, երկրորդ՝ կարծում է՝ ՀՀ-ն թույլ է, այլեւս այսպես ջարդված ողնաշարով է մեկընդմիշտ մնալու, եւ անընդհատ ինչ-որ բաներ փորձելու է կորզել նրանից։ Դրա համար Ադրբեջանին ծանր հարվածել են՝ սկսելով զինել ՀՀ-ին։ Դա շատ ծանր տարավ Ադրբեջանը, դրա համար հիմա այսպիսի արշավ է սկսել Ֆրանսիայի դեմ։ ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա եռյակի նպատակն այն էր, որ ՀՀ-ն լինի իզգոյ, մեկուսացված երկիր, անգործունակ, միջազգային հարաբերություններից մեկուսացված եւ շատ խոցելի մի պետություն, որից ամեն մեկն իր ակնկալիքը կստանա։ Ի բարեբախտություն մեզ՝ դա տեղի չի ունեում. տեսնում ենք, որ Արեւմուտքը ֆինանսապես, դիվանագիտական, սպառազինության մատակարարման ճանապարհով աջակցում է ՀՀ-ին, եւ վստահ եմ, որ իրենց այդ նպատակը չի իրագործվելու։ Իսկ ինչ վերաբերում է այլընտրանքին, դրա այլընտրանքը մեզնից չէ կախված, բայց մեզնից կախված քայլերը նրանք են, որ մենք պետք է հզորանանք, այնպիսի պետություն ստեղծենք, որ Ադրբեջանը մեր վրա հարձակվելուց առաջ մի քանի անգամ ծանրութեթեւ անի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30