Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շատերի համար 2020 թ. պատերազմն այն պահն էր, երբ հասկացան, որ պատրաստ չեն տառապել դրսում եւ իրենց մեղքի բաժինը կայ այն ամէնում, ինչը կատարուեց հայրենիքի հետ. Վարդան Մարաշլեան. «Ասպարեզ»

Սեպտեմբեր 20,2024 10:46

«Վերադարձ Հայաստան» կազմակերպութեան աշխատանքների, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների, եւ հայրենադարձութեան օրէնքի մասին Վարդան Մարաշլեանի հետ հարցազրոյցը՝ ստորեւ.

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են այն հիմնական մարտահրաւէրները, որոնց կարող են բախուել հայրենիքում ապրել ցանկացող մեր հայրենակիցները:

ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ.- Որքան էլ բարդ լինի իրավիճակը Հայաստանում եւ երկրի շուրջ, մենք չենք թաքցնում: Առաջնային մարտահրաւէրները տնտեսականն ու անվտանգայինն են: Այս առումով, մենք տեղեկացնում ենք, որ տարածաշրջանում ընդհանրապէս եւ Հայաստանում յատկապէս կան անվտանգութեան հետ կապուած վտանգներ եւ բարդ միջավայր է մեր հարեւանների եւ խոշոր պետութիւնների հետ, որոնցով շրջապատուած ենք, ինչը սակայն նոր երեւոյթ չէ: Տնտեսական մարտահրաւէրը կայանում է նրանում, թէ ինչպէս անել, որպէսզի կարողանալ բաւարար եկամուտ ապահովել` որոշակի չափանիշներով կենսակերպի համար:

Ուկրաինական պատերազմով պայմանաւորուած, երբ բաւական ռուսներ տեղափոխուեցին Հայաստան, կեանքի գինը բաւական աճեց, յատկապէս եթէ պէտք է ապրես վարձով բնակարանում, եւ դրամն էլ արժեւորուել է դոլարի նկատմամբ: Նշուած հանգամանքները մի կողմից խոչընդոտ են, բայց միւս կողմից ունենք ոլորտներ, որոնք շարունակում են ցուցաբերել կայուն աճ, ինչի արդիւնքում աշխատավարձերն էլ բարձրանում են: Փորձառու մասնագէտների կարիք կայ, եւ յատկապէս նրանց`ովքեր դրսում ապրելու եւ աշխատելու փորձ ունեն, եւ լաւ հասկանում են դրսի շուկաները, հոգեբանութիւնը, այսինքն` պահանջարկ կայ: Դա, իհարկէ չի վերաբերում համատարած բոլոր ոլորտներին, այլ առաւել ժամանակակից` արհեստագիտական ոլորտի տարբեր ուղղութիւններին, նաեւ պահանջարկ կայ նեղ ուղղուածութեան ոլորտներում`շինարարութիւն եւ այլն: «Կորոնա» վարակի համաճարակից յետոյ մի նոր հնարաւորութիւն էլ ստեղծուել է այն մարդկանց համար, ովքեր հեռակայ կարող են աշխատել: Մեզ դիմողների մի մասը աշխատանք ունեն Հայաստանից դուրս, եւ պահելով այդ աշխատանքը, տեղափոխւում են Հայաստան, որտեղ կարողանում են ապահովել կեանքի աւելի բարձր որակ՝ լի հայկականով:

Միւս խնդիրը կապուած է համարկման հետ` հասարակութեան կողմից ընդունելութեան օրինակ, սակայն այդ հարցերը բաւական նուազել են, ինչին ականատես եմ իմ Հայաստան տեղափոխմանս 14 տարիների ընթացքում: Կրթական համակարգում որոշ խնդիրներ կարող են առաջանալ՝ լեզուական, աւարտական վկայականների ճանաչման, սակայն դրանք բոլորը լուծելի են, երբ մարդը հասկանում է, թէ ինչու է ցանկանում տեղափոխուել, ինչ է անձամբ դրանից շահում, եւ եթէ ինքը վստահ է, որ իր քայլը ճիշդ է: Մեր կողմից պարբերաբար անցկացուող հարցումների արդիւնքում, ականատես ենք, որ հայրենադարձները քաջ գիտակցում են բոլոր մարտահրաւէրները եւ պատրաստ են տեղացիների հետ միասին կիսել եւ դիմագրաւել դրանց:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք ինքներդ հայրենադարձ էք: Կը կիսուէ՞ք ձեր անձնական փորձով:

ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼԱՆ.- Ես հասկացել եմ, որ հայրենադարձութիւնը կարծես վազքուղի (մարաթոն) լինի, որտեղից բնականաբար կարող ես դուրս գալ, նորից վերադառնալ, փորձել որոշ ժամանակ ապրել տուեալ վայրում եւ հասկանալ պատրաստ ես, թէ ոչ: Պէտք չի բարդացնել գործընթացը, եւ մտածել որ որոշումը վերջնական է, անդառնալի, այլ ճանապարհ չկայ: Դա կաշկանդում է:

Իմ եւ մի քանի այլ հայրենադարձների փորձից ելնելով ասեմ, որ տեղափոխուելուց յետոյ ընդհանրապէս մի քանի ճգնաժամ է տեղի ունենում: Առաջինը սովորաբար պատահում է առաջին 6 ամիսից յետոյ, երբ գիտակցում ես, որ այլեւս զբօսաշրջիկ չես, եւ երբ շատ երեւոյթներ հաճելի են, բայց նաեւ բացայայտում ես խնդիրները, որոնք արագ չեն լուծուելու, եւ դա սկսում է ազդել: Երկրորդ ճգնաժամն աւելի մարտավարական է, երբ երկու-երեք տարի ապրելուց յետոյ ցանկանում ես հասկանալ արդեօք ճիշդ որոշում էր այդ ժամանակը ներդնել Հայաստանում, այլ երկրի փոխարէն: Եւ երրորդը`ռազմավարական ճգնաժամն է, տասը տարի անց, երբ կեանքիդ բաւական մասը կապել ես հայրենիքիդ հետ ճիշդ որոշո՞ւմ էր: Ես անցել եմ այս երեք փուլերը, եւ այսօր ինձ զգում եմ ­որպէս լիարժէք Հայաստանցի ու հպարտ եմ դրանով: Այս գիտակցումը լինում է յատկապէս այն պահերին, երբ շուրջդ բոլորը հայերէն են խօսում, երբ հասկանում ես, որ այլեւս փոքրամասնութիւն չես, Սփիւռք չես, այլ հայ, ով տարուայ 365 օրն ապրում է իր հայրենիքում, եւ կիսում իր հայրենակիցների ե՛ւ ուրախութիւնը, ե՛ւ տխրութիւնը: Շատերի համար 2020 թուականի պատերազմն այն պահն էր, երբ հասկացան, որ պատրաստ չեն տառապել դրսում եւ իրենց մեղքի բաժինը կայ այն ամէնում, ինչը կատարուեց հայրենիքի հետ: Նրանց մօտ ցանկութիւն է առաջանում դա ուղղել` անմիջական մասնակցութիւն ունենալով երկրի զարգացման ու զօրացման գործում: Սակայն, դա զոհաբերութիւն չէ, դա ցանկութիւն է`ապրել քո սեփական երկրում եւ մասնակցել հայրենիքի զօրացմանը:

Հայաստանում կան բազմաթիւ հնարաւորութիւններ որակեալ կեանքով ապրելու համար: Այստեղ գումար աշխատելու հետ միասին, ժամանակ ես ունենում նաեւ կազմակերպելու լիարժէք հանգիստ, ժամանց՝ ընտանիքի, ընկերների հետ: Երեխաների առումով էլ, բազմաթիւ են հնարաւորութիւնները` կազմակերպելու բարձրակարգ կրթութիւն, նրանց ներգրաւելու արուեստի, գիտական, մարզական ակումբներում, եւ մեծացնելու`ազգային եւ համաշխարհային արժէքներով մարդ, ով մրցունակ է միջազգային մակարդակով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30