Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա խելագարության կանխավարկած է, որ անձը կարող է Արցախից գալ-հասնել Հայաստան ու ասել՝ ես պետական դավաճան եմ, դատեք ինձ». Կոչուբաև. «Հրապարակ»

Սեպտեմբեր 20,2024 11:32

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ քաղաքաշինության նախկին նախարարը, նաեւ՝ Շուշիի շրջանի ԱԱԾ տնօրեն Անդրեյ Գրիգորյանը դատարանում ցուցմունքներ են տվել Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ, այլ պետական պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանի գործով, որին մեղադրում են հօգուտ Ադրբեջանի լրտեսության, օտարերկրյա պետությանը, կազմակերպությանը, դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնել-շորթել-պահելու համար։

Մասնավորապես, Անդրեյ Գրիգորյանը դատարանին հայտնել է, որ Սարգիս Գալստյանը, պարբերաբար կապի մեջ լինելով իր հետ, տեղեկացրել է իրեն, որ ցանկանում է մտնել Շուշի ու այնտեղից դուրս բերել փաստաթղթեր, նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանական համարներից զանգեր է ստացել։ Այն օրերին արցախցիներից շատերն էին 1-7 վայրկյան տեւողությամբ զանգեր ստանում ադրբեջանցիներից, որոնք ցանկանում էին ծաղրել, նսեմացնել արցախցիներին եւ կարող էին նրանց զանգել ու ասել, որ ազատեն իրենց տները կամ՝ որ տներն ազատելուց առաջ այսինչ գույնով ներկեն պատերը։

Թե ինչպես է «կարվել» լրտեսության ամպագոռգոռ գործը, մեզ ներկայացրեց Սարգիս Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Ըստ նրա՝ Քննչական կոմիտեի ներկայացրած բոլոր ապացույցները դատարանում հերքվում են նախկին պաշտոնյաների արդարացնող բնույթի ցուցմունքներով։ «Գործում որեւէ ապացույց չկա, բացի իմ պաշտպանյալի հաղորդումից, որը նա գրել է սպառնալիքի ազդեցության տակ։ Այսինքն՝ անձը մեղադրվում է միայն իր սեփական հաղորդման հիման վրա, որ ինքը պետական դավաճան է։ Սա խելագարության կանխավարկած է, որ անձը կարող է Արցախից գալ-հասնել Հայաստան ու ասել՝ ես պետական դավաճան եմ, դատեք ինձ»,- ասում է փաստաբանը։

Հիշեցնենք․ Սարգիս Գալստյանը ԼՂ բնակչության բռնի տեղահանումից հետո Արցախում մնացած վերջին արցախցիներից էր։ «Հայկական ժամանակը» նրա մասին լուր տարածեց, թե Ադրբեջանի նախագահը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Հետագայում դա հերքվեց, պարզվեց` Գալստյանը կնոջ հետ մնացել է Արցախում եւ գործել է՝ լինելով միակ բարձր կարգավիճակն ունեցող պաշտոնյան։ Ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կասկածել են Գալստյանին Ստեփանակերտում իրենց իրականացրած վայրագությունները տեսանկարելու մեջ, ծեծի են ենթարկել նրան, եւ Գալստյանը, համոզվելով, որ հնարավոր չէ ապրել թշնամական միջավայրում, կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան ու Գորիսում ձերբակալվել։ Կնոջը շուտով բաց թողեցին, իսկ Գալստյանին կալանավորեցին՝ մեղադրելով Ադրբեջանի հատուկ ծառայություններին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հայտնելու համար։

«Ինքնախոստովանական ցուցմունքը նրա կնոջն ազատելու արժեքն էր»,- ասում է Կոչուբաեւը։ Այդ ցուցմունքից բացի, Քննչական կոմիտեն երկրորդ ապացույցն էլ ունի Գալստյանի դեմ` նրա տանը խուզարկությամբ հայտնաբերել են թուրքերենի բառարան։ «Նախ, հատուկ տիեզերական գիտելիքի պետք չէ տիրապետել՝ հասկանալու համար, որ թուրքերենն ու ադրբեջաներենը տարբեր լեզուներ են, այսինքն՝ եթե այդ երկու ժողովուրդներն իրենց լեզվով խոսեն, թուրքը՝ թուրքերեն, ադրբեջանցին՝ ադրբեջաներեն, ապա իրար չեն հասկանա։ Բացի այդ, Գալստյանը թուրքագետ է, այսինքն՝ թուրքական բառարանը հայտնաբերել են մասնագիտությամբ թուրքագետ Սարգիս Գալստյանի մոտ ու ասում են՝ սա էլ երկրորդ ապացույցն է, որը հիմնավորում է, որ դու կապ ունես ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»,- նշեց Կոչուբաեւը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30