Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Ալիեւն այսօր մեզնից այդ 30 տարիների իրադարձությունների հետ կապված վրեժն է լուծում՝ ե՛ւ միջանցքի պահանջը, ե՛ւ Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները». «Հրապարակ»

Սեպտեմբեր 20,2024 10:15

«Հրապարակ»-ի զրուցակիցը Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն է:

– Մի առիթով ասել էիք՝ եթե մենք Արցախի հարցով չզբաղվենք, Արցախի հարցն է մեզնով զբաղվելու: Նկատի ունեիք ՀՀ անվտանգության խնդիրը: Ինչո՞ւ է կարեւոր վերադարձի խնդիրը բանակցությունների օրակարգ բերելու հարցը:

– Իհարկե, եթե մենք Արցախի հարցով չզբաղվենք, Արցախի հարցն է մեզնով զբաղվելու եւ զբաղվում է։ Չգիտեմ, եթե դիվանագիտությամբ զբաղվող մարդ կա եւ սա չի հասկացել, իսկապես զարմանալի է, որովհետեւ սա փաստ է։ Մենք ասենք, որ մեզ համար Արցախի հարցը փակված է, գոյություն չունի, եւ մտածենք, որ իրոք Արցախի հարց գոյություն չունի՝ ուղղակի միամտություն է։ Այսօր Ադրբեջանի ամեն քայլը բխում է Արցախի շուրջ նախորդ 25-30 տարիներին տեղի ունեցած իրադարձությունների պրիզմայից, տրամաբանությունից։ Ալիեւն այսօր մեզնից այդ 30 տարիների իրադարձությունների հետ կապված վրեժն է լուծում՝ ե՛ւ միջանցքի պահանջը, ե՛ւ Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները, ե՛ւ, առհասարակ, այնպիսի պայմանագիր ձեռք բերելը, որով ուղղակի հարցը մեկընդմիշտ կփակվի, ինչպես նաեւ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը: Սրանք` բոլորը, Արցախի հետ առնչություն ունեցող հարցեր են, արցախյան հակամարտության այդ տարիներին տեղի ունեցող իրադարձություններին ի պատասխան տրամաբանությունից են բխում, հետեւաբար, միամտություն է կարծել, որ ասելով՝ Արցախի հարցը փակված է, հնարավոր է հույս ունենալ, որ երաշխավորում ենք Հայաստանի անվտանգությունը։ Ճիշտ հակառակն է՝ միայն Արցախի հարցը հետ բերելով բանակցային օրակարգ, մենք մեզ կարող ենք ավելի պաշտպանված զգալ։

Ես այստեղ մի զուգահեռ անցկացնեմ․ երբ 30 տարի մենք ունեինք Արցախ եւ հարակից տարածքներ, Հայաստանն առավել անվտանգ էր, սահմաններն անխոցելի էին, ունեինք ռազմաքաղաքական, ստրատեգիական խորք եւ առավել պաշտպանված էինք զգում մեզ։ Կորցրինք Արցախը, հարակից տարածքները, Հայաստանի սահմանները դարձան խոցելի, Ադրբեջանն արդեն մխրճվել է Հայաստանի սահմաններից ներս եւ սպառնում է լրացուցիչ մեծ կորուստներով։ Այսօր Հայաստանն իսկապես վտանգված է, որովհետեւ չկա Արցախը, չկան հարակից տարածքները։ Նույն տրամաբանությունն աշխատում է բանակցություններում․ երբ դու բանակցային սեղանի վրա չունես Արցախի հարց, օրակարգային են դառնում միայն Հայաստանին վերաբերող հարցերը՝ սահմանազատում, որն արդեն Հայաստանի տարածքին է վերաբերում, միջանցքի հարց, ադրբեջանցիների վերադարձ Հայաստան․․․։ Այնքան է սահմանափակվում օրակարգը, որ դու նույնիսկ առեւտուր անելու հնարավորություն չունես, եւ Հայաստանն ավելի խոցելի է դառնում արդեն բանակցային հարթությունում, ուստի Արցախի հարցը, արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցն օրակարգ բերելով մենք ստանում ենք բանակցային խորք, իսկ այն թեզը, որ այս հարցն օրակարգ բերելով մենք կարող ենք պատերազմ հրահրել կամ հրահրել այն, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, ուղղակի անթույլատրելի արգումենտ է եւ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։

Ընդհակառակը՝ այս հարցն օրակարգ բերելով, մենք նպաստում ենք առավել կայուն խաղաղությանը, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին, դա բոլորովին այլ հարթության խնդիր է։ Տոյվո Կլաարի՝ ԵՄ ներկայացուցչի վերջին հարցազրույցը նայեք, ասում է՝ մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի․ ադրբեջանցիները լքել են Հայաստանը 90-ականների սկզբին, հայերը՝ Ադրբեջանը, իսկ Արցախը բոլորովին այլ է։ Եվ դրանք համեմատության մեջ դնելն ուղղակի ժողովրդին մոլորեցնելու միջոց է։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30