Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը Բաքվի բանտից

Սեպտեմբեր 20,2024 10:06

Երևան, 20 սեպտեմբերի: Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ: Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման հայտարարություն իսկապես հնչել է, Ռուբեն Վարդանյանը խնդրել է հանրության համար բաց ձևաչափով փոխանցել իր հետևյալ խոսքը.

«Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից:

Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:

Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ,  ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.

  • Մենք գործընկերներով չենք ցանկանում և չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը:
  • Մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարևոր հարց և կարևոր մարդասիրական առաքելություն:
  • Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է:

2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը  ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի և նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ:

Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը, բայց ես շարունակում եմ հավատալ, որ չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, մենք կկարողանանք հաղթահարել այս փուլը ևս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա»:

Ռուբեն Վարդանյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30