Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուզեցել եք անպատեհ, անիմաստ ու անդուր գրգռել, վիրավորել մեր հանրությանը, այն էլ այս տխուր օրով, ապա շնորհավորում եմ, միայն դա է ստացվել…»

Սեպտեմբեր 20,2024 09:40

Հանրային ռադիոյի «Կյանքին ասել այո» հաղորդաշարի հեղինակ Ալիսա Գեւորգյանը, որի որդին՝ Դավիթը զոհվել է 44-օրյա պատերազմում՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև Բաքվի և Անկարայի ժամանակով: Արցախի հայաթափման տարելիցի առիթով, ինչ խոսք, հրաշալի նվեր էր…»:

Արմեն Քոլոյան

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ դա իր նախաձեռնությունն է եղել․ «Իմ նախաձեռնությունն է, աշխարհի բոլոր նյուզռումերում կան բազմաթիվ ժամացույցներ, որոնք ցույց են տալիս տարբեր երկրների քաղաքների ժամանակը, երբ որ, օրինակ, հաղորդագրություն ենք ստանում, որ այսինչ քաղաքում ինչ-որ հանդիպում է տեղի ունենում, և գրվում է, որ տեղական ժամն է։ Ուստի, ավելի հեշտ կողմնորոշվելու համար մարդիկ նայում են ժամին և հասկանում են, որ եթե Երևանում ինչ-որ մի ժամ է, ապա այդ քաղաքում մեկ ուրիշ ժամ է։ Ընդամենը դա է»։

-Իսկ Բաքվի Հանրային ռադիոյում Երևանի ժամանակով ժամացույց կա՞։

-Ես չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, ես եղել եմ Բաքվում 1960-ականներին, մեզ դպրոցով էին տարել Սովետի ժամանակներում, ես չգիտեմ՝ Բաքվի Հանրային ռադիոյում ինչ տրամադրություններ են և, մեղմ ասած, անտարբեր եմ, թե ինչ են մտածում Ադրբեջանի Հանրային ռադիոյի աշխատակիցները։

-Վստահ եմ՝ Դուք շատ լավ տեղյակ եք մեր հասարակության էմոցիաներից այս հարցում, հատկապես, որ այս ամենը տեղի ունեցավ Հանրային ռադիոյում իշխանափոխությունից հետո, երբ Դուք դարձաք տնօրեն և Արցախի հանձնման տարելիցի այս օրերին։

-Ես հասկանում եմ, այդ թայմինգը ընդամենը զուգադիպություն է, և ենթադրել, որ դրանում ինչ-որ հատուկ մեսիջ է եղել, պարզապես աբսուրդ է։ Էդ ժամացույցները մենք կարող էինք դնել ավելի շուտ, եթե դրանք պատրաստ լինեին, որովհետև դրանք պետք է պատրաստ լինեին որոշակի ժամկետում, բայց մեզ ասացին, որ դեռ չկան, պատվիրել են, որ էնտեղ գրությունները պետք է գրվեն, և այդ ամեն ինչը պատրաստ է եղել երեկ չէ առաջին օրը, և հաջորդ օրը տեղադրել են։ Այսինքն՝ ես էդ բոլոր մեղադրանքները, թե «այ սենց, հատուկ Արմեն Քոլոյանը՝ սորոսական, Արևմուտքից եկել է, որ ցավ պատճառի մարդկանց», դա պարզապես համարում եմ աբսուրդ։ Եւ, ես բոլոր նրանց, ովքեր վրդովվել էին, այսօր մենք շատ անկեղծ խոսակցություն ենք ունեցել, և իմ տեսակետը հայտնել եմ, որ, ժողովուրդ ջան, մենք պարտավոր ենք հաշվի նստել, որ աշխարհում, գուցե դժբախտաբար, դա ես չեմ ուզում մեկնաբանել, կա Ադրբեջան անունով երկիր, որն ունի Բաքու անունով մայրաքաղաք, և կա Թուրքիա անունով երկիր, որն ունի Անկարա անունով մայրաքաղաք։

-Եթե Հանրային ռադիոյի աշխատակիցները, ամեն դեպքում, պնդեն, որ պետք է հեռացնեք Բաքվի և Անկարային ժամացույցները նյուզռումից, քանզի նրանք չեն ուզում դրա ներքո աշխատել, հակատակ դեպքում՝ դիմում կգրեն և կհեռանան, Դուք ինչպե՞ս կվարվեք, կհեռացնե՞ք առնվազն գոնե Բաքվի ժամացույցը ռադիոյից։

-Գիտե՞ք ինչ, ես կարող եմ հենց հիմա select all և Delete անել ընդհանրապես բոլոր տեղեկությունները Բաքվի և Անկարայի մասին․․․

-Ես միայն Բաքվի ժամացույցը նկատի ունեմ, դա կհեռացնե՞ք։

-Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի։ Ովքեր դրանում տեսնում են հատուկ մեսիջ, այդ մարդիկ, իմ համոզմամբ, ոչ համաչափ են գնահատում իրավիճակը, որովհետև, իմ կարծիքով, մենք չենք կարող ենթադրել, որ այդ քաղաքը չկա կամ հարևան մյուս երկրի քաղաքը չկա։ Այո, թշնամական քաղաքներ են, մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն։

Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիրն ու տնօրեն Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ գրում է. «Հրաժարվում եմ հասկանալ ու ընդունել Հանրային ռադիոյի այսպիսի «սահմանափակ ու անչափ տխրեցնող աշխարհաճանաչողությունը»…

Եթե ցանկացել եք ցուցաբերել ռեգիոնալ մոտեցում, այդ դեպքում ո՞ւր է Թեհրանը ցուցանող ժամացույցը:

Եթե Մոսկվա-Անկարա թվիքս տանդեմի ժամանակները հիշատակելը պարտադիր եք գտել որպես «ռեգիոնամերձ» կամ ռեգիոնում քաղաքական շահեր ունեցող կարևոր երկրներ, այդ դեպքում ո՞ւր են Բրյուսելը, Փարիզը և Նյու Դելին… Վաշինգթոն, Պեկին, Լոնդոնի մասին էլ չասած…

Եթե ուզեցել եք ցույց տալ, թե լայն եք մտածում, ապա ինչու է ստացվել հայտնի ֆիլմի ասույթի նման «մենք ենք, Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը»…

Եթե ուզեցել եք անպատեհ, անիմաստ ու անդուր գրգռել, վիրավորել մեր հանրությանը, այն էլ այս տխուր օրով, ապա շնորհավորում եմ, միայն դա է ստացվել…»:

Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան էլ ֆեյսբուքյան էջում գրում է. «2016 թվականից Ադրբեջանում դադարել են ամառ-ձմեռ ժամ փոխելը, միշտ մեր հետ մի ժամային գոտում են։

Եթե Հանրային ռադիոյի տնօրենը էդ պարզ ինֆորմացիան չի կարողանում գլխի մեջ պահել, իր խնդիրն է: Ավելորդ բուտաֆորիան թող իրենց տանը կախի։

Ի դեպ, էդ ժամացույցը բյուջեի փողով է գնել, թե՞ տնից է բերել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30