«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական անգամ ցուցաբերեց իր՝ որպես պետություն ռասիստական բնույթը՝ ռազմական գործողություններ սկսելով 10-ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող և հումանիտար աղետի մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ադրբեջանի սանձազերծած անարդարացի և անհավասար պատերազմը Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հստակ ծրագրի հերթական օղակն էր, որն իրականացվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց համապատասխան միջամտության և հետևանքների։
Սեպտեմբերի 19-20 ընթացած ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց ավելի քան 200 հայ, շատերը մինչ այժմ համարվում են անհետ կորած։ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ զենքի սպառնալիքի տակ և չունենալով կյանքի և բնական և հիմնարար այլ իրավունքների ապահովության երաշխիքներ, որոնք կարող էին տրվել միայն և միայն միջազգային իրավարար կառույցների կողմից միջազգային ռազմաքաղաքական հոծ ներկայացվածության պայմաններում, բռնի տեղահանվեց՝ ապաստան գտնելով Հայաստանի Հանրապետությունում։
Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը անցյալ տարվա ընթացքում արձանագրվել է բազմաթիվ իրավարար կազմակերպությունների, պետությունների, անհատների կողմից, բազմաթիվ կառույցներ, երկրներ, ինստիտուտներ քանիցս արձանագրել են Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքի անհապաղ իրացման անհրաժեշտությունը, սակայն որևէ կառույց դեռևս չի դրսևորել քաղաքական կամք՝ նախաձեռնելու այն ճկուն մեխանիզմի ստեղծումը, որը կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայության երաշխավորված և անվտանգ, արժանապատիվ վերադարձն իր բնօրրան։ Նման մեխանիզմը ոչ միայն պետք է երաշխավորի հայության բնականոն կենսագործունեության անվտանգությունը, այլև զսպող դեր ունենա ադրբեջանական ռասիզմի և ազգայնականության համար։
Կարդացեք նաև
Այսօր էլ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից մեկ տարի անց, հայության իրավունքների պաշտպանության խնդիրն ամենևին չի կորցրել իր կարևորությունը, ընդհակառակը, դրա շարունակական ձգձգումը միայն խորացնում է խնդրի լուծման բարդությունը։ Հավաքական հայությունն արդեն իսկ բախվել է այս անարդարացի իրողությանը, երբ էթնիկ զտումներն ու բռնի տեղահանումը չեն ստանում համապատասխան պատմաքաղաքական գնահատական տվյալ ժամանակի հոլովույթում։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության բռնի տեղահանման, հայկական մշակութային ժառանգության էթնոցիդի և մարդկության դեմ գործված այլ հանցանքների համար Ադրբեջանն այդպես էլ պատասխանատվություն չկրեց։ Լեռնային Ղարաբաղում արդեն 4 տարի իրականացվող հանցավորությունը նախորդ տասնամյակների անպատժելիության հետևանքն է։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր հարգանքի տուրքն է մատուցում հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը քննարկման կիզակետում պահել Ադրբեջանին պատերազմական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հարցը, որի անբաժան բաղադրիչն է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ վերադարձը միջազգային ռազմաքաղաքական ներգրավվածությամբ և անբեկանելի երաշխիքներով։