Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի առաջարկությունների փաթեթը՝ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում

Սեպտեմբեր 20,2024 01:58

Նշելով, որ Արցախի ժողովուրդը մինչ օրս բազմաթիվ մարտահրավերների է դիմակայում՝ ԱՄՆ Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ ունեցած վկայության ելույթի ավարտին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հնչեցրել է առաջարկությունների հետևյալ փաթեթը․

«Ապահովել պատշաճ միջազգային աջակցություն Արցախից տեղահանվածների համար։ ՀՀ-ի սահմանափակ ռեսուրսներից տրամադրվող աջակցությունը բավարար չէ տեղահանվածների կարիքները հասցեագրելու համար։ Այս պատճառով հազարավոր տեղահանվածներ ապրում են աղքատության մեջ՝ հանդիպելով սոցիալ-տնտեսական խնդիրների, այդ թվում՝ բնակեցման և արժանապատիվ աշխատանքի հետ կապված հարցերի։

Ադրբեջանին թիրախավորող պատժամիջոցներ պետք է գործադրվեն՝ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների համար։ Տարածաշրջանային խաղաղության համար Ադրբեջանի նկատմամբ անպատժելիությանը պետք է վերջ դրվի։ Խաղաղություն հնարավոր չէ առանց հաշվետվողականության։ Եթե Ադրբեջանը հասկանա, որ պատերազմի միջոցով ավելիին կարող է հասնել, նա խաղաղություն հաստատելու բացարձակապես որևէ դրդապատճառ չի ունենա։

Ջանքեր պետք է գործադրվեն Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիներին և պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար։ Մենք տեսնում ենք, որ բացառապես իրավական գործիքակազմը ի զորու չէ արդյունքներ գրանցել, և միայն հզոր միջազգային ճնշման գործադրումը կստիպի Ադրբեջանին ազատ արձակել ապօրինաբար կալանավորվածներին, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել։ Ադրբեջանի դեմ համապարփակ միջազգային ճնշում է անհրաժեշտ նաև Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմն ու ոչնչացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մասնավոր սեփականության յուրացումը կանխելու համար։

Անհրաժեշտ է ստեղծել հուսալի միջազգային հարթակ միջազգային պաշտպանության ներքո Արցախի ժողովրդի՝ հավաքական, արժանապատիվ, և անվտանգ վերադարձի հնարավորությունները հասցեագրելու համար։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավքական վերադարձի խնդիրը այժմ բացակայում է հայ-ադրբեջանական բանակցային օրակարգից, ինչն անթույլատրելի է։ Կարծում եմ կհամաձայնեք, որ այն խաղաղությունը, որը հիմնված է հազարավոր մարդկանց խեղված ճակատագրերի և խախտված իրավունքների վրա, չի կարող կայուն և հարատև լինել»։

Շնորհակալություն հայտնելով կարևոր ելույթի և առաջարկությունների համար՝ նախագահող Քրիստաֆոր Սմիթը հավաստիացրել է, որ Հանձնաժողովը կանի ամեն հնարավորը Պաշտպան Ստեփանյանի բարձրաձայնած առաջարկներն իրականացնելու համար։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30