Տարբեր հեռուստաընկերությունների լուրերը համադրելով` փորձեցի հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացրել սփյուռքի ներկայացուցիչների գագաթնաժողովը` ինձ բախտ չվիճակվեց մասնակցել դրան. անկեղծ եմ ասում` բան չհասկացա: Ըստ իրենց տերերի պատկերի եւ նմանության պատրաստված տարբեր հեռուստաընկերությունների լուրերի, չնայած սփյուռքի գերատեսչության կողմից սփյուռքից ներկայացուցիչների մեկիկ-մեկիկ ընտրված լինելուն ու ըստ իշխանական քիմքի ֆիլտր անցնելուն` գագաթնաժողովում հավաքվել էին կամ Հայաստանի վարչապետի շատ հայտնի տեսակետներին հակադրվողներ մեծավ մասամբ, որոնք հարցազրույցներում փորձում էին ապացուցել, որ հայրենակենտրո՛ն գաղափարներն ու հայրենասիրությունը պետք է դնել գործակցության հիմքում, կամ, ինչպես ըստ Հ-1-ի լուրերի ցուցադրածով էր, ընդհանրապես սփյուռքի ներկայացուցիչների մի գորշ զանգված էր ներկա, որը բերանը բաց լսում էր վարչապետի լիկբեզը նոր տեսակի հայրենասիրության եւ առհասարակ` հայրենասիրությունը որպես պետակաշինության ելակետ սխալ լինելու մասին:
Այսինքն` մենք տեսանք, կամ մեզ այդպես ներկայացվեց, որ հայության հիմնական զենքերից մեկի` սփյուռքի այդ աստիճան պարզունակացումն ու քաղաքական նպատակահարմարությանը ենթարկեցումը, փաստորեն մնում է մեր օրգանիզմը վարակած եւ անբուժելի դարձած այն հիվանդության արտացոլման ձեւերից մեկը, որ խորը նստել է հատկապես վերջին շրջանում քաղաքական ու տնտեսական բոլոր ոլորտներում եւ խանգարում է արդյունավետ գործունեության ծավալմանը երկրի դրսում ու ներսում:
Սփյուռքն այնքան բազմադեմ է, այնտեղ գոյություն ունեցող շերտերն այնքան իրարից տարբեր են` մեքենայություններով փող վաստակողներից սկսած մինչեւ գերզարգացած եւ հանճարեղ հայեր, որ նրանց հանդեպ մտայնությունն այդքան պարզունակացնելն եւ համապատասխանեցնելը մեր ներսի քաղաքական մենյուին՝ պարզապես անթույլատրելի է: Արդյոք նրանց հրավիրե՞լ էիք, որ նրանց քաղաքական լիկբեզ անեի՞ք, հայրենասիրության վերատեսությամբ, թե՞ նրանց տեսակետները պետք է լսեիք, նրանց առաջարկները հանրայնացնեիք, որ կարողանանք հասկանալ նրանց հետ աշխատելու բացվածքն ու պոտենցիալը՝ պարտված պատերազմից եւ Արցախը կորցելուց հետո: Էս աստիճանի գավառամտություն: Երկրի էս ճակատագրական վիճակում մի պահ համահայկական դարձած ամբիոնը եւս գործածել քաղաքական նպատակներով` անընդունելի է:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում