Լրահոս
Օրվա լրահոսը

Պարանոյայի եւս մի պատրվակ

Սեպտեմբեր 20,2024 10:00

Վստահ եմ, որ Հայաստանում կան Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ երկրների գործակալներ, այսինքն՝ մարդիկ, որոնք անօրինական ճանապարհներով տեղեկություններ են հավաքագրում՝ հօգուտ իրենց երկրների: Բնականաբար, ԱԱԾ-ի պարտականությունն է՝ այդ գործակալներին բացահայտելը եւ արդարադատության առաջ կանգնեցնելը:

Չեմ բացառում նաեւ, որ Հայաստանում եւ մեր երկրից դուրս կան մարդիկ կամ խմբեր, որոնք ցանկանում են այստեղ բռնությամբ փոխել իշխանությունը: Ցանկացած ՀՀ քաղաքացի, անկախ իր քաղաքական հայացքներից, պետք է դատապարտելի համարի այդ մտադրությունները: «Սրանց ամեն ինչ հասնում ա» «գողական» խոսակցությունները ինչպես նախորդ, այնպես էլ այս իշխանությունների ժամանակ ինձ համար կտրականապես մերժելի են: Բռնի հեղաշրջմամբ ոչ մի խնդիր չի լուծվի, հակառակը՝ խնդիրները կբարդանան:

Բայց, դատելով այն ոգեւորությունից, որով իշխանության ներկայացուցիչները եւ դրա «հ/կ-ական» («արեւմտամետ») քարոզիչներն ընդունեցին ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին, չեմ կարող ազատվել այն տպավորությունից, որ այդ պատմության մեջ կա նաեւ քաղաքական բաղադրիչ:

Նախ՝ «Կրեմլի գործակալ» պիտակը կպցվում է Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներին՝ նաեւ նրանց, ովքեր բացարձակապես կապ չունեն ԱԱԾ-ի կողմից «բացահայտված» խմբի հետ: Հետեւաբար, միտում կա այդ «բացահայտումից» օգտվելով, վարկաբեկել ցանկացած ընդդիմադիր շարժում: Ես առանձնապես ոգեւորված չեմ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների, ինչպես նաեւ Բագրատ սրբազանի գործունեությամբ, բայց որեւէ կապ չեմ տեսնում նրանց եւ «ռուսական գործակալական» ցանցի միջեւ:

Երկրորդ՝ որեւէ ապացույց չկա, որ ենթադրյալ «դավադիրների» այդ խումբը ղեկավարվում է հենց Կրեմլից: Եթե մի կողմ դնենք Փաշինյանի «հակառուսական» հռետորաբանությունը, առայժմ չի երեւում որեւէ նշան, որ Հայաստանի վարչապետը Կրեմլին ձեռնտու չի: Օրինակ, պնդումը, թե ՀԱՊԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, ինքնին ենթադրում է, որ մեր երկիրը պետք է օր առաջ դուրս գա այդ կազմակերպությունից: Բայց մի քանի ամիս հնչող այդ հայտարարությունները որեւէ «կազմակերպչական հետեւանք» չեն ունեցել:

Էլ չեմ ասում, թե որքան է թունավորում մեր մթնոլորտը պարանոյան եւ շպիոնոմանիան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30