Անկախության 33-ամյակի առիթով «Բարձունք» կրթական շարժմանը հյուրընկալած ՀՀ առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, խոսելով արտաքին քաղաքականություն վարելու մասին, ասաց. «Ես այսքան հանդիպում ու զրուցում եմ մարդկանց հետ: Ոչ ոք ինձ չի ասում` ես ատում եմ Ադրբեջանին, որովհետեւ մեր տղաներին սպանել է, գլուխ կտրել եւ այլն: Կամ ատում են Արեւմուտքին, կամ ատում են Ռուսաստանին: Սա զգացմունքային մոտեցում է: Ուզես, չուզես, Ռուսաստանի հետ պետք է համագործակցես: Հիմա դեմ են Ռուսաստանին, Ռուսաստանը իրեն լավ չպահեց որպես դաշնակից, բայց ես էլ կարող եմ հարց տալ՝ իսկ Հայաստանը ճի՞շտ էր վարվում Ռուսաստանի հետ, երբ ձերբակալում էր Յուրի Խաչատուրովին, կամ չէր դիմավորում ղեկավարին եւ այլն: Ռուսաստանն ունի իր քաղաքականությունը, որը պարտադիր չէ, որ համընկնի մերի հետ: Հիմա մենք դժգոհություն ունենք Ռուսաստանից, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը մեր թշնամին է: Պետք է Ռուսաստանի հետ աշխատել: Քաղաքականությունն այն է, որ պետք է կարողանաս բոլորի հետ էլ աշխատել: Քաղաքականությունը հեշտ խնդիր չէ: Ոչ մեկը քո գեղեցիկ աչքերի համար չի գա ու քեզ չի օգնի: Երբ միտինգի ժամանակ ես բեմից ասացի, որ մենք չունենք հավերժական բարեկամ եւ հավերժական թշնամի, մենք ունենք հավերժական ազգային շահեր, ասացին՝ Վազգենը ճիշտ է ասում, ուրեմն հակառակն է՝ ոչ թե Թուրքիան է մեր թշնամին, Ռուսաստանը՝ բարեկամը, այլ Ռուսաստանն է թշնամի, Թուրքիան՝ բարեկամ: Դա նշանակում էր՝ բացարձակապես չհասկանալ այդ բանաձեւը:
Մենք երազում ենք, որ Արցախը անկախ լինի ու նաեւ մեզ միանա: Բայց համաշխարհային պարադիգմայում գոնե պետք է կարողանանք այնպես անել, որ Արցախի ժողովուրդը վերադառնա այնտեղ, Հայաստանը պետք է իր զորքով, բանակով լինի պաշտպանված: Ի՞նչ միության մեջ մտնել: Ես գտնում եմ, որ ՀԱՊԿ-ը մեզ համար պաշտպան չի, ու կյանքը ցույց տվեց դա: ՆԱՏՕ-ն մեզ համար պաշտպան չէ, ու ՆԱՏՕ չենք էլ կարող մտնել: Հայտարարել, թե մենք ՆԱՏՕ ենք մտնում, նշանակում է՝ Հայաստանը դնել հարվածի տակ առանց որեւէ օգնություն ստանալու: Ես չեմ տեսնում կոլեկտիվ անվտանգության մի խումբ, որի մեջ մտնելով մենք կկարողանայինք ապահովել մեր անկախությունը: Ուրեմն՝ մենք հույսը պետք է դնենք մեր բանակի հզորացման վրա:
Երկրի ներսում պետք է ստեղծվի ազգային մթնոլորտ: Մեզ մոտ ազգային մթնոլորտ չի: Բաժակաճառերում բոլորը շատ լավ ազգային են: Ես ամենամեծ նշանակությունը կտայի կրթությանը: Դպրոցը մեզ պետք է տա պատմություն, որ մենք հպարտանանք, որ հայ ենք: Կարճ ասած՝ բանակ, կրթություն եւ պետությունն էլ քիչ թե շատ արդար պետք է լինի: Ես կարծում եմ, այս նպատակները հիմա պետք է ունենանք»,-ասաց պարոն Մանուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ