Լրահոս
Օրվա լրահոսը

2023 թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին․ Արման Թաթոյանը զեկույց է ներկայացրել

Սեպտեմբեր 19,2024 22:51

Այս զեկույցում մենք բացահայտել ենք, որ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին: Ըստ այդ տակտիկայի էլ պլանավորվել են հարձակումների 4 ուղղությունները:

Հարձակումները սկսվել են սեպտեմբերի 19-ին` ցերեկը ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ: Շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Դա էր պատճառը, որ բազմաթիվ մարդիկ չէին կարողանում գտնել իրենց ընտանիքների անդամներին, այդ թվում` երեխաներին:

Սրանից բացի, ադրբեջանական զինված ուժերն անմիջապես ոչնչացրել են քաղաքացիական ենթակառուցվածքները, իրարից կտրել Արցախի 4 համայնքներն իրենց գյուղերով` Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան և Մարտակերտ: Արգելափակվել են անգամ գյուղական ու անտառամիջի ճանապարհները, որոնք կարող էին փրկության հնարավորություն տալ քաղաքացիական բնակիչներին:

Առաջնահերթ կտրել են կապը Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ու բնակավայրերի միջև, որպեսզի զինվորականները չկարողանան բնակիչներին տեղեկացնել ադրբեջանական հարձակումների մասին:

Ադրբեջանի իշխանությունը լավ հաշվարկել էր, որ Արցախի բնակչությունը չէր կարող լուրջ դիմադրություն ցույց տալ իրենց զինված ուժերին, քանի որ գտնվում էր հյուծված ու հուսահատ վիճակում. երկար ամիսներ առանց գազ, էլեկտրաէներգիա, ջուր, սնունդ և այլն: Ադրբեջանական հարձակումների հետևանքով սպանվեցին [նաև գերեվարվեցին] տասյակ քաղաքացիական բնակիչներ, այդ թվում` սպանվեցին երեխաներ:

Բռնի տեղահանվեցին, ունեզրկվեցին ու հայրենազրկվեցին 100,000-ից ավելի հայեր:
Ողջ նկարագրվածը հիմնված է հայերի նկատմամբ ատելության և ռասիզմի ադրբեջանական պետական քաղաքականության վրա: Սանձարձակ հարձակումների պատճառը նաև անպատժելիությունն է գործած հանցանքների համար:
Ընդ որում, Արցախից բռնի տեղահանվածների հարցը քննարկելիս չպետք է մոռանալ նաև այն արցախահայության մասին, որոնք բռնի տեղահանվել էին 2020թ.` 44-օրյա պատերազմի հետևանքով:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30