Քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը, հետադարձ հայացքով անդրադառնալով մեկ տարի առաջ Արցախը հայաթափելու գործընթացին, ասաց. «Երբ հետադարձ նայում ու փորձում ես հասկանալ, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ, արդյոք հնարավո՞ր էր խուսափել դրանից եւ երբ ուզում ես վերլուծել, հասկանում ես, որ արդեն ինչ-որ մի պահից մեր իշխանությունը ոչ միայն ձեռքերը լվացել էր Արցախից, այլ որոշել էր ամբողջությամբ հանձնել, որ այդ «բեռից» ազատվի: Դրա հետ կապված էլ, այսպես ասած, թեթեւանում է կախվածությունը Ռուսաստանից: 90-ական թվականներից արեւմուտքը միշտ էլ առաջ էր տանում այն թեզը, որ մինչեւ չլուծեք այս հարցը Ադրբեջանի հետ, մինչեւ չփակեք էջը Թուրքիայի հետ, դուք լավ չեք ապրելու, դուք միշտ կախված եք լինելու Ռուսաստանից:
Ու հիմա ինչ է ասում պարոն Փաշինյանը: Ասում է, որ իրեն պետք է ազատվել Ռուսաստանի ֆորպոստից: Իմիջիայլոց, ֆորպոստը ադրբեջանական ագիտպրոպի բառապաշարից է: Իրենք միշտ ասում էին. դուք Ռուսաստանի ֆորպոստն եք, հենց Ռուսաստանը ձեզնից հրաժարվեց, դուք պարտված եք, իմացեք, որ մենք ձեզանից ամեն ինչ վերցնելու ենք: Փաշինյանը ասում է. այո, դա տեղի ունեցավ, մենք այլեւս ֆորպոստ չենք լինելու, ազատվելու ենք այդ կայսրության ազդեցությունից: Բայց դրա փոխարեն ի՞նչ է գալու: Գալու է ոչ թե այն, ինչն ինքը ներկայացնում է մեզ՝ լավ ենք ապրելու, լինելու է արդարություն, ազատություն, անկախություն, ինչը լրիվ առասպել է եւ իրականության հետ ոչ մի կապ չունի, այլ այդ ճանապարհն ընտրելով ինքը պահում է իր իշխանությունը: Բայց Հայաստանը դարձնելու է գործիք: Ոչ թե ֆորպոստ, այլ գործիք Արեւմուտքի ձեռքին: Տեսեք, Ֆրանսիայի արտգործնախարարը պաշտոնավարման վերջին օրը եկել էր Հայաստան ու ի՞նչ էր ասում: Ասում էր, որ մենք Հայաստանին պաշտպանելու ենք Ռուսաստանի վտանգից: Ու մի երկու օր հետո Փաշինյանն ասում է, որ վտանգ կա ՀԱՊԿ-ից: ՀԱՊԿ-ից՝ ումի՞ց: Կարո՞ղ է Ղրղզստանից: Իհարկե չէ, Ռուսաստանից: Այսինքն, ասում է նույն բանը, ինչ Ֆրանսիայի արտգործնախարարը: Ինքը տանում է նույն գիծը, բայց չի կարողանում գալ վճռական քայլի: Տրամաբանորեն, եթե քո կարծիքով ՀԱՊԿ-ը վտանգ է Հայաստանին ու դու դուրս չես գալիս ՀԱՊԿ-ից, ուրեմն դու ես վտանգը: Նա դուրս չի գալիս, որովհետեւ վերջնականապես վստահ չի: Ինքը հիմա Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության հարցում սպասողական դիրքում է: Իսկ այդ սպասողական դիրքը վտանգավոր է Հայաստանի համար: Ինքն այդպես իր իշխանությունը պահում է, բայց երբ որ հակամարտությունը կլուծվի, ինքը ոչ մի կողմին է պետք լինելու, ոչ մյուս կողմին»,-ասաց քաղաքագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ