Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի ռեժիմի խոսնակների քայլն է, որի նպատակը Արեւմուտք-ՀՀ հարաբերությունները խաթարելն է. Արթուր Սաքունց

Սեպտեմբեր 19,2024 22:15

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ադրբեջանական հ/կ-ների պահանջը՝ պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ ՌԴ սանկցիաները շրջանցելու հարցում օգնելու համար համարում է Բաքվի ռեժիմի խոսնակների քայլ:

«Ադրբեջանում քաղհասարակությունը ուղղակի ոչնչացված է, այնտեղ իշխանության կարծիքից տարբերվող կարծիքները իսպառ ոչնչացված են: Բաքվի ռեժիմի խոսնակների քայլն է, որի նպատակը Արեւմուտք-ՀՀ հարաբերությունները, որ գոյություն ունեն ու բավական ինտենսիվ են, խաթարելն է: Որովհետեւ ակնհայտ է՝ նույն ԵՄ քաղաքացիական դիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մշտադիտարկող խումբը ձեռք չի տալիս Ադրբեջանին: Ադրբեջանին ձեռք չեն տալիս ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Ֆրանսիա շատ սերտ հարաբերությունները: Իսկ իրենք որ խախտում են թե՛ մարդու իրավունքները,  թե՛ ժողովրդավարական բոլոր տարրական նորմերը, շրջանցում են հենց պատժամիջոցները ՌԴ դեմ, փորձում են ստվերել դա:  Եթե Հայաստանի կողմից լիներ խախտում, որի մասին պնդում են, անկասկած Հայաստանին կտրվեր համարժեք զգուշացումը, իսկ եթե լիներ նման շրջանցելուն աջակցելու վարքագիծ ՀՀ կողմից, իմ թվարկած աջակցություններն ու համագործակցությունը չէր լինի ընդհանրապես»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ ըստ  APA գործակալության՝ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները բաց նամակ են հղել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հիմնական պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ պահանջելով ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի առևտրային գործողությունների և պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև Հայաստանի վրա դիվանագիտական ​​ճնշումների ավելացման համար։ Նշվում է, որ Հայաստանի շարունակական աջակցությունը Ռուսաստանին խաթարում է Ուկրաինայում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված համաշխարհային ջանքերը և խրախուսում միջազգային իրավունքի խախտումները։ «Մենք շտապ դիմում ենք ձեզ՝ դադարեցրեք Հայաստանին թույլ տալ պայմաններ ստեղծել, որպեսզի Ռուսաստանը խուսափի պատժամիջոցներից»,- ընդգծվում է նամակում։

Արթուր Սաքունցի համոզմամբ՝ ադրբեջանցիների այդ նամակը որեւէ հետեւանք չի կարող ունենալ, քանի որ  ադրբեջանական, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչների ձայնն առաջին անգամ չէ, որ լսել են միջազգային հարթակներում ու լավ գիտեն՝ դրանք ովքեր են. «Այնպես որ դրանք զրոյի արժեք նույնիսկ չունեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30