Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես փորձում էի աշխարհին փոխանցել հնարավորինս շատ տեղեկատվություն՝ այն հույսով, որ կկոտրեմ Արցախի ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբերության պատը, սակայն ապարդյուն»․ Գեղամ Ստեփանյանը՝ ԱՄՆ Կոնգրեսում

Սեպտեմբեր 19,2024 21:11

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը վկայության ելույթ է ունեցել ԱՄՆ Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ։

Ես իմ աչքերով եմ տեսել․․․

«Ես ձեր առջև ներկայանում եմ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ, որը անձնապես վերապրել է Ադրբեջանի համակարգված ցեղասպանական քաղաքականությունը, որի արդյունքում ես բռնի կերպով տեղահանվել եմ իմ հայրենիքից՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի ներքո։ Ես ձեր առջև ներկայանում եմ նաև որպես օմբուդսմեն, որն իր առաքելության շրջանակներում դարձել է մարդկության դեմ սահմռկեցուցիչ հանցագործությունների վկա և վավերագրող», – այսպես է իր խոսքը սկսել Ստեփանյանը, որը նախագահողի կողմից ներկայացվեց որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան։

Արցախցի պաշտոնյան հիշեցրել է, որ երբ Բաքուն մեկնարկեց Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բնապահպանական կեղծ շարժառիթով, նա գտնվել է ՀՀ-ում և երեք ամիս չի կարողացել վերադառնալ Արցախ՝ իր առաքելությունը պատշաճ կատարելու։

«Ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես են մարդիկ, այդ թվում ավելի քան 30 հազար երեխա ապրում ցուրտ պայմաններում՝ առանց գազի, էլեկտրականության հաճախակի անջատումներով և ամեն օր հաց գտնելու դժվարությամբ»։

Սակայն ապարդյուն․․․

Օմբուդսմենը շարունակել է․ «Ես փորձում էի աշխարհին փոխանցել հնարավորին շատ տեղեկատվություն, այն հույսով, որ կկոտրեմ Արցախի ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբերության պատը, սակայն ապարդյուն»։

Սոված երեխաներ, տանջվող ծնողներ, պատշաճ դեղամիջոցների հասանելիություն չունեցող խրոնիկ հիվանդներ, օրվա հացի խնդիր ունեցեղ մեծահասակներ և հաշմանդամություն ունեցող անձինք, հացի երկար հերթեր, հերթերից դատարկաձեռն տուն վերադարձողներ, հղի կանանց թերսնուցում և մեռելածնություններ։ Գեղամ Ստեփանյանը այս եզրույթներով նկարագրեց շրջափակման ամիսներին Արցախում ստեղծված իրավիճակը։

«Դժոխքն ավելի անտանելի դարձավ, երբ հունիսի 15-ին Ադրբեջանն Արցախն ամբողջապես կտրեց արտաքին աշխարհից։ ԿԽՄԿ-ի կողմից Արցախ հասցվող նույնիսկ այն սակավաթիվ մարդասիրական օգնության փաթեթները Ադրբեջանի պահանջով դադարեցին»։

Ֆիզիկական բնաջնջման սպառնալիքը․․․

Անդրադառնալով արդեն մեկ տարի առաջ այսօր մեկնարկած ռազմական գործողությանը, որը հանգեցրեց Արցախի ամբողջական հայթափմանը՝ Պաշտպանն ընդգծեց․ «24 ժամ շարունակ ռմբակոծությունն ու հրետանու կրկաը չէին դադարում։ Ադրբեջանը ոչնչացնում էր ամեն ինչ՝ անանցանելի դարձնելով համայնքները կապող ճանապարհները՝ անհնար դաարձնելով նույնիսկ զոհվածների մարմինների տեղափոխումը Ստեփանակերտ»։

«Արդեն սեպտեմբերի 24-ին, – պատմում է Ստեփանյանը, – ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո Արցախի ամբողջ բնակչությունը հարկադրված էր դուրս գալ»։

Վկայակոչելով Freedom House-ին և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային՝ Ստեփանյանը կատարվածը որակել է որպես էթնիկ զտում և ցեղասպանություն։

Աշխարհի աչքերի ներքո․․․

Պաշտոնյան պնդել է, որ արցախցիների տեղահանումը տեղի է ունեցել աշխարհի աչքերի ներքո՝ ռուս խաղաղապահների, որոնք պարտավոր էին ապահովել խաղաղություն, ԱՄՆ-ի, որը սեպտեմբերյան ագրեսիայից մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ չի հանդուրժի ԼՂ ժողովրդի դեմ հարձակում, ԵՄ-ի, որը բարձրագույն մակարդակում Ադրբեջանի հետ քննարկում էր անվտանգության և իրավունքների հարցը, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի և քաղաքակիրթ մարդկության։

Գեղամ Ստեփանյանի խոսքից անմասն չմնաց Բաքվում կայանալիք COP 29-ի հարցը, այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչնչացնում է արցախահայերի տները, գետնին հավասարեցնում սրբավայրերը՝ ջնջելով հայկական հետքը, ձերբակալելով հայ ռազմագերիների և ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30