Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր ձևաչափերով թաղեն արցախյան հարցը»․ քաղաքագետ

Սեպտեմբեր 19,2024 20:28

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ճանապարհով է տեսնում արցախյան հիմնախնդիր լուծումը՝ իրավակա՞ն, դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական՝ գուցե այն թողնելով գալիք սերնդի ուսերին։

Քաղաքագետի համոզմամբ, արդի փուլում Արցախի հիմնախնդրի լուծում ակնկալելն անիմաստ է։ Ըստ նրա, քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում, Արցախի հարցը օրակարգ չի մտցվելու ու արցախամետ որևէ որոշում չի կայացվելու։

«30 տարվա ընթացքում, ինչ ընթանում էին բանակցություններ Մինսկի խմբի համանախագահների հովանավորությամբ, բանակցող կողմերից որևէ մեկը չէր գնացել համապարփակ կապիտուլյացիայի, ինչպես 2023 թվականի հոկտեմբերի 6-ին դա արեց Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շարլ Միշելի անմիջական հովանավորությամբ։ Նրանց անմիջական միջնորդությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։

Արցախյան հարցը պատմության գիրկ ցանկանում է գցել հենց Նիկոլ Փաշինյանը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի արցախյան հիմնահարցի լուծման տարբերակներ բացարձակ չլինեն, բացի նրանից, որ ինքն այդ լուծումը տեսնում է իր վարած քաղաքականության տեսակետից, այսինքն՝ «Արցախը Ադրբեջան է  և վերջ» և «Արցախում չպիտի ապրեն հայեր և վերջ»։ Սա է Նիկոլ Փաշինյանի տեսլականը, և դա նրա քայլերից է երևում, որ ինքն այդ ձևաչափով է տեսնում արցախյան հիմնահարցի լուծումը․ համապարփակ կապիտուլյացիա և Արցախի ամբողջական հանձնում Ադրբեջանին՝ առանց որևէ պահանջների։ Այդ նույն արցախահայերը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի կամ ավելի ճիշտ է ասել՝ Հայաստանի առաջին կապիտուլյացիայի փաստաթղթի, արդեն դասվում են փախստականների շարքում։

Ըստ այդ պայմանագրի, Ռուսաստանը պարտավոր էր փախստականների վերադարձի ապահովում կազմակերպել, բայց չարեց։ Մենք շատ դեպքերում մեղադրում ենք հենց պաշտոնական Մոսկվային, որ չի կատարում իր վրա դրված պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, բազմաթիվ կետեր կան, որոնք Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կողմից ամբողջությամբ խախտված են, բայց Մոսկվան  դրանց չի անդրադառնում և հիմա նոր հիշում է այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը և դրա նկատմամբ վերահսկողությունը։ Բայց խնդիրն այն է, որ Մոսկվան որքան էլ ցանկանա այդ ամենն անել, ինքը պարտավոր էր այդ ամենը անել, միևնույնն է Հայաստանի իշխանությունները իրենք են ամեն ինչ անում, որպեսզի թաղեն արցախյան հարցը՝ բոլոր ձևաչափերով։

Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության է եկել մեկ նպատակով, որ ռուսներին դուրս շպրտի Հայաստանից տարածքից և Հարավային Կովկասից, արհամարհում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։

Նա իր սեփական և իր պատվիրատուների տեսակետից ելնելով է լուծում արցախյան հարցը, իսկ ես մասամբ համաձայն եմ նրանց տեսակետի հետ, որ Ռուսաստանը չունի ճկուն արտաքին քաղաքականություն, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մեր տարածաշրջանում հետևյալն է եղել՝ կա արցախյան հարց, կա ռուսաստանյան ներկայություն, չի լինելու արցախյան հարց, ռուսական ներկայությունը Հայաստանից դուրս է մղվում։ Պետք է նշեմ, որ այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի Արցախի հետ, դա Նիկոլ Փաշինյանի կազմակերպածն էր Ալիևի հետ համատեղ և ռուսների անգործության հետևանքներից մեկն էր, որոնք չկատարեցին իրենց պարտավորությունները՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետի, Արցախի թիվ մեկ թշնամին ՀՀ իշխանությունն է, որի ներկայացուցիչներից շատերը սեպ են խրում հայ ժողովրդի միջև, արցախցիներին հիշեցնում են, որ նրանք Հայաստանում հյուր են ու չունեն իրավունք երկրի ներքին հարցերին խառնվելու։

«Մենք տեսնում ենք, որ այսօր ողջ հայությունը Արցախի դատարկման ողբերգական տարելիցն է ոգեկոչում, իշխանական ֆեյքնյուսերն ու լրատվամիջոցները զբաղված են ամենավերջին վիրավորանքներն արցախահայությանը հասցնելու։ Ամենազարհուրելին այն է, որ Փաշինյանի թիմակիցները փորձում են հայաստանյան կիսագրագետ, քաղաքականապես տգետ հանրության զգալի մասին համոզել, որ արցախցիներն իրենք են մեղավոր իրենց վիճակի համար, որովհետև զենք ունենալով՝ չեն կռվել։

Իհարկե, այս պարագայում, նրանք մի կողմ են թողնում այն կարևորագույն փաստը, որ հենց պաշտոնական Երևանն է արգելել Արցախի պաշտպանական բանակին զենք կիրառել ադրբեջանցիների դեմ, որովհետև ոչ մեկի համար նորություն էլ չի եղել, որ Արցախի պաշտպանական բանակն անմիջական ենթարկվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը։

Եվ ցավով պիտի արձանագրենք, որ մեր հասարակության կիսագրագիտությունը ուղղակիորեն պարարտ հող է ստեղծում նույն Նիկոլի և նիկոլականների համար սեպ խրելու հայության միջև և տարանջատելու արցախցիներին Հայաստանի Հանրապետության մյուս բնակիչներից, այն դեպքում, երբ դա նույնիսկ թուրքերին չէր հաջողվում։

Արցախի հարցի լուծման վերաբերյալ որևէ դրական սպասելիք մենք չենք կարող ունենալ, քանի դեռ իշխանությունը գտնվում է  Նիկոլ Փաշինյանի ձեռքում։

Եվս մեկ շատ կարևոր փաստի մասին խոսեմ․ Ադրբեջանը բավական երկար ժամանակ բարձր մակարդակով, նախագահի մակարդակով բարձրաձայնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ստորագրություն դնի մի փաստաթղթի տակ, որով լուծարվում է Մինսկի խումբը։ Այս պահի դրությամբ դեռ այսպիսի քայլ չի արել Հայաստանի ղեկավարությունը, բայց վերջին օրերին բացի նրանից, որ Ադրբեջանի իշխանությունը Հայաստանից պահանջում է փոխել մեր Սահմանադրությունը, որպեսզի  ստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, ադրբեջանական կողմը բարձրաձայնում է Մինսկի խմբի  լուծարումը օրինականացնող փաստաթղթի ստորագրման հարցը, որը նախապայմանի նման հնչում է պաշտոնական Բաքվից։

Իսկ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսի ժամանակ շատ պարզ ասաց՝ Արցախ չկա, ասենք ասեցինք Արցախ, ինչ է լինելու։ Մինչև այս իշխանությանը չհեռացնենք, արցախյան հարցի վերաբացման մասին խոսք լինել չի կարող»,-ասում է քաղաքագետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30