Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տեղյակ ենք այդ իրադարձությունների ազդեցության մասին հայ երեխաների վրա, այդ հարցերը կդնենք Ադրբեջանի առաջ»․ Անն Սկելտոն

Սեպտեմբեր 19,2024 20:06

«Մենք այս հարցերը կդնենք Ադրբեջանի առաջ»,-Aravot.am-ի փաստմանը՝ արցախահայության բռնի տեղահանումից մեկ տարի է անցել, սակայն Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել իր գործած հանցագործությունների համար, որոնց պատճառով խախտվել են 120000-ից ավելի արցախահայերի՝ այդ թվում երեխաների կրթության, ծննդավայրում ապրելու իրավունքները և հարցին՝ ի՞նչ գործիքակազմ են կիրառում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար, Ժնևում կազմակերպված ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց կոմիտեի նախագահ Անն Սկելտոնը։

Փաստեցինք՝ այսօր էլ շարունակվում են խախտվել արցախցի երեխաների իրավունքները, քանի որ ադրբեջանցիները սոցցանցերում հրապարակում են տեսանյութեր արցախահայերի տներից, իսկ երեխաները տեսնում են իրենց տները և տրավմայի ենթարկվում, Անն Սկելտոնն ասաց․ «Մենք տեղյակ ենք այն իրադարձությունների ազդեցության մասին հայ երեխաների վրա, որոնք Դուք նկարագրեցիք։ Այդ հարցը բարձրացվել է, և քննարկումների մի մաս է»։

Հիշեցրինք՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն Հայաստանի մասին իր զեկույցում փաստել էր՝ ՀՀ օրենսդրությունն իր բոլոր կարգավորումներում դեռևս չի արգելում մարմնական պատիժը և հարցին՝ այս մասին պահանջ ներկայացվե՞լ է ՀՀ իշխանություններին, Անն Սկելտոնը պատասխանեց․ «Մենք պահանջել, հորդորել ենք ՀՀ կառավարությանը հրատապ միջոցներ ձեռնարկել վերջ դնելու մարմնական պատժի կիրառմանը իր բոլոր դրսևորումներով և նաև ապահովել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան երեխաներին բողոք ներկայացնել՝ մասնավորապես դպրոցներում և այլընտրանքային դեպքերով։ Նաև հավատացած ենք, որ կառավարությունը պետք է իր ներդրումն ունենա փոխելու երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժ կիրառելու հարցի վերաբերյալ հանրության վերաբերմունքը»։

Անն Սկելտոնը նաև տեղեկացրեց՝ դիտարկելով հայաստանյան իրավիճակը՝ կոմիտեն արձանագրել է, որ թեև կառավարությունն առաջընթաց է գրանցել կոնկրետ ոլորտներում՝ օրինակ՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության հետ կապված հարցերով, նախաձեռնել են Ապահով անկյուն ծրագիրը, սակայն դրա աշխարհագրությունը երկրի տարածքում ընդլայնման կարիք ունի․ «Մենք մտահոգված ենք հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներով։ Հորդորում ենք իշխանությունների աջակցել այս երեխաների ընտանիքներին և հրատապ քայլեր ձեռնարկել այս երեխաներին վերադարձնելու համայնքներ։ Պետք է ներդրումներ կատարվեն կրտսեր տարիքից, ինչպես նաև դպրոցական  ենթակառուցվածքների հարցում և նաև պետք է ավելացնել որակավորում ստացած ուսուցիչների թիվը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30