«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ոլորտում ընթացիկ բարեփոխումներին, ծրագրերին, առողջապահության համակարգի մարտահրավերների չեզոքացման և ոլորտի զարգացման գործում Սփյուռքի ներուժի ներգրավման կարևորությանը:
Նա մատնանշել է վերջին տարիներին սփյուռքահայ բարերարների, բժիշկների և առողջապահության կազմակերպիչների հետ ունեցած համագործակցության, կարողությունների մեկտեղման դրական փորձը և հայտնել պատրաստակամություն այն ընդլայնելու:
Համակարգային բարեփոխումների համատեքստում գերատեսչության ղեկավարը նշել է, հատկապես, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման գործընթացում Սփյուռքի ներգրավվածությունը` թե ֆինանսական, թե նոր միջավայրի, մշակույթի ստեղծման գործում` օրինակ բերելով վերջերս բացված Դսեղի առողջության կենտրոնը:
«Մենք ունենք ամբուլատորիաների նոր կոնցեպտուալ նախագիծ և առաջիկայում մեկնարկելու ենք 50 գյուղական ամբուլատորիաների մրցույթի փուլը և ձեր մոտեցումը, ներուժը կառուցման, վերազինման աշխատանքներում կարևոր է: Ուզում եմ շեշտել նաև գործակցության ամրապնդման իմ պատրաստակամությունը բուժանձնակազմի վերապատրաստման, փորձի փոխանակման, գործելակարգերի, ուղեցույցների մշակման և ներդրման աշխատանքներում»,-ասել է նախարարը:
Կարդացեք նաև
Պանելային քննարկման ավարտից հետո նախարար Ավանեսյանը նաև շրջել է էքսպո կենտրոնում՝ անցել ցուցադրված մարզային տաղավարներով, ծանոթացել տեղական արտադրանքին:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ