Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասում էր՝ այլևս ի վիճակի չեմ այդ բացասական հոսքերը լսել․ ի վերջո դուրս եկավ լրագրությունից»․ տրավմատիկ իրավիճակները՝ լրագրողների մասնագիտական գործունեության այրման պատճառ

Սեպտեմբեր 19,2024 18:28

Քովիդ, պատերազմ, Արցախի շրջափակում, «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյուն, արցախահայության տեղահանություն, ջրհեղեղ․ սրանք վերջին տարիների այն իրադարձություններն են, որոնք մեծապես ազդեցին հասարակության հոգեկան առողջության վրա, առավել ևս՝ լրագրողների, որոնք, որպես կանոն, մշտապես և ամենուր թեժ կետերում են։ Տրավմատիկ այս իրավիճակները խորը հետք են թողնում մեդիաբովանդակություն ստեղծողների վրա, ինչն արտահայտվում է վարքագծային փոփոխություններով՝ ընդհուպ մինչև մասնագիտական այրում՝ դադարեցնելը լրագրությամբ զբաղվել։ Արցախի կորստից, արցախահայության տեղահանման վերջին ալիքից մեկ տարի է անցել, 44-օրյա պատերազմից 4 տարի, բայց այդ գործողությունները լուսաբանած շատ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ դեռ հոգեբանորեն չեն հաղթահարել այս տրավմատիկ իրավիճակների թողած բացասական ազդեցությունը։

Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի անձնական փորձառությունը շատ ավելի վաղ շրջանի է վերաբերում․ նա 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ ԱԺ-ի վրա հարձակման ժամանակ խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող լրագրողներից մեկն է։ Մեզ հետ զրույցում պատմեց․ «Պատկերացնելու համար, թե  ինչ վիճակում էի, ասեմ, որ բնականաբար, մինչև այդ իմ ներկայությամբ անգամ չէին կրակել, ուր մնաց՝ սպանված մարդիկ տեսնեի։ Վերջին բանը, որ ես տեսա նիստերի դահլիճից դուրս գալուց, պատգամավորներից մեկն էր․ գետնատարած, դեմքի կեսը գրեթե չկար, ձեռքը բարձրացրած՝ օգնություն աղերսող վիճակում էր»։

Աննա Իսրայելյանը հիշեց՝ այն ժամանակ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը միակն էր, որ խորհուրդ տվեց անմիջապես դիմել հոգեբանական աջակցության համար․ «Դրա կարևորությունը որևէ մեկս այդ պահին չէր գիտակցում, քանի որ գուցե չկար այդ մշակույթը, դա համարվում էր անպատվաբեր մի բան, կարծես պիտի հոգեկան խնդիրներ ունենայիր, որ դիմեիր աջակցության համար։ Բայց դրա հետևանքները շատ երկար տարիներ զգացնել էին տալիս: Էլ չասած այն, որ տևական ժամանակ ես ոչ քաղցի զգացողություն էի ունենում, ոչ քնի ցանկություն․ ուղղակի բաց աչքերով պառկում էի։ Տևական ժամանակ տեսնում էի, որ այն լրագրողները, որոնք նիստերի դահլիճում էին, ուղղակի ամեն բարձր ձայնից վեր էին թռչում»։

Խմբագրի անձնական փորձառությունը առիթ դարձավ, որ երբ «Առավոտի» լրագրողները ռազմական գործողությունների ժամանակ Արցախում էին, ու օպերատորներից մեկն ակնհայտորեն ուներ նույն հոգեբանական խնդիրները, Աննա Իսրայելյանն ինքը հաստատակամորեն  պնդում էր, որ նա անպայման դիմեր հոգեբանի՝ մանավանդ, որ արդեն այդ հնարավորությունները կային, և մի քանի կազմակերպություններ ազդարարեցին, որ պատրաստ են հոգեբանական օգնություն մատուցել այն լրագրողներին, որոնք Արցախում էին ռազմական գործողությունների ժամանակ․ «Ցավով պետք է ասեմ, որ ինքն այդպես էլ չօգտվեց այդ հնարավորությունից, ինչպես և չեն օգտվում մեր այն լրագրողները, որոնք ոչ այնքան ծայրահեղ իրավիճակներում՝ ռազմական գործողություններ, պայթյուն և այլն, բայց իրենց ամենօրյա  աշխատանքի ընթացքում են բախվում բուլինգի, վիրավորանքների։ Թեկուզ նման առիթ կարող է լինել ԱԺ-ում նիստերի լուսաբանումը, երբ լրագրողին վիրավորում են՝ ե՛ւ անձնապես, ե՛ւ իր հարազատներին, ե՛ւ իր լրատվամիջոցը։ Իսկ այդպիսի դեպքեր «Առավոտում» բազմիցս եղել են»։

Ադրբեջանական ագրեսիայի պատճառով 2023-ի սեպտեմբերի 19-20-ին արցախահանության բռնի տեղահանումը ևս մեկ տրավմատիկ հարված էր նաև լրագրողների համար։ Աննա Իսրայելյանը նկատեց՝ առանձնահատկությունն այն էր՝ քանի որ մինչև Արցախի հայաթափումը արդեն իսկ Արցախը շրջափակման մեջ էր, և լրագրողները զրկված էին Արցախ մեկնելու ու այնտեղ լուսաբանելու հնարավորությունից, անմիջականորեն այդ ամենի ազդեցությունն իրենք չկրեցին․ «Կրեցին հետո, երբ շփվում էին փախստականների, իրենց տունուտեղից զրկված մարդկանց հետ, որոնք շատ անգամ ուղղակի սովորական՝ իրենց տան շորերով հասել էին Հայաստան առանց որևէ ունեցվածքի։ Սա նույնպես մի սթրես էր»։

Աննա Իսրայելյանն ասաց՝ տրավմատիկ այս հարվածները լրագրողի համար ունենում են կուտակման էֆեկտ, երբ ի վերջո մի պահ պայթում է․ «Ժամանակին, երբ ես էի խորհրդարանական թղթակից, ԱԺ-ում անընդհատ բախվում էի պատգամավորների՝ վիրավորանքներով լեցուն վերաբերմունքին։ Սկզբում ավելի հանգիստ էի ընդունում՝ որպես աշխատանքիս բերումով եկած խնդիր, բայց ինձ մոտ եկավ մի պահ, երբ հասկացա, որ այլևս չեմ  կարողանում դա տանել, ու հիշում եմ՝ որ պահին դա հասունացավ։ Իշխող խմբակցության պատգամավորն ինձ ասաց՝ կտամ, գլուխդ կցխեմ պատին, ու այդ արտահայտությունից ողջ մարմնով դողում էի, ինձ տարել ու ջուր էին շփում երեսիս՝ այնպես էի ազդվել»։

Աննա Իսրայելյանը հիշեց՝ կուտակման այս էֆեկտի մի դրսևորում էլ եղել է տարիներ առաջ «Առավոտի» սոցիալական էջի պատասխանատուի մոտ․ «Նա աշխատանքի բերումով հարկադրված էր լսել մարդկանց, որոնք գալիս էին խմբագրություն բողոքներով։ Ինքն ինձ խոստովանեց՝ ուղղակի հոգնել եմ նեգատիվից։ Այդ անձը դուրս եկավ լրագրությունից, ի վերջո երկրից էլ հեռացավ։ Ասում էր՝ այլևս ի վիճակի չեմ այդ բացասական հոսքերը լսելու և ընկալելու»։

Aravot.am-ի հետ զրույցում «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ նախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Դավիթ Ամիրյանը կարևորեց լրագրողական գործունեության իրականացման համար լրագրողների սոցիալ-հոգեբանական պատրաստվածությունը։

Նշենք, որ տարեսկզբից Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կողմից իրականացվում է «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագիծը։ Այն Հայաստանում Ինտերնյուս միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

ՀԼԱ-ն, կարևորելով հայաստանյան մեդիայի աշխատակիցների հոգեբանական բարեկեցությունն ու առողջ մասնագիտական միջավայրի առկայությունը, անվճար հոգեբանական խորհրդատվություններ է առաջարկում Հայաստանի ԶԼՄ ներկայացուցիչներին։ Հոգեբանների տվյալները տեղադրված են ՀԼԱ կայքում, և այն լրագրողները, որոնք կարիք ունեն անհատական հոգեբանական խորհրդատվության, կարող են դիմել և ստանալ որոշակի թվով անվճար խորհրդատվություններ։

Ծրագրի շրջանակներում «Հոգեբանների հայկական գիտական միավորում»-ն իրականացրել է հետազոտություն գնահատելու արտակարգ իրավիճակներ լուսաբանող հայաստանյան լրագրողների սոցիալ-հոգեբանական կարիքները։

Հարցազրույցներ են անցկացվել արտակարգ իրավիճակների լուսաբանման փորձ ունեցող 23 լրագրողների և մեդիակառավարիչների հետ։ Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ։ Դավիթ Ամիրյանը մանրամասնեց․ «Առաջին ամենամեծ խնդիրը կրթականն է։ Մեր հետազոտությունը հերթական անգամ հանգեցրեց նրան, որ պետք է կարևորել և խոսել լրագրողների, լրատվությամբ զբաղվող, մեդիաբովականդակություն ստեղծողների հոգեկան առողջության մասին։ Մեդիաբովանդակություն ստեղծողները ոչ միայն լրագրողներն են, այլև օպերատորները, լուսանկարիչներն ու անգամ համակարգչի մոտ նստած և լրագրողի նյութը մուտքագրող անձինք, որոնք ևս ապրում են այն հոգեվիճակը, ինչը լրագրողն այդ բովանդակությունը ստեղծելիս»։

Մեր զրուցակիցն այս առիթով փաստեց՝ ունենք ամբողջ հասարակության հոգեկրթության, հոգեհիգիենա սովորեցնելու բացը․ «Մենք ունենք լուրջ բաց մեդիաբովանդակություն ստեղծողներին կրթելու, նրանց մոտ ձևավորելու գիտելիք ու հմտություն, որը կոչվում է սոցիալ-հոգեբանական պատրաստվածությունը լրագրողական գործունեությունում»։

Այս հարցում թերևս կարևոր է ինքնախնամքը, որ լրագրողն ինքը հասկանա՝ ունի խնդիր և չանտեսի այն, չմտածի՝ դե լավ, կանցնի․ «Եթե մենք լրագրողին իր գործունության սկզբում սովորեցնենք՝ ինչ է նշանակում իր հոգեվիճակը և ինչքան կարևոր է դա և դրան հետևելն ու խնամելը, ինքը կհասկանա, որ կարիք ունի միջամտության։ Կարևոր է մարդուն այս գիտակցմանը բերել»։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմը լուսաբանած շատ լրագրողներ կհավաստեն, որ անցել է 4 տարի, բայց այսօր էլ, երբ մի հրավառության, պայթյուն կամ մեքենայի սուր ձայն են լսում, կարծես մտովի հետ են գնում Արցախ։ Այդ պատճառով կարող են ֆիզիկապես լավ չզգալ, ընկճվել, վախենալ, ինչը սկսում է հետք թողնել մասնագիտական գործունեության վրա, աշխատանքից դուրս՝ ընտանեկան, ընկերական, հարաբերությունների վրա, սոցիալական միջավայրում և շփումներում։ Սկսում են մտածել՝ այս մարդիկ ինձ չեն հասկանում․ իրենք չեն տեսել ռումբի, ԱԹՍ-ի պայթյունը, իսկ դրանից հետո ծնվում է անարդարության զգացում և ինքն իրեն տրված հարցը՝ լավ սրա՞ համար էինք դա անում։

Այս հարցում ըստ Դավիթ Ամիրյանի՝ կարևոր է նաև մեդիամենեջերների դերը՝ հասկանալու իր աշխատողի հոգեվիճակը, պատասխանատվություն կրելու իր աշխատակցի հոգեվիճակի համար և ունենալու ինչու չէ՝ նաև պարտադրված ինչ-որ մեխանիզմներ, որոնք կստիպեն մեդիամենեջերին հոգ տանել իր աշխատակիցների համար։ Դավիթ Ամիրյանն այս դեպքում դիտարկում է լրագրողների համար պարտադիր բժշկական ապահովագրության օրինակը, որը կներառի նաև հոգեբանական խորհրդատվություն։ Թեև նշեց, որ մեդիայի ներկայացուցիչներն օբյեկտիվորեն կպնդեն, որ դրա ռեսուրսները չկան, սակայն այս մասին հնարավորինս շատ խոսելն արդեն իսկ կարող է օգտակար լինել։

Դավիթ Ամիրյանը մեդիամենեջերներին խորհուրդ է տալիս փորձել լրագրողների հետ զրուցել, հասկանալ նրանց խնդիրները, անգամ եթե ապահովագրական փաթեթն էլ չկա, փորձեն իրենք աջակցել լրագրողին։ Ըստ հոգեբանի՝ կարելի է նաև աշխատանքից դուրս բնության գրկում կազմակերպել միջոցառումներ, որոնց ընթացքում որպես պայման՝ չխոսեն լրագրությունից։

Դավիթ Ամիրյանին ոգևորել է նաև այն, որ հետազոտության մասնակիցների համար սենսացիան առաջնայինը չէ․ «Իրականությունը ճշմարիտ ձևով ներկայացնելը բոլորի համար առաջնային էր, ինչն իրենք անում են իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության հաշվին։ Այդ մարդիկ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ունեցել են բարձր բարեվարքության աստիճան, մտածում են՝ եթե ես ասեմ՝ լավ չեմ, տրամադրությունս ընկել է, էլ ինձ չեն ուղարկի թեժ կետեր, բայց ես ուզում եմ, որովհետև ուրիշ ո՞վ պետք է ճմշարտությունը վեր հանի։ Մենք պետք է փորձենք այդ մարդկանց հետ խոսել ու ասել, որ այսօվա շատ տարբեր, նույնիսկ, անհասկանալի մեդիադաշտում՝ ամբողջ աշխարհում շատ կարևոր է ազնիվ, բարեվարք և պրոֆեսիոնալ լրագրողների աշխատանքը, բայց դա չպետք է տեղի ունենա նրա հաշվին, որ լրագրողը հյուծվի, սպառվի, իր մոտ այն աստիճան մասնագիտական գործունեության այրում լինի, որ մի օր ասի՝ չեմ ուզում զբաղվել լրագրությամբ»։

Դավիթ Ամիրյանը պատմեց՝ հանդիպել է լրագրողների, որոնք այնքան ծանր են տարել իրենց լուսաբանած աշխատանքը, որ ուղղակի միանգամից դադարել են լրագրությամբ զբաղվել․ սովորել են նոր մասնագիտություն, որպեսզի կարողանան «հետ գալ» իրականություն։

Կարևոր է նաև լրագրողներին տրամադրել այնպիսի գիտելիքներ, որոնք ոչ հոգեբանական են, ոչ էլ լրագրողական՝ օրինակ առաջին բուժօգնություն, տարածքի իմացություն, աշխարհագրություն, պատերազմական իրավիճակներում աշխատելու հմտություններ և այլն․ «Հարցման մասնակիցների մեծ մասը նշում էր առաջին բժշկական օգնության գիտելիքների կարևորությունը, քանի որ շատերը հայտնվել էին այնպիսի իրավիճակում, որտեղ պետք է թողնեին իրենց տեսախցիկը, բարձրախոսն ու ձայնագրիչը և օգնեին մարդուն։ Երբ, օրինակ, լրագրողի մոտ դա չի ստացվում, հետո կարող է մտածել՝ ո՞ւմ էր պետք իմ լրագրությունը, եթե կողքի մարդն արնահոսում էր, ու ես չգիտեի՝ ոնց պետք է այդ կապանը դնել և այլն»։

Ըստ Դավիթ Ամիրյանի՝ այդ խնդրի լուծման համար լավ կլինի, որ բոլոր լրատվամիջոցներն ունենան ներքին քաղաքականություն և փաստաթղթեր՝ արտակարգ իրավիճակներ լուսաբանելու մասին․ «Դրանց միջոցով պետք է լրագրողները կրթվեն, ժամանակ առ ժամանակ վերապատրաստվեն, իսկ փաստաթղթերը ժամանակ առ ժամանակ թարմացվեն և ներկայացվեն լրագրողներին։ Ինձ համար ուրախալի ու զարմանալի կլինի այն, որ այդ փաստաթղթերում, օրինակ՝ նշված լինի՝ եթե Երևանում անհնազանդության ցույցեր են, ո՞ր վայրերում են դրանք տեղի ունենում։ Ամեն տեղի համար նաև նշված լինի, թե որտեղ պետք է կանգնի լրագրողը, որ կարողանա օբյեկտիվ բռնել, տեղեկատվություն ունենալ և փախչելու ժամանակ իմանա՝ ոնց է փախչում»։

Լրագրողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը ու մասնագիտական արհմիություններ ունենալու կարևորությունը ևս հրատապ հարց է։

Դավիթ Ամիրյանի համար ուրախալի է այն, որ հարցազրույցներին մասնակցած մեդիայի ներկայացուցիչները այս ընդհանուր խնդիրների շուրջ խոսելու հարցում բաց են եղել: Ինչպես ամբողջ հասարակության շրջանում, այնպես էլ մեդիաներկայացուցիչների շրջանում երբեմն դիտվում են հոգեբանի դիմելու հարցում նախապաշարմունքներ, ինչը ժամանակի ընթացքում փոխվում է։ Դավիթ Ամիրյանը վստահեցնում է՝ հոգեբանին դիմելը թուլության նշան չէ, այլ ինքդ քո խնդիրը գիտակցելն ու քո հոգեխնամքն իրականացնելն է՝ մասնագետի օգնությամբ։ Նշեց, որ կցանկանար, որպեսզի լրագրողներն ավելի ակտիվ լինեին օգտվելու այն հոգեբանական խորհրդատվությունից, որն այսօր նրանց անվճար տրամադրվում է․ «Հոգեբանները չեն ասում՝ ինչ է պետք անել, այցելուի փոխարեն հոգեբանը ոչինչ չի անում, այլ այցելուն ինքն իր ճանապարհով է գնում, այդ ճանապարհին դժվարության է հանդիպում, հոգեբանն ուղղակի իր կողքին է հայտնվում, բռնում նրա ձեռքն ու օգնում։ Շատ դեպքերում լրագրողը, այցելելով հոգեբանի, կարող է հասկանալ, որ այս կամ այն խնդիրն իր մոտ առաջացել է այն տրավմայի պատճառով, որը հետևանք է ծանր մի նյութ լուսաբանալու, ու լրագրողն այդ մարդկանց տրավման դարձրել է իրենն ու տանում է»։

Դավիթ Ամիրյանը նաև կարևորեց, որ լրագրողներն էլ խոսեն ընդհանրապես հասարակության հոգեկան առողջության մասին․ «Ընդհանրապես արտակարգ իրավիճակը նույն տրավման է, մեր հասարակությունն էլ է գտնվում այդ տրավմայի մեջ։ Բայց տրավման միայն բացասական չէ, այլ կարող է ունենալ նաև զարգացման պոտենցիալ։ Այստեղ կարևոր է, թե ոնց ենք մեկս մյուսի հետ խոսում, արդյոք կարո՞ղ եմ թույլ տալ այս կամ այն հարցը տալ կողքինիս»։

Բոլոր այս հարցերը մասնագետները խորհուրդ են տալիս դիտարկել ընդհանուր հասարակության հոգեկան առողջության խնդիրների շրջանակում։ Ու լրագրողները պետք է շատ լավ հասկանան՝ իրենց ստեղծած բովանդակությունը հանրության հոգեկան առողջության վրա լուրջ հետք է թողնում, հանրության վերաբերմունքը լրագրողի նկատմամբ սկսվում է փոխվել․ «Ես մարդկանց հետ եմ զրուցել, որոնք շատ լուրջ, ծանր ապրումներ ունեին, երբ իրական ճշմարտությունը ներկայացնելուց հետո իրենց սկսել են քարկոծել։ Հասարակության հոգեկան առողջության հարցը, հասարակության՝ տրավմայի մեջ գտնվելու հարցը, առանձին լրագրողի հոգեկան առողջությունը փոխկապակցված են»։

Դավիթ Ամիրյանի համոզմամբ՝ պետք է կարողանանք հասկանալ՝ ոնց ենք մեկս մյուսի նկատմամբ ունենում պատասխանատվություն, որ կարողանանք իրար օգնել այս իրավիճակից դուրս գալու համար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30