Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր մերժեց «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ կայուն մեծամասնության երաշխիքի սահմանադրական կարգավորումից նախքան 2026 թվականի ընտրությունները ձերբազատվելու առաջարկը:
Որոշմանը դեմ էին իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներն ու «Հանրապետություն» կուսակցությունը, կողմ էին ՀԿ-ների ներկայացուցիչներն ու «Լուսավոր Հայաստանը»:
Ստորև հակիրճ ներկայացնում ենք հարցի էությունը (երկար տարբերակն այստեղ է):
Ի՞ՆՉ Է ԿԱՅՈՒՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Կարդացեք նաև
Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կարողանում կազմել կոալիցիա, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը, և երկրորդ փուլի հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն՝ անկախ ընտրությունների առաջին (հիմնական) փուլում իր ունեցած հանրային աջակցությունից:
Այսինքն, ընտրողների 25-30%-ը հավաքած ուժը կարող է ստանալ խորհրդարանական մեծամասնություն ու միանձնյա ձևավորել կառավարություն:
Համակարգն առաջին անգամ ներդրվել է 1924 թվականին Ֆաշիստական Իտալիայում (Բենիտո Մուսոլինիի կողմից): Համանման համակարգ այժմ չկա համարյա ոչ մի ժողովրդավարական երկրում:
ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ՓՈԽԵԼ ԱՅՍ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Կայուն մեծամասնության սկզբունքն ունի մի քանի խնդիրներ․
– հակասում է պառլամենտարիզմի էությանը. բոնուսային տեղեր ստացած ուժը խորհրդարանում ավելի շատ է ներկայացված լինում, քան իր ընտրողների տեսակարար կշիռն է,
– ձևավորվում է խորհրդարան, որը համամասնորեն չի արտահայտում հասարակության տարբեր շերտերի կարծիքները, գործում է «հաղթողին ամեն ինչ» սկզբունքը,
– քաղաքական ուժերը մոտիվացված չեն լինում պայմանավորվելու և երկխոսելու, իսկ երկրորդ փուլը նպաստում է հանրության բևեռացմանը,
– քաղաքական պայքարը խորհրդարանից տեղափոխվում է փողոց, քանի որ խորհրդարանը դադարում է լինել հանրության համամասնորեն խտացված ներկայացուցչական մարմինը,
– համակարգը խրախուսում է կայուն կառավարումը, բայց խորհրդարանի լեգիտիմության անկումը կարող է հանգեցնել ավելի խորը խնդիրների, ինչպիսին է քաղաքական ճգնաժամը (դրա վառ օրինակը 2017 թվականին էր, երբ ՀՀԿ-ն ուներ մեծամասնություն, բայց իր ընտրած վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, անգամ մի շաբաթ չկարողացավ պաշտոնավարել):
ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ՓՈԽԵԼ ԱՅՆ
Կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար պետք է Սահմանադրության 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի գումարվում անդրանիկ նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում, ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս, Հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։
Այս փոփոխությունը չի հակասում Սահմանադրության այլ դրույթներին և կարող է փոխվել Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ⅔-ի ձայներով:
Առաջարկը շարադրված էր այնպես, որ չհակասի Սահմանադրության որևէ այլ նորմի:
Ե՞ՐԲ ԷՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ՓՈԽԵԼ ԱՅՆ
Կայուն մեծամասնության մասին սահմանադրական նորմը պետք է փոխել նախքան 2027 թվականին նախատեսված սահմանադրական մեծ ռեֆորմի հանրաքվեն, որպեսզի 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ խնդրահարույց մեխանիզմն արդեն հանված լինի:
Իրազեկ քաղաքացիների միավորում