Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «2023 թվականի սեպտեմբերի 18-ին արցախցի երեխաները վերջին անգամ գնացին դպրոց Արցախում, վերջին անգամ հնչեց դպրոցի զանգը, եւ սեպտեմբերի 19-ից Արցախում աշխատեցին միայն հիվանդանոցները»

Սեպտեմբեր 19,2024 17:47

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր ժամը 13:00-ին «Հայելի» ակումբում ասաց. «Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, հենց այս րոպեներին Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի հանդեպ: Սեպտեմբերի 18-ին արցախցի երեխաները վերջին անգամ գնացին դպրոց Արցախում, վերջին անգամ հնչեց դպրոցի զանգը, Արցախի համալսարանները վերջին անգամ աշխատեցին, եւ սեպտեմբերի 19-ից սկսած աշխատեցին միայն Արցախի հիվանդանոցները՝ ամեն րոպե, ամեն վայրկյան ընդունելով դիակներ, վիրավորներ:

Իսկ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Արցախի դեմ ռազմական ագրեսիա սկսեց, որովհետեւ դրանից մեկ տարի առաջ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջան: Ալիեւն էլ հայտարարեց՝ քանի որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ, ես Արցախում սկսում եմ հակաահաբեկչական օպերացիա, որովհետեւ Նիկոլը Արցախը համարել է Ադրբեջան, եւ ես իմ տարածքները ազատում եմ հայկական օկուպացիայից:

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել Արցախի 12 քաղաք, 241 գյուղ, 13550 տուն, որոնց 30 տոկոսը ավելի քան 100-ամյա հնության, 11450 բնակարան, 60 ֆաբրիկա, 15 գործարան, 200 մշակույթի տուն, 9 մշակույթի կենտրոն, 23 թանգարան, 232 դպրոց, 7 քոլեջ, 4 համալսարան, 11 արվեստի դպրոց, 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2385 խաչքար, 5 ջրամբար, 5 ջրանցք, 37 ՀԷԿ, 48 հանք, 11 հիվանդանոց, 230 բուժկետ: Եվ սա դեռ ընդամենը մի մասն է Նիկոլի կողմից Ադրբեջանին հանձնված Արցախից:

120 հազար արցախցիներ սեպտեմբերի 19-ից 29-ը ընկած ժամանակահատվածում լքեցին Արցախը: Բազմադարյան պատմության մեջ որեւէ անգամ Արցախը առանց հայ չի մնացել: Նախօրեին Միջազգային Կարմիր Խաչը հրապարակեց թիվ. այս պահին Արցախում չորս հայ կա՝ չորս հիվանդ, որոնցից երեքը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող տարեցներ, որոնք հրաժարվել են դուրս գալ Արցախից: Ես ավելի քան վստահ եմ, որ այդ չորս հայերն այլեւս ֆիզիկապես գոյություն չունեն:

Այսպիսով, մեկ տարի առաջ այս օրը, հենց այս րոպեներին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի արդյունքում, որի թույլտվությունը Ադրբեջանը ստացավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ Պրահայում Նիկոլը հայտարարեց՝ Արցախը Ադրբեջան է, որից հետո Բորելը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է եղել ողջ պատմության ընթացքում, որ Արցախը ճանաչել է Ադրբեջան, 10 օրվա ընթացքում ամբողջ Արցախը հայաթափվեց: Գաղթի ճանապարհին 300-ից ավելի արցախցիներ մահացան, տասնյակ արցախցիներ Երեւան հասնելուն պես մահացան տարբեր հիվանդանոցներում, որովհետեւ ուղղակիորեն ուժասպառ էին եղել: Վերջին օրերին Արցախում, երբ որ Ադրբեջանը անջատել էր էլեկտրաէներգիան, եւ մարդիկ չէին կարողանում իրենց դիակները դիահերձարանում պահել, որովհետեւ հոսանք չկար, սառնարանները հալչել էին եւ դիակները փտում էին, մարդիկ իրենց տների բակում էին թաղում իրենց որդիներին, ամուսիններին: Ստեփանակերտում արագ գերեզմանոց սարքեցին ու առանց դագաղների իրենց զավակներին թաղում էին:

Եվ այսքանից հետո արցախցիների, Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հանդեպ անմարդկային հակաքարոզչություն, որի վրա, ըստ տարբեր լուրերի, նիկոլական իշխանությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում:

Սա է իրականությունը: Եվ սրա փոխարեն ի՞նչ ունենք մենք այսօր: Մենք ունենք իրավիճակ, երբ որ մեր եւ ձեր հարկերի հաշվին սնուցվող Հայաստանի հանրային պետական ռադիոյի ընդունարանում հանձնված Արցախի փոխարեն կախված են ժամացույցներ, որոնք ցույց են տալիս ժամն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, այդ թվում՝ Բաքվում եւ Անկարայում:

Այսինքն, Հայաստանն ուզում է ասել, որ մենք աշխատում եւ ապրում ենք Բաքվի եւ Անկարայի ժամով: Այդ սիմվոլիկան նշանակում է, որ այս իշխանությունն ասում է՝ մեզ համար կա մի օրակարգ, կա մի ժամ, եւ դա Բաքվի եւ դա Անկարայի ժամն է»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30