«Սա շատ կարևոր, զգայուն և էական կետ է խաղաղության բանակցությունների համար։ Այսպես կոչված միջանցքը եղել ու մնում է հայկական տարածք, և այստեղ կարելի է վերջակետ դնել»,- Երևանում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Նա վստահեցրեց՝ իրենց համար հստակ է նաև հայկական կողմի դիրքորոշումը՝ ըստ որի՝ հայկական կողմը պատրաստ է ինքնուրույն ապահովել այդ ճանապարհի անվտանգությունը, կազմակերպել և ապահովել նաև ազատ տեղաշարժն այդ ճանապարհով, սակայն «կարևոր է, որ այդ ճանապարհը մնում է հայկական ինքնիշխան տարածք, և դրանով ամեն ինչ ասված է»։
Խոսելով Եվրոպայում ռուսական քարոզչության մասին՝ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց․ «Եվրոպայում բախվում ենք Ռուսաստանի կողմից քարոզչությանն ու ապատեղեկատվության տարատեսակ դրսևորումներին։ Ամենատարածված պատումներից է այն, որ ԵՄ-ն ստիպում է այս կամ այն երկրին է՛լ ավելի մերձենալ Եվրոպային ու հակադրվել ՌԴ-ին։ Սա էժան քարզոչություն է՝ ոչ այլ ինչ։ ԵՄ-ում կապված ՌԴ-ի՝ այս սարսափելի հարձակվողական պատերազմի հետ Ուկրաինայի դեմ, ընդհանուր առմամբ գերիշխում է այն մոտեցումը, որ պետք է բացել հնարավորությունները Արևելյան Եվրոպայի երկրների համար, և այդ երկրների թվում են ոչ միայն Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, այլև՝ Հայաստանը»։
Լրագրողների փաստմանը՝ այսօր մեկ տարին է լրանում, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և էթնիկ զտման ենթարկեց Արցախը, բայց մինչև այս պահը Ադրբեջանին դատապարտող քայլեր միջազգային խաղացողների կողմից չենք նկատում, Միխայել Ռոթն այսպես արձագանքեց․ «Չեմ հիշում, թե էթնիկ զտումից հետո ինչ հայտարարություններ են եղել տարբեր կողմերից, սակայն ինքս դատապարտել եմ Ադրբեջանի այդ գործողությունը և, իհարկե, ես նույնպես բազմիցս հանդես եմ եկել հայ ռազմագերիների ազատ արձակման օգտին և գտնում եմ, որ դա րոպե առաջ պետք է տեղի ունենա»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ փուլում է գտնվում վիզաների ազատականացման գործընթացը, Միխայել Ռոթը պատասխանեց․ «Ես չեմ կարող այնպիսի խոստումներ տալ, որոնք չեմ կարող պահել, սակայն վիզաների ազատականացման գործընթացը բավականին բարդ է։ Այն վարում են ոչ թե ԵՄ անդամ պետությունները, այլ Եվրոպական հանձնաժողովը։ Այս պահին մենք գտնվում ենք անցումային փուլում․ նոր հանձնաժողովը ձևավորման փուլում է։ Սպասում և ակնկալում եմ, որ Եվրոպական նոր հանձնաժողովը մեծ ներգրավվածությամբ ինտենսիվորեն առաջ կտանի այդ գործընթացը, քանի որ վիզաների ազատականացում նշանակում է ավելի շատ շփումներ, հանդիպումներ, փոխվստահություն, դա նաև ճանապարհ է տնտեսական զարգացման համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ