Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի բռնի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից մեր այսօրվա պատմության ամենամութ էջերից է»․ Միխայել Ռոթ

Սեպտեմբեր 19,2024 16:40

«Այստեղ էի հյուրընկալվել ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ պատմության մի մթին ժամանակահատվածում, երբ տեղի ունեցավ Ղարաբաղի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը»,- Երևանում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

Նա վստահեցրեց՝ չենք մոռացել այս սարսափելի իրադարձությունները․ «Գերմանիայում՝ որպես ՀՀ-ի բարեկամներ, փորձելու ենք մեր նպաստը բերել տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության ուղղությամբ։ Դեպի ժողովրդավարություն և հիմնարար իրավունքներ տանող ճանապարհը մեծապես կարևոր է։ ՀՀ կառավարությունը և կառավարության մաս կազմող կուսակցությունները խիզախություն են ունեցել այս ուղղությամբ։ Մեծագույն վտանգը, որը սպառնում է ԵՄ-ին և Գերմանիային, համարում ենք ռուսական իմպերիալիզմն ու գաղութատիրությունը։ Ձեր կառավարությունը, իշխանություններն այսպես կոչված ընդդիմացել են պուտինյան, ռուսաստանյան ռեժիմին և Պուտինին ցույց տվել իր սահմաները՝ ապացուցելով, որ մարդիկ այստեղ՝ ՀՀ-ում, ցանկանում են ապրել այնպես, ինչպես ԵՄ-ում»։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների վերջնական ընդհատումից հետո ԵՄ-ն հանձնառու է աջակցել իր գործընկեր պետություններին, նաև ՀՀ-ին ավելի մերձենալու ԵՄ-ին։ Միխայել Ռոթն ասաց՝ մեծապես հույս ունի, որ շատ շուտով վիզաների ազատականացումը իրականություն կդառնա։

Միխայել Ռոթը փաստեց՝ Հայաստանը շատ բարդ հարևանությամբ է ապրում․ «Դա մեծ մարտահրավեր է ՀՀ-ի համար։ Նրա հարևաններից ամենաբարդն ու ագրեսիվը Ադրբեջանն է։ Մենք գիտակցում  ենք, որ արժանապատվության վիրավորումից հետո դժվար է երկրի համար վերստին բանակցային սեղանի շուրջ նստել հարևան Ադրբեջանի հետ, բայց մենք ձգտում ենք, շարունակելու ենք աջակցել ինչպես Դաշնային կառավարության, այնպես էլ Բունդեսթագի միջոցով ձեր երկրին՝ կարևորելով կայունությունն ու խաղաղությունը, որը կարող է հիմնված լինել միայն միջազգային իրավունքով խաղաղության պայմանագրի վրա։ Դա կկարողանա պարտադրանքի ուժով ապահովել ձեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կշարժվի տեղից և ավելի ճկուն կլինի։ Խաղաղության պայմանագիրը հենք կստեղծի տարածաշրջանում կայունության և խաղաղության համար։ Մեր նպատակն է, որ ՀՀ-ն Հարավային Կովկասում խարիսխ դառնա խաղաղության, ժողովրդավարության և ազատության համար»։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ևս մեկ անգամ, ի պատասխան հայ լրագրողների հարցերին, վստահեցրեց՝ հայերի բռնի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից մեր այսօրվա պատմության ամենամութ էջերից է․ «Ինչքան էլ ցավալի է ինձ համար՝ ես վերադարձի հնարավորություն չեմ տեսնում։ Մենք չենք կարող մարդկանց հույս տալ, որ դա կլինի, ինչը չենք կարող երաշխավորել։ Գիտեք՝ Ադրբեջանի կառավարությունն ասում է, որ էթնիկ զտում և բռնի տեղահանում տեղի չի ունեցել, իհարկե, բոլորս գիտենք, որ դա իրականությանը չի համապատասխանում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30