Լրահոս
Օրվա լրահոսը

Կախվածությունների բուժման  կենտրոնում հաշվառված  7772 անձանցից 7-ը անչափահաս է, 13 -ը՝ 18 տարեկան է,180-ը՝ կին. Սուրեն Նազինյան

Սեպտեմբեր 19,2024 15:55

Հանրային քննարկման է դրվել Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների միջոցառումների ծրագիրը։ Նշվում է, որ այն մշակվել է նախանշելու համար թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանց օգտագործման դեմ պայքարում ՀՀ կողմից ծրագրվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև հստակեցնելու պետական մարմիններից յուրաքանչուրի դերը թմրամիջոցների դեմ պայքարի գործում։

«Այս ոլորտում իրավիճակը ներկայացնելով՝ նախ կուզենայի անդրադառնալ այն հանգամանքին, որ թմրամիջոցների գործածությունն ինքնին խնդրահարույց է ցանկացած երկրի համար, հատկապես դրանց տարածվածությունը եւ ապօրինի շրջանառության ծավալների մեծացումը»,-Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ նշեց ՀՀ ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում մտահոգիչ է դարձել հատկապես թմրամիջոցների գործածման, այսպես ասած, երիտասարդացումը:

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի քանակը խոսում է այն մասին, որ այդ դեպքերը առկա են, դրանց հայտնաբերումը որոշակիորեն դրական է: Հատկապես տեխնոլոգիաների զարգացմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը նոր տեմպեր է վերցրել եւ թափանցել է համացանցային հարթակ, ինչը որոշակիորեն  դժվարացրել է իրավապահ մարմինների համար դրանց հայտնաբերելիությունը»,-ասաց Արմեն Մկրտչյանը:

Նա ընդգծեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անդրազգային հանցավորության տեսակ է եւ փոխկապակցված է հարեւան երկրներում քրեածին իրավիճակի հետ: Պարզաբանեց, թե ինչու է մշակվել  Թմրամիջոցների և հոգեմետ  նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը:

ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքով՝ թմրամիջոցների հետ կապված խնդիրը ամբողջ աշխարհում է փոխվել, եւ բոլոր երկրների համար համացանցով թմրամիջոցների իրացումները հայտնաբերելը գերխնդիր է դարձել: Նրա ձեւակերպմամբ՝ Հայաստանը եւս չէր կարող անմասն մնալ այս ամենից:

«Մեր տարածաշրջանում սկսել են արտադրվել եւ իրացվել մեծ քանակներով մեզ համար ոչ ավանդական թմրամիջոցներ, խոսքը վերաբերում է հատկապես սինթետիկ հոգեխթանիչներին: ՄԱԿ-ի հանցավորության եւ թմրամիջոցների դեմ պայքարի գրասենյակի վերջին զեկույցներով կարող ենք տեսնել հստակորեն, որ սինթետիկ հոգեխթանչներ սկսել են արտադրվել անգամ Աֆղանստանում, ու բնականաբար դրանք առաջնահերթ իրացվում են հարեւան երկրներում, իսկ մենք տարածաշրջանի երկիր ենք: Եթե մեր երկիր Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի միջոցով թափանցում էին երկու տեսակի թմրամիջոցներ, խոսքը վերաբերվում է կանաբիոդներին եւ օփիոիդներին, ապա այժմ սկսել է թափանցել նաեւ մեթամֆետամին՝ դա սինթետիկ հոգեխթանիչների ամենատարածված ներկայացուցիչն է»,-ասաց Նազինյանը:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենը հավելեց, որ 2024թ հունվարի 1-ի դրությամբ իրենց կենտրոնում հաշվառված 7772 անձանցից 7-ը անչափահաս է, 13-ը՝ 18 տարեկան է, հաշվառվածների թվում նաեւ 180 կին կա, սակայն ներկայացված թվերը չեն արտահայտում ճշգրիտ պատկերը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30