ՀՀ առաջին վարչապետ, Արցախյան ազատամարտի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը Անկախության 33-րդ տարեդարձի առիթով հյուրընկալվել էր «Բարձունք» կրթական շարժմանը: Նա ներկայացրեց, թե 1988 թվականից մինչեւ այսօր Անկախությունը ինչ փորձությունների միջով է անցել, ինչ ճիշտ ու սխալ քայլեր են կատարվել, խոսեց նաեւ հնարավոր լուծման ուղիների մասին:
«Շատ բան կա սովորելու եւ հիշելու, թե անցյալում ինչեր են տեղի ունեցել: Հիմա մի հարց կա, որը ես շատ կարեւորում եմ: Դա այն թեզն է, որ իբր ժողովուրդը պետք չէ, որ ունենա ազգային երազանքներ, այլ պետք է մտածի իր կեցությունը ապահովելու մասին: Սա նոր թեզ չէ, եւ այդ վեճը կար դեռ այն ժամանակ, երբ մենք եկանք իշխանության: Փաստորեն, այդ վեճը մինչեւ հիմա շարունակվում է շատ գռեհիկ ձեւերով: Ես սա շատ սկզբունքային հարց եմ համարում: Երեխաները միշտ երազանքներ ունեն, տարբեր երազանքներ: Երազանքն է խթանում մարդկանց տարբեր նպատակների հասնել: Երազանքը ուժ է: Պետությունը զարգանում է ոչ միայն չարքաշ աշխատանքով, այլ նաեւ երազելով, ոգեւորությամբ եւ ներդրածդ ուժով:
Նույնը վերաբերում է ժողովրդին: Բոլոր ժողովուրդներն էլ ունեն երազանքներ: Մեր երազանքները որո՞նք են եղել: Այո, մենք ուզեցել ենք մեզնից վերցված տարածքները վերադարձնել: Բայց մենք երազել ենք նաեւ լինել անկախ պետություն, որ անկախ պետությունում լինի արդար հասարակություն, որ մեր երկիրը, մրցակցելով ուրիշ երկրների հետ, ավելի առաջավոր դիրքերի հասնի, մեր ազդեցությունը տարածենք մեր տարածաշրջանի վրա: Ուղղակի պետք է տարբերակել, թե ինչ է երազանքը, եւ ինչ է պետական ազգային քաղաքական ծրագիրը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Նախկին վարչապետը խոսեց իրենց կառավարման ընթացքում պետության վարած արտաքին եւ ներքին քաղաքականության, դրանց իրականացման ճանապարհին առաջացած հակասությունների եւ դրանց հաղթահարման համար գործադրված ջանքերի մասին:
Կարդացեք նաև
Այսօրվա իրավիճակի եւ ապագա ծրագրերի մասին Վազգեն Մանուկյանն ասաց, որ դա Չապաեւի նման սուրը օդում պտտեցնելով չի, որ մեզ հիմա պետք է ժամանակ շահել նորից ոտքի բարձրանալու համար:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ Արցախը Հայաստանին վերամիավորվելու հարցը դեռ 1940-ականներին Ստալինի առջեւ բարձրացվել է Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարի մակարդակով, եւ այդ խնդրի դրական լուծման համար մեզանում միշտ էլ զբաղվել են թե՛ պետությունը, թե՛ քաղաքական, հասարակական ուժերը, մտավորականությունը եւ պարզ քաղաքացիները:
Խոսելով ընդհանրապես քաղաքականության մասին` նախկին վարչապետը ասաց, որ քաղաքականությունը տարբեր գիշատիչների միջեւ պայքար է, որին որպես օրիորդ չես կարող մասնակցել: Հիմա Հայաստանը որպես օրիորդ փորձում է մասնակցել գիշատիչների պայքարին: Իսկ իր վարչապետության օրոք Հայաստանը փորձում էր, ու բավականին հաջող, հավասարակշռված քաղաքականություն վարել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Թուրքիայի, Իրանի, ավելի ուշ՝ նաեւ արաբական աշխարհի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ