Լրահոս
Օրվա լրահոսը

Աննորմալ բան է, որ իմ կողմից հայտարարված ինչ-որ ծրագիր, երբ ասել եմ՝ աշխատում է, պարզվում է՝ չի աշխատում, իսկ ես ինչո՞ւ չգիտեմ դրա մասին, էլ չեմ ասում՝ իսկ ինչո՞ւ չի աշխատում. Փաշինյան

Սեպտեմբեր 19,2024 15:07

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Թվային փոխարկման գործընթացի իրականացում» ծրագրի չօգտագործված միջոցներից 1 մլրդ 940 մլն դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին:

Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նշված գումարից 1 մլրդ 880 մլն դրամը կուղղվի 2024 թ. համար նախատեսված Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67 մլն 900 հազար դրամը՝ ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին:

Նախարարը տեղեկացրել է, քանի որ Կառավարության՝ 2020 թ. համապատասխան որոշմամբ «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, նախատեսվում է սպասարկման, պահպանման աշխատանքներն իրականացնել նշյալ հիմնադրամի կողմից վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու միջոցով: Մխիթար Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի իրականացման ուղղությամբ մինչ օրս իրականացված աշխատանքները: Նշվել է, որ 1 մլրդ 940 մլն դրամը կլինի նախավերջին հատկացումը՝ ուղղված «Ինժեներական քաղաք» ծրագրին և վերջին հատկացումը՝ 1,1 մլրդ դրամ էլ նախատեսված է 2025 թ. Պետբյուջեի նախագծով: ««Ինժեներական քաղաք»-ում նախատեսվում է ստեղծել ժամանակակից նոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ նախագծման համար նախատեսված 5 թեմատիկ լաբորատորիաներ, ինչպես նաև հետազոտական կենտրոն, որը ծառայելու է կիբեռանվտանգության խնդիրների լուծման և կիսահաղորդիչների, օդատիեզերական, խելացի սարքերի և այլ արտադրությունների համար: Գործելու են նաև ուսումնական և կրթական կենտրոններ, գիտության տեխնոլոգիաների և տիեզերքի թանգարաններ, գրադարաններ»,- ասել է նախարարը:

Մխիթար Հայրապետյանը նշել է նաև, որ «Ինժեներական քաղաք» 1-ում, եթե 2019 թվականին կար 80 աշխատատեղ, այս ներկայում՝ 350-ն է. նրանցից 300-ը ինժեներներ են: Այս պահին այնտեղ ներկայացված է 22 ինժեներական ընկերություն: «Այստեղ, բացի այն գումարից, միջոցներից, որ Կառավարությունը հատկացրել է «Ինժեներական քաղաքի» կառուցման համար, 22 ընկերությունների կողմից մասնավոր ընկերությունների ներդրումը կազմել է 15 մլն դոլար»,- ասել է նախարարը՝ հավելել, որ «Ինժեներական քաղաք» 2-ում նախատեսվում է ունենալ 21 մասնավոր ընկերություն՝ իրենց առանձին շենքերով, և ևս համեմատաբար ավելի փոքր 25 ընկերություն տեղակայվելու է բիզնես աքսելերատորի շենքում:

Ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացվել հանրապետության ավտոճանապարհների վիճակի բարելավման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 4,618,109,200 դրամ հատկացնել՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման իրականացման համար: Միջին նորոգման ենթակա ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 97,732կմ։

Գումարը կուղղվի հետևյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար՝ Մ4-ից դեպի Պարզ լիճ 2.9 կմ, Այգուտ-Մարտունի-Գետիկ-Թթուջուր 12.8 կմ, Ճամբարակից դեպի Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 14.0 կմ, Ոսկեպարից դեպի Բաղանիս 4.2 կմ, Ձորավանքից դեպի Այգուտ 7.54 կմ, Թթուջրից դեպի Ճամբարակ 6.2 կմ, Հարթավանից դեպի Երնջատափ 7.2 կմ, Ֆանտան-Ալափարս-Արզական ավտոճանապարհի և Չարենցավանի տրանսպորտային հանգույցի 11.5 կմ, Հոռոմ –Նոր Կյանք-Արթիկ ավտոճանապարհի 10.3 կմ, Ագարակից դեպի Ուջան 5.8 կմ, Արծվաբերդ-Այգեձոր-Չինարի ավտոճանապարհի 16.3 կմ: Աշխատանքները նախատեսվում են մեկնարկել և ավարտել 2024 թվականի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհաշինության ստանդարտների խնդրին: «Իհարկե, մենք պայմանավորվել ենք, որ Քաղաքաշինության կոմիտեն ստանդարտների հարցին հետևողական կլինի: Բայց մենք շատ ենք խոսում այն մասին, որ գերբեռնված մեքենաների առկայությունը մեր ճանապարհներին ազդում է ճանապարհների շահագործման տևողության վրա: Սակայն վերջերս ինձ ասում են՝ այն, որ ճանապարհները ալիքներ են ստանում, ոչ միայն գերբեռնված մեքենաների երթևեկելուց է, այլև, օրինակ՝ նրանից, որ մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է: Սա հարց է, որին պետք է ամենայն լրջությամբ և հատուկ ձևով անդրադառնանք»,- ասել է վարչապետը:

Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում՝ օրենքներում առաջարկվող նորմերի ամրագրումը կստեղծի իրավական հիմք՝ Տեսչական մարմին վարչական բողոք ներկայացնելու պարագայում կամ Վարչական դատարան՝ վիճարկման հայց ներկայացնելու դեպքում չկասեցնել Տեսչական մարմնի արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրի (վարչական ակտ) կատարումը։

Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրինագծերով, ի կատարում վարչապետի հանձնարարականի, միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրել է օրինագծերի փաթեթը. «Գործող օրենսդրության համաձայն՝ տեսչական մարմնի ընդունած գործունեության դադարեցման մասին վարչական ակտի կատարումը կասեցվում է, և տնտեսվարողը շարունակում է իր գործունեությունը, եթե օրենքով հատուկ նախատեսված չէ, որ այն ենթակա է անհապաղ կատարման: Ցավոք, մեր որոշ տնտեսվարողներ օգտվում են այս հնարավորությունից, և չնայած նրանց գործունեությունն ակնհայտորեն էական ռիսկեր է պարունակում մարդկանց կյանքի և առողջության համար, տեսչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկում են և ստանում ինչ-որ ժամանակ խախտումներով գործելու հնարավորություն: Փաստացի ստացվում է, որ տարկետում են ստանում խախտումներն ուղղելու և օրենքի անվտանգ գործունեության դաշտ վերադառնալու համար»:

Նախագծերով առաջարկվում է լուծել այդ խնդիրը և նախատեսել, որ այդ ոլորտներում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած որոշ վարչական ակտեր ենթակա են լինելու անհապաղ կատարման և հետևաբար, դատարան բողոքարկումը չի տալու տարկետում: «Խոսքը հետևյալի մասին է: Արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրերի և երկրորդ կետով կազմակերպությունների, շենքերի շինությունների և այլ օբյեկտների շահագործումը ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու վերաբերյալ որոշումներին, եթե հրդեհային օրենսդրության խախտումներն անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար», -ասել է Պետրոս Մարտիրոսյանը:

Օրինագծերով առաջարկվում է նաև մեկ այլ փոփոխություն, որով սահմանվում է, որ արտադրական վտանգավոր օբյեկտը չշահագործելու դեպքում դրա կոնսերվացման պարտադիր պահանջ է լինելու չշահագործվող օբյեկտներից բխող հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի խոսքով՝ նախագիծն ուղղակիորեն առնչվում է Կառավարության նախորդ նիստերի ժամանակ հնչեցված այն մտքի հետ, ըստ որի՝ քայլ առ քայլ պետք է վերացվեն այն բոլոր խոչընդոտները, որոնք մինչ այժմ թույլ չեն տվել ապահովել ամբողջական վերահսկողություն՝ պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը ոչ բարեխիղճ գործունեության հետևանքով առաջացած ռիսկերից:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախատեսվող փոփոխություններին բավական երկար են նախապատրաստվում. «Մենք, ցավոք, ունենում ենք միջադեպեր, պայթյուններ, որոնց մեր առաջին արձագանքը հետևյալն է՝ իսկ մենք ի՞նչ ենք արել, ի՞նչ պիտի անեինք և արե՞լ ենք արդյոք այդ ամեն ինչ: Հետո մենք այդ դեպքի հետևից գնում, տեսնում ենք, համենայն դեպս վերջին երկու դեպքն այդպես էր, որ պետական մարմիններն իրենց գործառույթն իրականացրել են: Եվ դա ինչ-որ առումով դառնում է մեզ համար մխիթարանք, որ մենք օրենքով սահմանված գործառույթներն իրականացրել ենք, բայց պայթյուն է տեղի ունեցել և մարդիկ են տուժել: Այստեղ խնդիրը հետևյալն է, որ մենք կրկին այդ հայեցակարգային խնդրի ոչ ամբողջական լուծման հետ ենք բախվում, երբ մեր մոտեցումն ինչ-որ առումով մի կողմից ֆորմալացված է, երկրորդ կողմից էլ հենված է խելամտության կանխավարկածի վրա: Մեր կանխավարկածն այն է, որ երբ գնում, մարդուն ասում ենք, կոպիտ ասած, ձեռք չտաս՝ կպայթի, ուրեմն մարդը բնականաբար պետք է ձեռք չտա, որովհետև մենք իրեն պաշտոնապես զգուշացրել ենք, որ կպայթի»:

Վարչապետը նշել է, որ բարեփոխումն անելուց վեց ամիս հետո անհրաժեշտ է մոնիթորինգ իրականացնել՝ ոլորտում առաջացած պրակտիկ խնդիրները հասկանալու և լուծելու նպատակով: «Մենք պետք է բացառենք նույն մարդու կողմից նույն գործողությունը երկուսից ավելի անգամ անելու հնարավորությունը: Դրանից հետո պետք է գան հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ քրեական պատասխանատվություն:

Հիմա գնացինք ֆիքսեցինք, պետք է տեղում փակվի, դատարանում կպարզենք: Եթե կպարզվի, որ մենք սխալ ենք փակել՝ մարդկանց կրած վնասն էլի դատական կարգով կհատուցենք: Բայց ավելի լավ է այսպիսի ռիսկ մեզ համար առաջացնենք, քան այնպիսի ռիսկ առաջացնենք, որ մարդիկ կզոհվեն, որովհետև այդ դեպքում ոչ մեկը հասցված վնասն էլ չի կարող կոմպենսացնել: Եվ այս տրամաբանությամբ, կարծում եմ, պետք է գնանք առաջ»,- ընդգծել է Կառավարության ղեկավարը:

Պետրոս Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ տեղում ստուգումների արդյունքում 208 բենզալցակայանի գործունեություն դադարեցվել է, որից 54-ն առհասարակ ապամոնտաժվել է: «40-ից ավելին արդեն իսկ իրենց խախտումները վերացրել են և աշխատում են: Մնացածի մասով տեսչական մարմինը նոր ինֆորմացիա չունի, որ վերացրել են: Կարող են դեպքեր լինել, երբ ուղղակի չշահագործեն, և տևական ժամանակ մնա բենզալցակայանը, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ: Մենք ասում ենք՝ եթե չես շահագործելու, ապա կոնսերվացրու, եթե չես կոնսերվացնում, վարչական վարույթ է հարուցվելու, եթե դրանից հետո էլ չի կոնսերվացվում, պետությունը պատվիրելու է մասնագիտացած կազմակերպությանը, որ գան կոնսերվացնեն»,- նշել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բենզալցակայանների ապամոնտաժման պատմությունն էլ է հետաքրքրիր: Ապամոնտաժված բենզալցակայանների մեծ մասը հետևյալի մասին է. որ այդտեղ ոչ մի թույլտվություն, ո՛չ նախագիծ, ո՛չ շինթույլտվություն չի եղել, ուղղակի բենզալցակայան է գոյացել, և այս տարիներին հանգիստ աշխատել են: Սա լրիվ ուրիշ ժանր է, որ այսօր էլ կա: Այնպես չէ, որ մենք հայտնաբերել ենք այդ բոլորը: Շատ կարևոր է, որ մենք հետևողական լինենք այս հարցում, որովհետև այստեղ նաև տնտեսական մրցակցության հարց էլ կա»:

Անդրադառնալով Կառավարության ընդունած որոշումների, ծրագրերի, տրված հանձնարարականների կատարմանը՝ վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքական տեքստերի և իրականության հետ կապը: «Այդ է պետությունը, երբ ի վիճակի է քաղաքական, ամբիոններից ասվող տեքստերի և իրականության կապն ուժեղացնել: Եթե որևէ ծրագիր ինչ-որ պատճառով չի աշխատում, ապա առնվազն այս դահլիճում դա պետք է հնչի կամ զեկուցվի: Դա աննորմալ բան է, հարգելի գործընկերներ, որ իմ կողմից հայտարարված ինչ-որ բան, ինչ-որ ծրագիր, ինչ-որ նախագիծ, երբ ես ասել եմ՝ հունվարի 1-ից աշխատում է, գալիս է մյուս հունվարի 1-ը, մյուս դեկտեմբերը, ինձ փողոցում պատահական մի մարդ, ով այդ թեմայով հետաքրքրված է, ասում է՝ գիտե՞ք, որ դա չի աշխատում: Հետո պարզվում է, որ իրոք չի աշխատում, իսկ ես ինչո՞ւ չգիտեմ դրա մասին, էլ չեմ ասում՝ իսկ ինչո՞ւ չի աշխատում: Եթե այս դահլիճում հնչել է դա, ապա բոլորիս պարտականությունն է այս դահլիճում հնչածն իրականություն դարձնել, բոլորիս պարտականությունն է», -շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացի ապահովման համար։ Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները արդյունքում՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել՝ 31,240․7 հազ․ դրամ թվով 30 տրանսպորտային միջոցի համար, իսկ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին 91,139․4 հազ․ դրամ 161 տրանսպորտային միջոցի համար։

Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը

Կառավարությունը հաստատել է Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։ Որոշման ընդունման արդյունքում կբարձրանա ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում երթևեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ: Կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը, կապահովվի ոլորտում մրցակցության միասնական կանոնների առկայությունը, ոլորտում գործունեություն իրականացնողների մասնագիտական որակավորում ունեցող աշխատողների ներգրավվածությունը կհանգեցնեն ճանապարհային անվտանգության և տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար

Գործադիրն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2024 թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիք տրամադրելու կարգը հաստատելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ բյուջետային երաշխիքի գործիքը կիրառվել է 2021-2022 թթ. խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թ. խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու, գործընթացները բնականոն կազմակերպելու և մթերումներ իրականացնող տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն տրամադրելու նպատակով։ Մասնավորապես՝ 2023 թ. բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող 3 կազմակերպության շուրջ 2.7 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 9 ամիս մարման ժամկետով, որոնց մարումները կսկսվեն 2025 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից։ Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառմամբ հնարավորություն է տրվել լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովելու 2021-2023 թթ. գյուղատնտեսական հումքի, մասնավորապես՝ խաղողի մթերումների գործընթացը։ Ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացի ապահովման նպատակով կանխատեսվող բյուջետային երաշխիքի չափը գնահատվում է մինչև 6.0 մլրդ դրամ՝ հիմք ընդունելով մինչև հուլիսի 1-ը խաղողի մթերումների համար կնքված պայմանագրերի արժեքները, որոնց շրջանակներում շահառուները կարող են օգտվել ծրագրից։ Այսպիսով, սահմանվում է, որ բյուջետային երաշխիքները տրամադրվում են ծրագրի շրջանակում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ 2024 թ. օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար, իսկ տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2023 թ. արտահանված արտադրանքի արժեքի չափը։ Ընդ որում, տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարի նվազագույն չափը կազմում է 100 մլն դրամ։ Բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների. տրամադրվում են առավելագույնը մինչև քսանյոթ ամիս մարման ժամկետով և այլն:

Օրենսդրական այլ նախաձեռնություններ. կապահովվի հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է ապահովել հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը: Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման և օգտագործման վճարները, նկատի ունենալով, որ նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար։ Օրինագծով նախատեսվում է 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրում, որը կնպաստի շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի զարգացմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաև նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 300ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 7 մլրդ 500 մլն դրամի միանվագ (տրամադրման մասով) և 5 մլրդ 40 մլն դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք։

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրները, նպաստել ընտրական համակարգի շարունակական կատարելագործմանը, Հայաստանում ձևավորված ժողովրդավարության ամրապնդմանն ու բարելավմանը։ Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ընտրությունների պատշաճ կազմակերպման հնարավորությունների ստեղծմանը, նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության ապահովմանը և դրա նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ընտրական գործընթացներին հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հենաշարժական (տեղաշարժման) խնդիր ունեցող անձանց մասնակցության մատչելիությանը։

Հավանության է արժանացել նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունմամբ, մասնավորապես, կկանոնակարգվեն ՀՀ պետական պահպանության ծառայության պետի և պետի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները., օրենսդրորեն կամրագրվի ծառայության փաստացի մասնակցությունն ազգային անվտանգության ապահովմանը և այլն:

Այլ որոշումներ. Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվեն

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ ՀՀ-ն կընդունի նաև Լոռի մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղի 6-րդ փողոց 5 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը: Այն նույնպես կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ գյուղում կրթահամալիր կառուցելու նպատակով։

Գործադիրը բավարարել է «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը զբաղվում է Պեպսի ապրանքային նշանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքների ներմուծմամբ։ 2021 թ. ընկերությունը հիմնադրել է արտադրություն և դարձել ՊեպսիԿո համաշխարհային հայտնի բրենդի պաշտոնական շշալցնող և այդ բրենդին պատկանող մի շարք այլ ապրանքների ներմուծող։ Ընկերությունը նաև ստեղծել է իր սեփական ապրանքանիշերը՝ Մաքս Փաուեր էներգետիկ ըմպելիքներ, Մաքս սառը սուրճեր և Ֆրուտետտո լիմոնադներ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցը նախատեսվում է օգտագործել թողարկված արտադրանքը տեղափոխելու (ինչպես նաև արտահանելու) նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 33 մլն դրամի ներդրում, որից 26 մլն-ը՝ սարքավորման ձեռքբերման, իսկ մնացած 7 մլն-ը՝ աշխատավարձային ֆոնդի համար։ Ներկայումս առկա է 19 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 2 նոր աշխատատեղ՝ 376,500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքի արժեքը կազմում է 26 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.9 մլն դրամ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30