«Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ։ Պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ այդ անձի ԼՂ նախագահ դառնալուց 10-15 օր հետո է դա տեղի ունեցել։ Եվ դա մի պրոցես էր, երբ նվազագույնը Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն ու նրանց թիմերը ոչ միայն ողջունում էին, այլ նաեւ քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից։ Ազգային ժողովում նրանք թռչկոտում էին, ելույթի տեքստեր էին հրապարակում, ուրախության ասուլիսներ ու հարցազրույցներ էին տալիս այն մասին, թե ինչքան լավ բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ տեղի է ունեցել այդ պալատական հեղաշրջումը։ Եվ նրանք ընդամենը 10 օրում չակերտավոր հաջողությամբ լուծարեցին ԼՂ-ն»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Լրագրողները Պապոյանին հիշեցրին, որ իրենց իշխանությունն է, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Գեւորգ Պապոյանը ձեւացրեց, թե հարցը չի լսում, շարունակեց հնչեցնել իր մտքերը․ «Լուծարեցին ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ մի այնպիսի ճնշում էին գործադրում, Հայաստանի իշխանությունների նկատմամբ, թե ինչու ամեն ինչ չեք անում, որպեսզի ԼՂ բնակչությունը հնարավորինս արագ լքի ԼՂ տարածքը։ Բնականաբար, պատճառը մեկն էր, որպեսզի նրանք ունենային եւս 100 հազար ցուցարար։ Այսինքն՝ նրանց նպատակն էր այստեղ ունենալ մի քանի հազար ավելի ցուցարար, որը կարող էր մի փոքր ավելացնել նրանց՝ իշխանությունը զավթելու հնարավորությունը»։
Լրագրողները հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ մեղավոր է, որ 2018 թվականին դեռ չի ասել, որ «Արցախը Ադրբեջան է»։ Պապոյանը պատասխանեց․ «Ոչ միայն այդպիսի բան չկա, այլ դուք հիմա ստում ու մանիպուլյացիայի եք ենթարկում։ Ես ուղղակի կարող եմ ասել, որ, այո, բանակցությունները, որոնք իրականացվել են նախկին նախագահների կողմից տասնամյակներ շարունակ, ընդամենը նրա մասին են եղել, թե երբ ու ոնց են հանձնելու ԼՂ-ն ու նրա հարակից շրջանները»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ