Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորում ենք արցախցիների զբաղուածութեան հարցը. ամենամեծ խնդիրն այն է, որ արցախցիները հեռանում են Հայաստանից` չկարողանալով հոգալ տարրական կարիքները. «Ասպարեզ»

Սեպտեմբեր 19,2024 12:04

Արցախեան 44-օրեայ պատերազմի առաջին օրերից, Երեւանի Այգեձորի 70 հասցէն այն կենտրոնակայաններից էր, որտեղ խմորւում էր յոյս ու տարբեր միջոցներով այն փոխանցւում Արցախ: «Նախնեաց հետքերով» մշակութային հասարակական կազմակերպութիւնը` հիմնադրուած հադրութեցի Սայիդա Պօղոսեանի, նրա ամուսնու` Արման Մխիթարեանի եւ ընկերների կողմից, պատերազմի օրերին արագօրէն վերաձեւաւորուեց` սահմանելով գործունէութեան մի քանի ուղղութիւններ, որոնք առաջնային էին այդ պահին: Կենտրոնը՝ Սայիդայի եւ Արմանի բնակարանի մասն էր, որտեղ հարիւրաւոր կամաւորներ Հայաստանից եւ Սփիւռքից 44 օր առանց դադարի պահում էին թիկունքը, մինչ կազմակերպութեան անդամներից շատերը ռազմաճակատի առաջին գծում էին պայքարում: Աշխատանքները նոյն եռանդով իրականացուեցին շրջափակման օրերին եւ շարունակւում են ցայսօր` կենտրոնը դարձնելով փարոս հազարաւոր արցախցիների համար:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախեան պատերազմի օրերին եւ յաջորդող ժամանակաշրջանում, ձեր կազմակերպութիւնը արցախահայերի համար զօրեղ ապաւէն է դարձել: Ի՞նչ առաքելութեամբ էր ստեղծուել «Նախնեաց Հետքերով» կազմակերպութիւնը:

ՍԱՅԻԴԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- 2011 թուականին ընկերներով հիմնադրեցինք «Նախնեաց Հետքերով» մշակութային հասարակական կազմակերպութիւնը, որի նպատակն էր մեր մշակութային արժէքների պահպանութեանն ու պաշտպանութիւնը: Մինչ պատերազմը իրականացրել ենք բազմաթիւ մշակութային, հայագիտական միջոցառումներ, տպագրել գրքեր, կազմակերպել ենք հայրենաճանաչողական արշաւներ, ճամբարներ երեխաների եւ մեծահասակների համար, հիմնադրել ենք նաեւ հայագիտական գրադարան:

Արցախեան 44-օրեայ պատերազմի առաջին օրը հաւաքուեցինք ընկերներով` հասկանալու, թէ ինչպէս պէտք է օգտակար լինենք Արցախին: Մեր ընկերների մի մասը ամուսնուս` Արման Մխիթարեանի հետ միասին մեկնեց ռազմաճակատ, միւս խումբն աշխատանքներ սկսեց իրականացնել թիկունքում: Առաջին օրերին շատ դժուար էր, անորոշութիւն էր, եւ չգիտէինք ինչ անել: Հադրութում բնակուող իմ ընտանիքի անդամները` հայրս, եղբայրներս, որոնց միացաւ նաեւ ամուսինս մարտի դաշտում էին, որտեղ նրանց ընկերների մի խումբն Արցախի հեռաւոր գիւղերից մարդկանց տեղափոխում էր ապահով վայրեր ու առաջին օգնութիւն ցոյց տալիս: Միւսներն օգնում էին զինուորներին` նրանց ապահովելով անհրաժեշտ պարագաներով, սկսած քնապարկերից մինչեւ սնունդ: Մենք էլ Հայաստանում աշխատում էինք կազմակերպելով եւ համակարգելով կենսական նշանակութեան իրերի հաւաքագրումն ու առաքումը ռազմաճակատ: Այգեձորի 70 հասցէն դարձել էր իւրատեսակ կենտրոն, որտեղ հարիւրաւոր կամաւորնէր 24 ժամ անում էին հնարաւորը` օգնելու Արցախում պայքարող մեր զինուորներին ու հայրենակիցներին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք այսօր էլ շարունակում էք աջակցութեան ծրագրեր իրականացնել Հայաստանում հաստատուած արցախցիների համար: Հիմնականում ի՞նչ խնդիրներ կը մատնանշէք:

ՍԱՅԻԴԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- Մեր կազմակերպութիւնը ներկայում շարունակում է իր ընկերային աջակցութեան ծրագրերը` Արցախից բռնի տեղահանուածների եւ անապահով ու խոցելի խմբերի համար: Տարբեր խմբեր ու կազմակերպութիւններ կան, որ զբաղւում են արցախցիների աջակցութեան հարցերով, եւ ես գրեթէ բոլորին ճանաչում եմ, եւ փորձում ենք համակարգել աշխատանքները, որ իրար չկրկնենք եւ չխանգարենք: Առկայ խնդիրների շարքում առաջնային է այն, որ հեռաւոր բնակավայրերում հաստատուած արցախցիներին որոնց թւում շատ են անօգնական տարեցները, օգնութիւն չի հասնում հեռաւորութեան պատճառով հիմնականում: Մարդիկ սննդի կարիք ունեն, դեղորայքի, յատկապէս, երբ տառապում են ծանր հիւանդութիւններով, օրինակ քաղցկեղով: Մենք աշխատում ենք հասնել այդ մարդկանց, եւ ծրագրեր ենք անում Սիւնիքում:

Ներկայում աշխատում ենք մի քանի ուղղութիւններով, եւ փնտռում ենք ֆինանսաւորում որոշ ծրագրեր կեանքի կոչելու համար: Այժմ լուծում ենք սննդի հարց մեր որոշ հայրենակիցների համար` տրամադրելով պարէնի նուազագոյն փաթեթներ: Երբեմն մեզ ասում են, որ դա բաւարար չէ, սակայն, հաւատացէք, շատ կարիքաւոր մարդիկ կան, ովքեր խոստովանում են, որ իրենց համար այդ փաթեթները կենսական նշանակութիւն ունեն: Այնպէս որ, որքանով էլ օգնենք այս ընտանիքներին, իրենք շատ շնորհակալ են: Այս ուսումնական տարուայ համար մեզ դիմեց շուրջ եօթ հազար ընտանիք` երեխաներին դպրոցական անհրաժեշտ պարագաներ, գրենական պիտոյքներ տրամադրելու խնդրանքով: Փորձում ենք հասցնել բոլորին, սակայն կարիքները շատ են, իսկ մեր հնարաւորութիւնները սահմանափակ, եւ յորդորում ենք մեր ամերիկահայ համայնքին միանալ մեր նախաձեռնութիւններին:

Մենք կողմ ենք նաեւ գումար տրամադրելուն, սակայն միայն այն կարիքաւոր ընտանիքներին, ովքեր մանկահասակ երեխաներ ունեն, եւ կրթութեան խնդիր կայ: Եւ ըստ այդմ, առաջարկում ենք վճարել ուսանողների ուսման վարձը, կամ մանուկների ու պատանիների դէպքում, յատկացնել գումար` գիտական, մարզական, արուեստի խմբակներ այցելելու համար: Կարեւորում ենք նաեւ արցախցիների զբաղուածութեան հարցը: Այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ արցախցիները հեռանում են Հայաստանից` չկարողանալով հոգալ տարրական կարիքները: Այս գործընթացը պէտք է հնարաւորինս կասեցնենք, ինչը հնարաւոր է միայն միասնական ջանքերով:

Նանէ ԱՒԱԳԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30