Համաշխարհային հայկական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը հասցրել է մի շարք «ցնցող» հայտարարություններ անել։ Զրուցել ենք պ․գ․թ․, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի հետ։
– Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն Ադրբեջանին նույն պայմաններով է տարանցիկ ուղի առաջարկում, ինչ Իրանը։ Սա Իրանին ուղղված հարված չէ՞, հաշվի առնելով այն, որ Իրանն իր տարածքով միջանցք էր առաջարկում Ադրբեջանին։
– Իրանն առաջարկեց իր տարածքով անցնող միջանցք, որպեսզի նվազեցնի Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական ճնշումը Հայաստանի վրա։ Դա էր հիմնական նպատակը։ Ադրբեջանը պնդում էր, որ ինքը պիտի կապ ունենա Նախիջեւանի հետ, Իրանն էլ ասում էր՝ եթե կապ եք ուզում, ինչո՞ւ պարտադիր Հայաստանի միջով, մենք պատրաստ ենք ձեզ այդ կապը տալ։ Իրանը շատ կոնստրուկտիվ առաջարկ արեց, որն Ադրբեջանը ստիպված էր ընդունել, այլ ճար չկար։ Եվ հիմա, երբ Հայաստանն ասում է, որ պատրաստ է տալ այդ ճանապարհը՝ այն կարգավիճակով, որ Իրանն է տալիս, այլեւս Իրանին դժվար կլինի զսպել Զանգեզուրի միջանցքի օրակարգը։ Բոլորս հասկանում ենք, որ հիմա Ադրբեջանն ու Թուրքիան, փորձելով օգտագործել Ռուսաստանին, ճնշում են Իրանին, որ մի քայլ հետ անի Զանգեզուրի միջանցքի իր դիրքորոշումից։ Եվ երբ որ ինքը չի ստանում բավականին աջակցություն Հայաստանից, այլ, հակառակը՝ Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի հետ քննարկում է եւ պատրաստ է միջազգային մասնավոր կազմակերպության ներկայությամբ բացել ճանապարհը, դա թուլացնում է Իրանի դիվանագիտական դիրքը՝ սա շատ կարեւոր է հասկանալ։ Դա նույնն է, ինչ Արցախի վիճակը, երբ Թուրքիան Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, Ադրբեջանը ճանաչեց, Հայաստանը ճանաչեց, Ռուսաստանը փորձում էր ապագային թողնել Արցախի կարգավիճակը, ստեղծեցին նոր իրավիճակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հավաքեցին կոնսենսուս։ Թուրքիան ուզում է ճանապարհ, Արեւմուտքն ուզում է, Ադրբեջանն ուզում է, Ռուսաստանն ուզում է, բոլորն ուզում են ճանապարհ, բացի Իրանից։ Իրանի համար շատ դժվար կլինի դիմագրավել այս օրակարգին։
– Կարո՞ղ ենք ասել, որ այս հայտարարությունը հակապետական է, հակահայկական, ՀՀ-ի դեմ։
Կարդացեք նաև
– Ըստ իս, այսպիսի հայտարարություններն ու որոշումները չեն բխում Հայաստանի ազգային եւ պետական շահերից՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք մեր դեմ կան, եւ այն պոտենցիալ շահակիցներն ու դաշնակիցները, որոնք մեր կողքը կանգնած են, որովհետեւ մենք կարող ենք բոլորին կորցնել՝ ձեռք չբերելով նոր շահակից եւ դաշնակից։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: