2024թ. հրատարակված 10-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագրքում ներառվել է Արցախի պարենային անվտանգության խնդիրների լուծման թեման:
Aravot.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, հետաքրքրվել էինք՝ մի՞թե ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ չէ Արցախի հայաթափման մասին, որ 2024թ տպագրված դասագրքում Արցախի պարենային անվտանգության մասին է խոսվում:
Նախարարությունից ստացել ենք հետեւյալ պարզաբանումը. «Հանրակրթության պետական նոր չափորոշչի փուլային ներդրմամբ պայմանավորված՝ 2022 թվականին «ՀՀԿԳՄՍՆԴՄ-11000016 ծածկագրով հայտարարվել է 10-րդ դասարանի դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ, որը կայացել է 2023 թվականի հունիսի 1-ին: Ներկայացված դասագրքերի հայտերը, համաձայն գործող կարգի, ներկայացվել են փորձաքննության:
10-րդ դասարանի դասագրքերից սահմանված անցողիկ շեմը հաղթահարած 12 անուն դասագրքերի թվում է եղել նաև «Բնագիտություն 10» դասագիրքը, 2023 թ. օգոստոսի 9-ի 1436-Ա/2 հրամանով երաշխավորվել են գործածության հանրակրթական ուսումնական հաստատություններում: Սակայն քանի որ 2023 թ. 10-րդ դասարանի համար 10 անուն դասագիրք չէր ստեղծվել, Հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն այս դասարանում մեկ տարով հետաձգվեց:
Կարդացեք նաև
Հայտնում ենք, որ 2024-2025 ուստարում 10-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ուսուցումը դպրոցներում կազմակերպվում է 2023 թվականին գործածության երաշխավորված «Բնագիտություն 10» դասագրքով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասագրքում առկա անհամապատասխանությունները կշտկվեն եւ կխմբագրվեն հաջորդող վերահրատարակման ժամանակ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ