Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտիզանական գործողությունները վայել չէ որեւէ պետական կառույցի»․ Գագիկ Բաղունցը՝ ՀՀ իշխանավորներին

Սեպտեմբեր 19,2024 11:18

«Հայաստանի իշխանությունները, խոսելով երկրի անվտանգության մասին, որը ներառում է երկու բաղադրիչ՝ հզոր բանակի ստեղծում ու դրան զուգահեռ խաղաղության օրակարգն է, կտրուկ շեշտը դնում են միայն խաղաղության օրակարգի վրա՝ հույսներս դնելով, որ դրանով կարելի է ապահովել անվտանգություն։ Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведский синдром» հասկացությանը, երբ զոհը փորձում է արտահայտել սեր, ըմբռնում ահաբեկչի նկատմամբ: Այնուամենայնիվ հստակ կարելի է ասել, որ նման դրսևորումն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ դժվար թե ցանկալի արդյունք տա»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը՝ հավելելով, որ մեկ տարի առաջ կատարված ողբերգությունը՝ արցախցիների բռնի տեղահանումը, Արցախի հայաթափումը, մեծ հաշվով, այդպես էլ հայ ազգի համար դաս չդարձավ։

Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ այսօր Արցախի հանրապետության գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի համար նահատակված բոլոր հայրենակիցների համար։

Գագիկ Բաղունցի մատուցմամբ, ինչպես էլ անվանենք տեղի ունեցածը՝ ցեղասպանություն, բռնի տեղահանում, թե մեկ այլ բան, շատ հստակ պետք է հասկանանք, որ դա մեկ դարի առաջ տեղի ունեցած Մեծ Եղեռնի շարունակությունն է։

Պատասխանելով՝ Արցախի իշխանությունների, արցախցիների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, նրանց դեմ կատարվող քայլերին վերաբերվող հարցերին, Գագիկ Բաղունցն ասաց՝ Հայաստանում, պետական մակարդակով կատարվում են քայլեր, որոնք կարելի է այլ հարթակում լուծել՝ փոխըմբռնման ու բանակցությունների միջոցով՝ հաշվի առնելով համապատասխան իրավական ակտերը։ «Նման պարտիզանական գործողությունները վայել չէ որեւէ պետական կառույցի: Հայ ազգի երկու հատվածների միջեւ անընդունելի է նման պահվածքը, վերաբերմունքը: Քաղաքական կամք եւ պատասխանատվություն է պետք ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի մենք ծաղրածու չդառնանք ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջեւ: Մենք հստակ կարող ենք ասել, որ արցախյան կողմը պատրաստ է բոլոր տեսակի քաղաքակիրթ հարաբերություններին»:

Արցախի հարցը Գագիկ Բաղունցի համոզմամբ, հնարավոր չէ փակել, իրենք էլ վերադարձի հարցը մշտապես պահելու են օրակարգում։

Ինչ վերաբերվում է Բաքվու գերեւարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելուն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերին, բանախոսը նկատում է․ «Բավական է ասել, որ այնպիսի հզոր հնարավորություն, որ ունի ՀՀ իշխանությունը՝ բանակցային գործընթացում առանցքային խնդիրներից մեկը դարձնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը, չի օգտագործվում, ինչը կարծում եմ լուրջ բացթողում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Ապառաժի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30