«Հայաքվե» նախաձեռնության համակարգող» Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Այս լուսանկարը արվել է 2022 թ. դեկտեմբերի 10-ին: Հաջորդ օրը մենք վերադարձանք Երևան, իսկ մյուս օրը Ադրբեջանի բռնապետական ռեժիմի գործակալները փակեցին ճանապարհը Շուշիի մոտ, և սկսվեց Արցախի երկար ու տառապալից հոգևարքը:
Անցած տարի այս օրը, Ադրբեջանի բռնապետական ռեժիմը՝ համոզված լինելով Հայաստանի իշխանությունների լուռ աջակցության, և մնացած աշխարհի թողտվության մեջ, 9 ամիս շրջափակումից հյուծված, աշխարհից մեկուսացված և հուսահատ Արցախի վրա լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեց: Նույնիսկ այդ անհույս պայմաններում, Արցախի բանակը և աշխարհազորը դուրս եկան վերջին մարտի, ու թշնամուն հսկայական կորուստներ պատճառեցին: Ուժերը սակայն բացարձակ անհավասար էին, և 35 տարվա մաքառումից, փառահեղ հաղթանակներից ու դաժան պարտություններից հետո, ուժասպառ եղած և բոլորի կողմից լքված Արցախը հանձնվեց:
Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, բազմահազար հայ մարդկանց համար, թե Արցախում, թե Հայաստանում և Սփյուռքում՝ նաև մեծագույն անձնական ողբերգություն է՝ ապրած կյանքի, վաստակի և երազանքների փլուզում, մարդկային հեռանկարի կործանում: Այս ողբերգությունը երկնային պատիժ է մեր մեղքերի համար, բայց և մյուս կողմից՝ զգաստության կոչ և վերջին զգուշացում, ապաշխարելու և այդ մեղքերից ազատվելու, առողջանալու և որպես ազգ ապրելու և զարգանալու նոր ավյուն գտնելու: Այլապես այս գիշատիչ միջավայրում մենք որպես ազգ ապագա չենք ունենա, և Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունը վաղը թե ուշ կպատուհասի նաև երբեմնի փառապանծ Մեծ Հայքից մնացած այս վերջին հայկական հողակտորը:
Կարդացեք նաև
Ամեն օր ես արթնանում եմ այն գիտակցությամբ, որ պարտք ունեմ Արցախի առաջ՝ բոլոր այն սերունդների, որոնք կերտել են այն, դարերով պահել անառիկ, բերել հասցրել մեր օրը, երբ մենք այն այսպես անփառունակ ձեռքից բաց թողեցինք: Այս պարտքը ես պետք է հատուցեմ մինչև կյանքիս վերջին օրը, և դրա լավագույն հատուցումը կլինի հզոր Հայաստանը, և նրա հովանու տակ ծաղկող, վերստին հայկական մեր Արցախը: