Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասիրությունը պետք է լինի առաջին տեղում

Սեպտեմբեր 19,2024 10:00

Վերջերս ՔՊ-ականները, ակնհայտորեն իրենց «շեֆի» ելույթներով ոգեշնչված, զուտ մարդկային տեսանկյունից, արտառոց մտքերն են արտահայտում: Արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու, որ նրանից մեկը Հայաստանում ապրող մարդկանց բաժանում է երկու սորտի՝ նրանց, ովքեր իրավունք ունեն երկրի գործերին խառնվելու եւ նրանց, ովքեր այդ իրավունքը չունեն եւ պիտի իրենց հյուրի պես պահեն: (Գուցե նրանց համար ավտոբուսներում առանձին տեղեր կամ հասարակական առանձին զուգարաններ նախատեսենք, ինչպես ԱՄՆ-ում էր 1950-60 թվականներին):

Հիմա մեկ այլ ՔՊ-ական կշտամբում է արցախցիներին, որ նրանք մեկ տարի առաջ լքեցին իրենց տները: Պարզվում է, նրանք 120 հազար հոգով (ներառյալ՝ երեխաները, կանայք եւ ծերունիները) պետք է մնային, ջոկատներ կազմեին եւ կռիվ տային ադրբեջանա-թուրքական բանակի դեմ:

Հասկանալի է, որ զուտ քաղաքական առումով դա փորձ է արդարացնելու սեփական ղեկավարի աղետալի ձախողումները, որը չկարողացավ կանխել պատերազմը, չկարողացավ նորմալ կազմակերպել դիմադրությունը եւ, ի վերջո, հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մասն է:

Բայց եկեք մի պահ թողնենք քաղաքականությունը եւ հարցին նայենք զուտ մարդկային չափանիշներով: Իրենց տունը, իրենց գույքը կորցրած մարդկանց փաստացի ասվում է՝ ինչո՞ւ եք եկել, ինչո՞ւ չմնացիք եւ չկոտորվեցիք այնտեղ, հիմա էլ մեզ համար խնդիրներ եք ստեղծում: Դա իշխանական քարոզչության եւ, ցավոք, այստեղ՝ ՀՀ-ում ապրող մարդկանց մեծամասնության տրամադրությունների «թրենդի» մեջ է:

…Վերջին ամիսներին մեզանում բուռն բանավեճ է ծավալվում հայրենասիրության եւ «պետականասիրության» տարբերության մասին: Բանավեճը զուրկ է բովանդակությունից՝ մոտավորապես հայոց պատմության եւ Հայաստանի պատմության մասին քննարկման նման: Բայց ինձ թույլ տամ արտահայտել մի կարծիք, որի հետ, ենթադրում եմ, շատերը համաձայն չեն լինի: Հայրենիքը կամ պետությունը սիրելուց առաջ պետք է սիրել մարդուն, այսինքն՝ լինել մարդասեր, ունենալ գութ, կարեկցանք, ապրումակցում (էմպատիա) մարդկանց հանդեպ՝ մանավանդ, երբ մարդիկ փորձանքի մեջ են: Ահա այդ անհրաժեշտ հատկանիշը ես ՔՊ-ականների մեջ չեմ տեսնում: Քաղաքական հաշիվներն, ըստ երեւույթին, ավելի կարեւոր են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարահանում՝ հանրահավաք Ստեփանակերտում 2022 թ. օգոստոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է սիրել հայրենիքը կամ պետությունը, բայց միաժամանակ չսիրել այնտեղ ապրող, այնտեղի լեզուն ու մշակույթը կրող ու զարգացնող մարդկանց։ Այդ դեպքում ինչո՞վ է նման “հայը” տարբերվելու թուրքից։ Ինձ թվում է, որ Հայաստանը նախ և առաջ հայերն են, հետո միայն տարածքները, եկեղեցիները և այլն։

    (ՔՊ-ականների մեջ կա կարեկցանք ու մարդասիրություն, բայց դրանք դրսևորվում են միայն ադրբեջանցիների նկատմամբ)

  2. Հ.Շ. says:

    Անկեղծօրէն յարգելի Խմբագիր,

    Թէ որ ՔՊ-ականները ունին՝ ահաւոր, ԱՆՏԱՆԵԼԻ՛ խօսելակերպ մը եւ վարքագիծ, մինչ բնաւ չունին՝ նշոյլ մը իսկ մարդկային մօտեցում, տարրական փափկանկատութիւն, չունին կարեկցութեան, հոգածութեան կամ որեւէ զգացում, անհոգ են, անկիրթ են, կոշտ ու կոպիտ են, անկիրթ, անքաղաքավար, անքաղաքակիրթ են, եւ հետեւաբար, թէ՛ իրենց խօսքերը եւ թէ՛ իրենց վարքագիծը՝ հրէշային են, ասիկա շատ պարզ ու յստակ բան է: Որեւէ բնական մարդու համար, անհերքելի է: Եւ անհանդուրժելի է:

    Սակայն կը կարծեմ թէ այս կացութեան մէջ, որոշ նիւթերու պարագային, մտածող մարդը, ունի երկու այլընտրանք՝
    . կամ՝ ոչ մէկ բան չասել, լուր մնալ, որպէսզի այս հրէշային վարչակարգի ջրաղացին ջուր չհայթայթէ,
    . կամ էլ, երբ որ նիւթ մը կ’արծարծէ, ճիշդ բացատրել թէ՝ ըստ-ձեւի հրէշայինութենէն անդին, ըստ-էութեան՝ ի՞նչ է ըսուածը… [կը շարունակեմ յաջորդ գրառումով մը, թէ ոչ մեկնաբանութիւնս, երկարութեան պատճառով, մեքենաբար պիտի մերժուի]

  3. Հ.Շ. says:

    Երբ որ խնդրոյ առարկայ հրէշները ասում են թէ՝ մնացորդ արցախցիները պէտք է մնային Արցախի այն մնացորդում, նրանք չեն ուզում ասել որ այդ հայերը այդտեղ մնալով, պէտք է որ ցմահ կռուէին թուրք զինուորների դէմ:

    Սա ճիշդ չէ, ջա՛ն: Կ’աղաչեմ:

    Շատ վատ են խօսում, խօսիլ չգիտեն, ահաւոր կերպով են արտայայտւում, սակայն այս պարագային իրենց ըսածը այն է որ՝ արցախցիները պէտք է որ մնային Արցախ, ԸՆԴՈՒՆԵԼՈՎ որ Արցախը դառնար Ադրբեջանի մասնիկ մը: Համակերպելով, ենթարկուելով այդ իրավիճակին: Եւ այդպէսով կրնային մնալ Արցախ: Անզէն, Ադրբեջանի քաղաքացի, բայց ողջ:

    Եւ այդպէս ալ կ’ըլլա՛ր: Ալիեւը շատ պիտի ուզէր- եւ հիմա էլ կ’ուզէ – որ դա այդպէս լինի :

    Գոնէ վերջին հանգրուանին, այլեւս, նաեւ ա՛յս էր ՔՊին ուզածը: Այ՛ս է որ փորձեցին իրագործել իրենց համակիրները – ներառեալ քաղաքական ոլորտում – , շրջապատուած Արցախի մնացորդին մէջ: Եւ հիմա, աւելի քան երբեք, այս է ըստ իրենց՝ «լուծումը»:

    Եւ ըստ Փաշինյանին, իր յանցանքը եղաւ որ ի սկզբանէ ինք այս լուծումը չհետապնդեց, այլ ընդհակառակը, Արցախը-Հայաստան-է դիրքն ու կեցուածքը որդեգրեց: Աղէտալի հետեւանքներով: Սրա՛ համա է որ մի քանի օր առաջ նա ներողութիւն խնդրեց: Որ ինք էլ, էն վախտ, տարուեցաւ գաղափարական շեղումներով, փոխանակ անմիջապէս ի գործ դնելու «իրական» Հայաստանի իր ծրագիրը: Որուն հանգրուաններէն մէկն է՝ Արցախի «վերադարձը» Ադրբեջանին, արցախցիներու գոյակցութեամբ այդտեղ թուրքերին հետ: Մարմնապէս ողջ, սակայն ապրելով Ադրբեջանի լուծին տակ:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30