Սկիզբը՝ թիվ 154 եւ 156 համարներում
Միջազգային վարկանիշներ
Բարեփոխումների սկզբում (ինչպես Հայաստանում հիմա է), Վրաստանում շատ էր խոսվում բուհերի վարկանիշների, հեղինակների մեջբերումների ինդեքսների մասին եւ այլն։ Սակայն շատ արագ այդ խոսակցությունները դադարեցին, եւ այժմ վարկանիշներն այլեւս հաշվի չեն առնվում։
Սա մասամբ բացատրվում է դրանցում վրացական (ինչպես նաեւ հետխորհրդային այլ) բուհերի ցածր դիրքով, մասամբ էլ հենց՝ վարկանիշների անկատարության գիտակցմամբ։ Մեկ անգամ չէ, որ նշվել է, որ դրանց կազմման սկզբունքները մշակվել են՝ հաշվի առնելով ամերիկյան եւ բրիտանական համալսարանների առանձնահատկությունները եւ ակնհայտորեն շահեկան դիրքում են դրանց դրել՝ առանց հաշվի առնելու եվրոպական համալսարանների առանձնահատկությունները։ Բացի այդ, դրանք կիրառելի չեն բոլոր գիտական ոլորտների համար, օրինակ՝ հումանիտար: Բավական է ասել, որ մատենագիտական տվյալների բազաները, ինչպիսին է Web of Science-ը, հաշվում են գրեթե բացառապես անգլալեզու ամսագրերը: Այլ լեզուներով, այդ թվում՝ գերմաներեն եւ ֆրանսերեն (էլ չասենք՝ հայերեն կամ վրացերեն) հոդվածներ տպագրող ամսագրերի ընտրությունը բացակայում է ամենահեղինակավոր շտեմարաններից, բայց ներկայացված են որոշ քիչ հայտնի հրապարակումներ, որոնք ակնհայտորեն հատուկ ջանքեր են գործադրել այս տվյալների բազա մտնելու համար: Թերեւս բնական գիտությունների համար, որոնցում անգլերենն արդեն դարձել է գիտության գրեթե միակ լեզուն, դա այնքան էլ նշանակալից չէ, բայց հումանիտար գիտությունների ոլորտում իրավիճակը բոլորովին այլ է։
Կարդացեք նաև
Հումանիտար գիտությունների մեծ մասում ե՛ւ գերմաներենը, ե՛ւ ֆրանսերենը պահպանում են միջազգային գիտական լեզուների կարգավիճակը, իսկ որոշ ոլորտներում դրանց ավելացվում են իտալերենը (օրինակ՝ դասական), ռուսերենը (սլավոնագիտություն) եւ այլն։ Այս լեզուներով հրապարակումների անտեսումն անճանաչելիորեն աղավաղում է պատկերը: Բացի այդ, համապատասխան շտեմարաններում հաշվի չեն առնվում մենագրությունները, որոնք հումանիտար գիտություններում մնում են գիտական արդյունքների հրապարակման հիմնական միջոցը։ Վարկանիշը կազմվում է հիմնականում անգլո-սաքսոնական համալսարանները ներկայացնող փորձագետների հարցման արդյունքների հիման վրա, եւ, բնականաբար, նրանք ավելի հաճախ անվանում են այն բուհերը, որոնց ավելի լավ ծանոթ են։ Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ անգլո-սաքսոնական բուհերի համար վարկանիշային աղյուսակում բարձր տեղ զբաղեցնելը կենսականորեն կարեւոր է, քանի որ վարկանիշը ապագա ուսանողների համար ուսման վայր ընտրելու հիմնական ուղեցույցներից մեկն է: Հետեւաբար, անգլո-սաքսոնական համալսարանները պատրաստ են ժամանակ եւ գումար ծախսել վարկանիշային աղյուսակներում իրենց առաջխաղացման վրա (վարկանիշային գործակալությունների կողմից մատուցվող բոլոր ծառայությունները վճարովի են, եւ դրանց համար տվյալների պատրաստումը զգալի աշխատանք է պահանջում):
Խոսքը PR արշավների մասին է, որոնք միայն անուղղակիորեն են առնչվում կրթության եւ գիտական հետազոտությունների որակի հետ։ Փաստորեն, համալսարանների վարկանիշները եւ հղումների ինդեքսները գովազդ են, որոնք հավակնում են լինել օբյեկտիվ հետազոտության արդյունք, այն, ինչ լրագրության մեջ կոչվում է թաքնված գովազդ: Եվրոպական համալսարանների համար, որտեղ կրթությունն անվճար է, վարկանիշում տեղն այնքան էլ կարեւոր չէ եւ միայն հեղինակության, այլ ոչ թե գոյատեւման խնդիր է, եւ նրանք պատրաստ չեն այդքան գումար եւ ջանք ծախսել վարկանիշների միջոցով գովազդի վրա։ Հավանաբար սա է Եվրոպայի նույնիսկ լավագույն համալսարանների (օրինակ՝ Ֆրանսիայի լcole Normale Supռrieure, Մյունխենի, Բեռլինի կամ Գերմանիայի Հայդելբերգի համալսարանների եւ այլն) ակնհայտորեն թերագնահատված դիրքի պատճառներից մեկը միջազգային վարկանիշներում: Հաշվի առնելով, որ եվրոպական բուհերի վարկանիշների կազմման սկզբունքները խտրական են, նրանցից շատերը պարզապես հրաժարվում են մասնակցել դրանց՝ նախընտրելով խնայել դրա համար անհրաժեշտ միջոցներն ու աշխատաժամանակը: Ուստի Վրաստանում վարկանիշների վրա կենտրոնանալու մերժումը միանգամայն խելամիտ է եւ համապատասխանում է համաեվրոպական միտումին։ Հայաստանը նույնպես պետք է հրաժարվի այսօրինակ ֆետիշացումից։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում իրականացված բարեփոխումները չհասան նպատակին, եթե այդ նպատակը բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների վիճակի արմատական բարելավումն էր։
Բուհերում իրավիճակի որոշակի բարելավում, ներառյալ դրանցում գիտական հետազոտությունների զարգացումը, ձեռք է բերվել անհիմն մեծ զոհերի հաշվին՝ ակադեմիական գիտության ոչնչացում, հետազոտությունների ընդհանուր ծավալի կրճատում, մտավորականության շրջանում հսկայական գործազրկություն եւ այլն: Ձախողման հիմնական պատճառը Վրաստանում ամերիկյան համակարգը կրկնօրինակելու փորձն էր, որը հաջողությամբ աշխատում է իր հարազատ միջավայրում, բայց ոչ պիտանի է օտար միջավայրի համար։ Արդյունքը իմիտացիա է, որն իր տեսքով նման է բնօրինակին, բայց չի աշխատում այնպես, ինչպես օրիգինալն է աշխատում։
Հայաստանի համար Վրաստանի օրինակը, մեր կարծիքով, շատ ուսանելի է։ Իհարկե, կրթության եւ գիտության ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են։ Սակայն դրանք իրականացնելիս նախապատվությունը պետք է տրվի գոյություն ունեցող ինստիտուտների կատարելագործմանը, մեծ մասամբ նման եվրոպականին, ռուսականին, այլ ոչ թե դրանց հեղափոխական ոչնչացմանը։ Միամտություն է հուսալ, որ ավերված ու քանդված հաստատությունները շուտով կփոխարինվեն նորերով, նրանց փոխարեն ոչինչ չի հայտնվի: Լավագույն դեպքում, հների կողքին կարող են ստեղծվել նոր ինստիտուտներ, բայց դրանց չեն փոխարինի: Մեր դեպքում պետք է հիմնվել առաջին հերթին Հայաստանի նման հասարակության կառուցվածք ունեցող երկրների փորձի վրա: Մեզանում ե՛ւ էտատիզմը, ե՛ւ ավանդույթները շատ ավելի խորն են արմատավորված եւ շատ ավելի մեծ չափով են որոշում հասարակական հարաբերությունները: Կրթության եւ գիտության ազատական անգլո-սաքսոնական մոդելը չի աշխատի Հայաստանում. այն պահանջում է շատ ավելի ազատական հասարակություն, քան այն, ինչ կա ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում ու մայրցամաքային Եվրոպայի երկրներում: Հարկավոր է անհապաղ դադարեցնել Հայաստանում գիտակրթական ոլորտում անգլո-սաքսոնական մոդելի գործարկումը եւ սահուն անցնել մայրցամաքային եվրոպական մոդելին՝ զարգացնելով արդեն իսկ ունեցածը:
Ատոմ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ֆիզմաթ գիտ. թեկնածու, մանկավարժության դոցենտ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան
«Առավոտ» օրաթերթ
18.09.2024