Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանեկենը հավաքել ենք իրենց հակասություններից». պաշտպանը մանեկեն էր բերել դատարան

Սեպտեմբեր 19,2024 13:30

Երեւան քաղաքի քրեական դատարանում (Շենգավիթ նստավայր) նախորդ օրը շարունակվեց կնոջ սպանության մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Պաշտպան Աննա Ծառուկյանը հանդես եկավ ըստ էության փորձագետի կարգավիճակով, դատարան ներկայացրեց մանեկեն, որի շուրջ էլ կառուցեց իր խոսքը: Նրա չորս ժամանոց խոսքն անավարտ մնաց, եւ կշարունակվի հոկտեմբերի 1-ին նշանակված նիստում:


Ինչ էր ուզում մանեկենի ներկայացմամբ ասել:

«Մանեկենը դատարան տարա, որպեսզի ապացուցեմ մեղադրանքի հիմքում ընկած նկարագրությունն այնպիսի սարսափելի տեսք չունի, ինչպես ներկայացվում է, տպավորություն է, թե տուժողը սարսափելի խոշտանգվել է: Կան քերծվածքներ, կոնկրետ տրամաչափի, սանտիմետրերով, կան քերծվածքներ, որոնք այլ վաղեմության են, դեպքի օրվա վաղեմության չեն: Դա նաեւ իմ դատաբժշկի կարծիքն է, որի՝ որպես փորձագետի կարծիքն այսօր ներկայացվել է դատարան: Եթե տեսնում եք, մանեկենի վրա տարբեր գույների բաժանումներ կան, երեք գույն, որը տարանջատել է հստակ վաղեմությունը: Կան դիահերձման ժամանակ արված նկարներ, կան քերծվածքներ, կապտուկներ, որոնք նկարների մեջ չենք տեսնում:

Մանեկենը հավաքել ենք իրենց հակասություններից, որ իրենց համար ընդհանրական պատկեր լինի:

Աջ աչքի վերեւի կապիչի վրա կապույտ ու կարմիր նշում եմ արել ֆլոմաստերով, դա ներսից պիտի լիներ, ներսի քերծվածքն է, որն, ի դեպ, լուսանկարներով չկա: Շրթունքի վրա սպիտակ փրփուր է, դատաբժիշկն արձանագրել է փորձագիտական եզրակացության մեջ, բայց նկարում չկա: Հարցական է դրված, որոնք կամ նկարներում չկան, կամ փորձագիտական եզրակացության մեջ…

Վզի աջակողմյան հատվածի քերծվածքները շատ նման են պարանի ճմլման, կամ դրանք մի ձեռքի արդյունքում արված գործողություն են: Իմ փորձագետը տվել է, որ դա մի քանի անգամ փորձից հետո են եղել, դատաբժիշկ փորձագետը չի որոշել ինչ բնույթի է, տղամարդու ձեռքի՞, թե՞ կանացի, թե՞ նուրբ մատեր ունեցողի կողմից են արված: Իմ փորձագետն ասում է, որ տպավորություն է թողնում, որ կնոջ ձեռքեր են, եղունգների տեղեր կան: Կարող է լինի տղամարդ, որը նուրբ մատեր ունի, իսկ իմ պաշտպանյալը թիկնեղ, խոշոր տղա է, հաստ մատեր ունի: Համընկնումներին նախաքննության փորձագետը չի անդրադարձել այս ամենին, թե յուրաքանչյուր ճմլումները աջ հատվածի ինչպիսին են, նույնիսկ անջատվող տարածությունը չի որոշվել, որ հասկանանք, դա պարան է, ինչ է…վզի հետեւում էլ կան քերծվածքներ ու դարձյալ չունենք պատասխան՝ ինչպես հայտնվեց»,-ասում է Աննա Ծառուկյանը:

Հոկտեմբերի նիստին կտարվի նաեւ երկրորդ մանեկենը, դրան էլ պիտի «խեղդեն»…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30