Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան, Բաքուն, Անկարան եւ հայաստանյան ընդդիմությունը

Սեպտեմբեր 19,2024 12:00

Ընդդիմությունը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով, փաստացի, Ռուսաստանին հարցեր չունի ուղղելու

Վերջին օրերին մեր հասարակությունը ուշի-ուշով հետեւում էր Իրանից «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշման համատեքստում հնչող ուժգին մեղադրանքներին: Իրանից, ոչ ավել, ոչ պակաս, ասում էին, որ ռուսական կողմի պահվածքը` «դանակ է թիկունքից»: Թեհրանից իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, պատգամավորները, փորձագետները, մամուլն` իր հրապարակումներով աննախադեպ «հարձակում» գործեցին պաշտոնական Մոսկվայի ուղղությամբ:

Իսկ ահա Հայաստանում, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմությունը եւ նրանց հարող փորձագետները, որոնք ժամանակ առ ժամանակ «հայրենասիրական» պաթոսով ելույթներ էին ունենում, պարզվում է, Ռուսաստանի իշխանություններին հարցեր ուղղելու առիթ եւ անհանգստություն չունեն: Մինչդեռ Արեւմուտքին ուղղված` «միջանցք պոկելու» մեղադրանքներ նրանց կողմից հաճախ էինք լսում, սակայն, փաստորեն, նույն թեմայով Ռուսաստանին կշտամբելու ցանկություն նրանք չունեն: Հետեւաբար, անհրաժեշտություն կա եզրակացություններ անելու: Թե՞ վերջին մի քանի օրերին, երբ Իրանից շարունակ Մոսկվային մեղադրում էին «Զանգեզուրի միջանցքի» կեղծ թեման վերակենդանացնելու ու թուրք-ադրբեջանական շահերին ծառայելու մեջ` հայաստանյան ընդդիմադիրները դա չէին նկատո՞ւմ…

Ինչեւէ, իսկ Թեհրանից մեղադրանքները Ռուսաստանի ուղղությամբ բավական ծանր էին… Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին, օրինակ, ընդգծեց, որ Իրանն ակնկալում է, որ Մոսկվան կխուսափի պարադոքսալ պահվածքից Թեհրանի հետ հարաբերություններում եւ Իրանը խիստ պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքին աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին»։ Ավելին, Մալեքին քննադատել էր Ռուսաստանի երկակի ստանդարտները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եւ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված նրա մղումը որակել էր` որպես «դանակ թիկունքից», որը բացարձակապես անընդունելի է Իրանի համար։

Մեկ այլ ուշագրավ արձանագրում` «Զանգեզուրի միջանցք չի լինի, ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը զարմանք է առաջացնում»: Իրանական Tasnim գործակալությունը կրկին վերլուծել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր. «Մենք կողմ ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը խոչընդոտում է Սյունիքում հաղորդակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնության կատարմանը»։

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպումներում բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը դեմ է այդ միջանցքին, որը սահմանների եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների կհանգեցնի։ Ռուսաստանի այդ դիրքորոշման նկատմամբ զգայունությունն ուժգնացավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններից հետո։ Մասնավորապես, Զախարովան նշել էր. «Զանգեզուրը երթուղի է, որը կարող է Ադրբեջանը Սյունիքի միջոցով կապել Նախիջեւանին, եւ դրա ապաշրջափակումը կքննարկվի եռակողմ բանակցությունների շրջանակներում», գրել էր գործակալությունը։ Պատասխանելով այդ կապակցությամբ Իրանի մտահոգության մասին հարցին՝ Զախարովան հայտարարել էր. «Մենք տեսել ենք իրանական կողմի մտահոգությունը, բայց պարզաբանման համար պետք է դիմեք Թեհրանին։ Այդ հարցով Մոսկվայի դիրքորոշումը հստակ է։ Ելնում ենք նրանից, որ որոշումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի հարեւանների համար»։

Այսպես, Թեհրանից հնչող շեշտադրումները հիմնականում հետեւյալն էին` ՌԴ ԱԳ նախարարը Իրանի սպասելիքներին հակասող հայտարարություններ է արել։ Ռուսաստանը Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով տեղեկացված է եղել Իրանի հստակ եւ ճիշտ դիրքորոշման մասին, համաձայն որի՝ պաշտոնական Թեհրանը դեմ է «Զանգեզուրի» եւ այլ «միջանցքների» բացմանը։ Հաջորդը` Իրանը չի ընդունի իր սահմանների մոտ որեւէ փոփոխություն։ Թեհրանի մյուս նկատառումը` «Հարավային Կովկասի ոչ մի երկրի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքը, ոչ մի կանոնի համաձայն, չունի առավելություն մյուս երկրների նկատմամբ, եւ հետեւաբար, հարց էին ուղղում ռուսական կողմին: Հետեւաբար, ինչո՞ւ են մեր ռուսաստանցի բարեկամները կարծում, թե կարող են Զանգեզուրի միջանցքն օգտագործել՝ Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար…»։ Եվ ի վերջո, այսքան ժամանակ տեղյակ լինելով Թեհրանի դիրքորոշմանը` ինչո՞ւ Մոսկվան թեժացրեց Սյունիքով «միջանցքի» թեման:

Խիստ ուշագրավ էր, որ Թեհրանից տարբեր գնահատականների տողատակերում նույնիսկ ասվեց, որ Իրանը պատրաստվում էր ռազմավարական հարաբերություններ կնքել Ռուսաստանի հետ, համաձայն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների հստակ եւ կարեւոր պայմանավորվածությունների, սակայն ՌԴ ԱԳ նախարար Լավրովի դիրքորոշումն այնպիսի զարմանք ու ափսոսանք է առաջացրել, որ Թեհրանից արդեն հստակ նշում էին, թե ՌԴ-ի հետ «ռազմավարական հարաբերություններ» հասկացությունը ուղղակի պետք է վերանայվի։

Ահա, այս մթնոլորտում Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն օրերս ժամանեց Ռուսաստան: Նա Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր Թեհրանում, նա այնուհետեւ Թեհրանից մեկնել էր Բաքու։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Ահմադիանը Ռուսաստանում քննարկելու էր նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Սա այն դեպքում, երբ հուլիսի վերջին Իրանի նախագահն իր երդմնակալության օրերին հստակ գնահատական էր տվել «միջանցքային» ակնկալիքների վերաբերյալ: Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք», «Հյուսիս – հարավ» տրանսպորտային միջանցք եւ տարածաշրջանի ապաշրջափակում. սրանք էին Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանած Նիկոլ Փաշինյանի քննարկման հիմնական թեմաները նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ։

Հիշեցնենք, որ իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ, Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի հոգեւոր առաջնորդը եւս մեկ անգամ ընդգծել էր Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման կարեւորությունը՝ շեշտելով. «Իրանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարեւանների հետ երկրների հարաբերություններում»։

Ի դեպ, նկատենք, որ Փաշինյանի գրասենյակը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անդրադարձի մասին ոչինչ չէր հաղորդել։ Փոխարենը, Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին էր ներկայացրել տարածաշրջանային ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկը»։ Կառավարության պաշտոնական հաղորդագրությունից, պարզ չէր դառնում՝ արդյոք Մասուդ Փեզեշքիանը ողջունել է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը»։ Միայն նշվել էր, թե Իրանի նորընտիր նախագահը խոսել է բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելու մասին, եւ որ Իրանի համար առանցքային է տարածաշրջանում խաղաղության պահպանումը։

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպմանն Իրանի նախագահը խոսել էր «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի կարեւորագույն նշանակության մասին։ Փեզեշքիանն ասել էր, որ Իրանի համոզմամբ՝ տրանսպորտային ուղիները, ներառյալ «Հյուսիս – հարավը», հնարավորություն կստեղծեն տարածաշրջանի երկրների զարգացման համար։ Իրանի նախագահն ընդգծել է, որ այս նախագծերի իրականացումը կլինի իր կառավարության առաջնահերթությունների շարքում։

Իրանի 9-րդ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիսավոր երդվեց երկրի խորհրդարանում եւ իր ելույթում շեշտեց՝ աշխարհը պետք է օգտագործի բացառիկ հնարավորությունը եւ լուծի տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրները ուժեղ, արժանապատիվ ու խաղաղություն փնտրող Իրանի մասնակցությամբ։ Մասուդ Փեզեշքիանը նաեւ ընդգծել էր՝ իր վարչակարգը պատրաստ է շարունակել բանակցություններն աշխարհի ուժային կենտրոնների հետ, որպեսզի վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները։ Նորընտիր նախագահը պնդեց՝ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի: «Ճնշումները եւ պատժամիջոցները չեն աշխատում, Իրանը մշտապես պատմության ճիշտ կողմում է, Իրանը ապահով, միացյալ եւ կայուն երկիր է», – վստահեցրեց Փեզեշքիանը։ Ապա խոսելով տարածաշրջանի երկրների մասին՝ Իրանի նախագահն ասաց, թե հարեւանները չպետք է իրենց թանկարժեք ռեսուրսները ծախսեն պատերազմների ու հակամարտությունների վրա. «Իմ կառավարությունն ուզում է ուժեղ տարածաշրջան»։

Ահա, անցյալ շաբաթ, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը նշել է. «Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, եւ Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»։

Նախ` ինչո՞ւ է Շոյգուն գործածել ադրբեջանական բառամթերքը` «Զանգեզուրը» հիշատակելով, եւ հետո, ի՞նչ «նախկին պայմանավորվածությունների» մասին է խոսքը: Պաշտոնական Երեւանն ու Թեհրանը պարտավոր են հանրությանը ներկայացնել, թե ինչի՞ մասին է խոսքը:

Իր խոսքում Շոյգուն նաեւ ասել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցում գտնվող երկրի եռյակ կղզիների նկատմամբ:

Ի դեպ, Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Քանանին օրերս հարկ համարեց ընդգծել, թե ինչու է Իրանը սկսել դարձյալ բարձրաձայնել Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Ահա, նա նշել էր, որ «միջանցքի վերաբերյալ հրապարակվող նորությունների եւ վերլուծությունների հիմքում ընկած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Ադրբեջան կատարած այցը, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները»: «Իրանը շարունակելու է աջակցել տնտեսական հարաբերություններում խոչընդոտների վերացմանը՝ տարածաշրջանում անկախության եւ տարածքային ամբողջականության հարգման շրջանակներում ու նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությանը: Դա են ուզում տարածաշրջանի բոլոր երկրները։ Ոմանք ցանկանում են Կովկասը վերածել անկայունության տարածաշրջանի։ Նրանք ամեն գնով ձգտում են անկայունության հասնել այդ տարածաշրջանում։ Մենք վճռականորեն անհամաձայնություն ենք հայտնում տարածաշրջանում սահմանների փոփոխության փորձի հետ»,- հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանիին ընդունել էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նկատել է, թե ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները լրացուցիչ դինամիկա են ձեռք բերել։ Ըստ Կրեմլի՝ Պուտինը նաեւ նշել է, որ ուրախ կլիներ Փեզեշքիանին Ռուսաստանում տեսնել պաշտոնական առանձին այցով, որի շրջանակներում ակնկալում են ստորագրել նոր խոշոր միջպետական պայմանագիր, որն էլ ռուս-իրանական հարաբերությունը կհասցնի ռազմավարական գործընկերության նոր մակարդակի։ «Մենք ունենք բազմաթիվ այլ թեմաներ, որոնք, անշուշտ, հետաքրքիր են եւ կարեւոր թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար», – ասել էր ՌԴ նախագահը։ «Մենք բարձր ենք գնահատում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մնում է առաջնահերթություն Իրանի նոր նախագահի՝ Մասուդ Փեզեշքիանի թիմի համար։ Նրան հոկտեմբերի 22-24-ը սպասում ենք Կազանում, որտեղ կայանալու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը։ Կարծում եմ՝ ժամանակ կգտնենք առանձին երկկողմանի զրույցի համար»,- հավելել էր Պուտինը։

Հայտնի է, որ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, տեղեկատվությունը հաստատել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քասեմ Ջալալին՝ ԲՐԻԿՍ-ի մեդիա գագաթնաժողովի շրջանակներում Կազանում կայացած գագաթնաժողովում։

Ամփոփումը`վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դժբախտաբար – Հայաստանի մեջի ընդիմութիւնը – այն իտեալական ընդիմութիւնն է – որ աշխարհի բոլոր իշխանութիւնները կերազեն ունենալ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30