Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը լրատվամիջոցների դեմ իր հայցապահանջներով գերազանցում է իշխանության շատ ներկայացուցիչների

Սեպտեմբեր 19,2024 14:00

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս տարվա 9 ամիսներին Երեւանի քաղաքացիական դատարան է դիմել 5 հայցապահանջով: 2023-ին նա դիմել էր 7 հայցերով, 2022-ին՝ 3…

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ կան գործեր, որոնք ընթացքի մեջ են, այսինքն, չեն ավարտվել:

Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին պարտվեց դատարանում, ուր դեռ անցյալ տարվանից գտնվում էր իր քաղհայցը: 2023 թվականի մայիսի 5-ին ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Ա. Սաֆարյան) Ալեն Սիմոնյանի` ընդդեմ «Մեդիահաբ» ՍՊ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու եւ 1.000.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում բռնագանձելու պահանջների վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում էր կայացրել: Հայցը դատարանում մուտքագրվել էր ապրիլի 19-ին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել մայիսի 25-ին:

ԱԺ նախագահի շահերի ներկայացուցիչն էր, ինչպես միշտ, փաստաբան Վարդան Հարությունյանը, որը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերն է ներկայացնում դատարաններում:

Փաստաբան Սոս Հակոբյանը լրատվամիջոցի ներկայացուցիչն էր: Սեպտեմբերի 16-ին դատարանը մերժեց Ա. Սիմոնյանի հայցապահանջը:

Մեկ այլ հայցադիմում Ա. Սիմոնյանի անունից ներկայացվել է Էլեկտրոնային համակարգի միջոցով ընդդեմ «Երկիր» հեռուստաընկերության: Այն 2024թ. հունիսի 12-ին մակագրվել է դատարանին: Հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ապացույց ապահովելու մասին, նշել էր. «Պատասխանողի տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութը հաստատում է պատասխանողի կողմից հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու փաստը, որն ընկած է սույն հայցի հիմքում: Նշված հրապարակումը գտնվում է պատասխանողի տիրապետման տակ եւ որպես էլեկտրոնային բնույթի գրավոր նյութ կարող է ցանկացած պահի անդառնալիորեն հեռացվել կամ վերացվել, կամ փոփոխվել՝ անկախ նրանից՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, ինչը հետագայում կարող է վեճի դեպքում անհնարին դարձնել դրանց հետազոտումը: Այս տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել հրապարակված նյութը՝ այն զննելով՝ համակարգչի կիրառմամբ»:

Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է առանց դատական նիստ հրավիրելու եւ գործին մասնակցող անձանց ծանուցելու որպես ապացույց ապահովել 2024թ. մայիսի 14-ին տեղադրված «ՀեղաՓՈՂականները. Ալեն Սիմոնյան» վերնագրով տեսանյութը՝ համակարգչի կիրառմամբ զննելով դրանք համապատասխան հղմամբ պատասխանողի տելեգրամյան ալիք մուտք գործելու եւ դիտելու միջոցով: Դատարանն արձանագրել էր, որ «Օրենսդիրը նախատեսել է անհրաժեշտ գործիքակազմ բոլոր այն դեպքերի համար, երբ գործին մասնակցող անձը մտավախություն ունի առ այն, որ մինչեւ գործի դատաքննությունը որոշակի ապացույցների ներկայացումը օբյեկտիվ պատճառներով կարող է դառնալ անհնար կամ դժվարանալ: Նման դեպքերի համար նախատեսել է այդ փաստական տվյալների ապահովման դատական ընթացակարգ, երբ դատարանը կարող է նախքան վեճի ըստ էության քնությունն իրականացնել անհրաժեշտ գործողություններ օրենսդրությամբ նախատեսված ապացույցների ամրագրմանն ուղղված: Դատարանն արձանագրում է, որ հայցվորի ներկայացուցիչը նշել է, թե գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որ փաստի հաստատմանը իր գնահատմամբ կարող է ուղղված լինել ապացույցը, ինչպես նաեւ ներկայացրել բավարար հիմնավորումներ դրանց ապահովման համար հիմք հանդիսացող հանգամանքների առկայության վերաբերյալ»: Դատարանը միջնորդությունը բավարարել էր, որոշել ապահովել խնդրո առարկա տեսագրության հետազոտումը համակարգչի կիրառմամբ ներկայացված հղմամբ մուտք գործելու միջոցով:

Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանի կողմից հայցադիմում է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

Դատարանի (դատավոր՝ Ժ. Ասատրյան) 2024թ. հունվարի 24-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 2024թ. փետրվարի 16-ին կայացվել է որոշում գործը դատաքննության նախապատրաստելու եւ նախնական դատական նիստ նշանակելու մասին: 2024 թվականի մարտի 1-ին գործը վերաբաշխվել եւ մակագրվել է դատավոր Լիլիթ Սաղոյանին:

Գործով դատարանի կազմի փոփոխությամբ պայմանավորված՝ դատարանը նոր որոշմամբ գործն ընդունել է վարույթ եւ գործը սկզբից քննելու նպատակով նշանակվել է նախնական դատական նիստ:

Անդրանիկ նախնական դատական նիստից՝ մայիսի 13-ից հետո որեւէ նիստ չի հրավիրվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30