Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» կուսակցության ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանն ահազանգում է, որ ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցը եւ նրա եղբայր Սասունը համայնքում իրենց սանձարձակ են պահում եւ բնակիչներին պահում են վախի մթնոլորտում: Իսկ այսօր համայնքապետի եղբայրը Գորիս քաղաքում իրեն ծեծի է ենթարկել եւ հայհոյանքներ է հնչեցրել իր ընտանիքի անդամների հասցեին:
Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Մասիս Զեյնալյանը տեղեկացրեց, որ իրենց միջեւ լարվածությունը առկա է դեռ 2021 թվականից՝ ավագանու ընտրությունների ժամանակվանից:
Այսօր Գորիսում տեղի ունեցածի մասին նա ասաց, որ համայնքապետի եղբայրը ընկերների հետ իրեն հետեւել է: «Մի քանի անգամ իրենց շրջապատի մարդիկ ինձ ասել են, թե տեսել են, նկարել են՝ ում հետ եմ հանդիպում, ինչ եմ խոսում: Դա առնվազն հետապնդում է: Ես էլ իրենց պատասխանել եմ, որ նկարելու շատ ավելի հետաքրքիր բաներ կան, գուցե դրանք նկարեն: Սա նաեւ ահաբեկում է: Այսօրվա դեպքն էլ դա ցույց տվեց: Պարզապես, իրենք մտածում են, որ մեշոկով փող ունեն, դատախազն իրենցն է, ՊՆ խորհրդականն իրենցն է, «Քաղաքացիական պայմանագրից» էլ Փաշինյանն իրենցն է՝ ամեն ինչ կարող են անել: Բայց սխալվում են: Իրենք ոչ թե «Քաղաքացիական պայմանագրից» են, այլ քեմալական պայմանագրից: Եթե սահմանին ստեղծված այս իրավիճակում հայը հայի վրա ձեռք է բարձրացնում, թուրքից ինչո՞վ է տարբերվում»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը եւ հավելեց, որ ինքը ավագանու նիստերում մշտապես համայնքապետի եւ նրա եղբոր գործած ապօրինությունների մասին է բարձրաձայնում:
«Ես ավագանու անդամ եմ եւ ինձ հուզող հարցերը դեմ առ դեմ տալիս եմ իրենց: Այնպես չի որ հետեւից եմ խոսում: Ինձ ասում են՝ տղավարի են խոսում: Բայց տղավարին ես ե՞մ, թե՞ դու, որ քո հիմնարկում մարդկանց տանում աշխատեցնում ես առանց գրանցելու, բանվորների հետ պայմանավորվում ես ութ հազար դրամով, բայց յոթ հազար դրամ ես տալիս:
Կարդացեք նաև
Կապ չունի, լինի «Ապրելու երկիր», լինի «մեռնելու երկիր», թե «Քաղաքացիական պայմանագիր», եթե մարդը հանցանք է գործել, պիտի դատվի: Ես իմ գործով մինչեւ վերջ գնալու եմ: Ինքը մտել է իմ ընտանիք՝ հայհոյել է: Ճիշտ է, ես պատասխանը տվել եմ, բայց ինքը պիտի դրա պատասխանը տա: Ու բոլորն էլ գիտեն, թե դրա պատասխանը ոնց են տալիս: Ես չեմ պատրաստվում խեղճանալ»,-ասաց Մասիս Զեյնալյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ