«Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խումբը, որն անընդմեջ հանդես է գալիս նոր երգերով՝ միլիոնավոր դիտումներ ունենալով սոցցանցերում, ըստ էության հանրայնացնում է Գյումրու առանձնահատուկ, կոլորիտային բարբառը, և ոչ միայն Հայաստանի տարբեր տեղանքներում, այլ հայրենիքից դուրս։
«Գյումրու լեզուն չէի սիրում, ձեր երգերով սկսեցի սիրել ու օրվա մեջ մի 100 անգամ լսել», «Ես որ Գյումրու բարբառը նորմալ չէի հասկանում, ձեր շնորհիվ եմ սկսել հասկանալ», «Գյումրվա բարբառով սիրո մասին այսքան սիրուն երգ․․․ Խենթանալու է․․․», «Հուզիչ է՝ երգերը լսել Գյումրվա բարբառով, սա նշանակում է վերադարձ դեպի արմատներ», «Ես գյումրեցի չեմ, բայց Լեննագանի բարբառ, ես քեզի համար խելըռիմգը։ Դու աշխարհի ամենաքաղցր բարբառն ես», -հաճախակի կարելի է հանդիպել նման մեկնաբանությունների այս բենդի հեղինակային երգերի տեսահոլովակների տակ։
Այդ երգերի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն առանձնակի հպարտությամբ է խոսում իր հարազատ քաղաքի բարբառը հանրայնացնելու մասին՝ հիշեցնելով, որ ժամանակին դա անում էին Ալբերտ ու Ֆրունզիկ Մկրտչյանները՝ իրենց ֆիլմերի միջոցով։
«Թող անհամեստություն չհամարվի, բայց իրոք փաստ է, որ երգերի միջոցով տարածում ենք Գյումրու բարբառը։ Մեկ դա եղել է 70-80-ականներին, երբ որ Ալբերտ Մկրտչյանը ու Ֆրունզիկ Մկրտչյանը իրենց ստեղծագործությունների, ֆիլմերի միջոցով տարածել են Գյումրիի բարբառը, մաքուր Գյումրիի բարբառը չէ, մի քիչ կինո Գյումրիի բարբառ է դարձրած, որպեսզի հասկանալու, ընկալունակության աստիճանը մեծ լինի, մեկ այդ ժամանակ է եղել, որ ֆիլմերի միջոցով Գյումրու բարբառի քաղցրությունը մարդիկ զգացել են, մեկ էլ՝ հիմա։ Ես վստահ եմ, որ հիմա Գյումրիի բարբառի տարածվածությունն այդ ժամանակվանից ավելի շատ է։
Կարդացեք նաև
Իմ ուսանողական տարիներին Երևանում սովորող շատ-շատ լեննականցիներ, գյումրեցիներ փոխում էին իրենց բարբառը, որպեսզի չզգացվեր, մի քիչ ամաչելու բան կար, ես, իհարկե, երբեք չեմ հասկացել այդ ամենը, բայց օբյեկտիվ ինչ-որ բան կար, որ չտարբերվեն։ Այսօր ամենամեծ միջոցառումների ամենասպասված խումբն է «Հայաթ փրոջեքթը» ու կապ չունի տեղանքը, լինեն հարսանիքներ, ծնունդներ, Հայաստանի որ տեղանքից էլ լինեն մարդիկ, բոլորը սիրով երգում են «Ես քեզի համար խելագարվիմգը», «Ես քեզի սիրեմգը»։
Դու էնքան պետք է սիրես քո արմատները, քո հողը, էնքան պիտի զգաս քեզ էդ գետնին կպած, եթե դու իրոք գիտակցման աստիճանը ունես, որ քո նույնականացումը ոչ թե խնդիր է, այլ կարող է նույնիսկ առավելություն հանդիսանալ, այնպես կմատուցես, որ բոլորի համար սիրելի ու ընդունելի կդառնա։
Հավատացնում եմ ձեզ, եթե «Ես Քո Արցախն եմ, Դու՝ իմ Հայաստանը» երգը գյումրեցիները չերգեին, էլի էր սիրվելու, բայց մի քիչ ուրիշ ձևով։ Շատ ազդեցիկ է, որ երգում են գյումրեցիները, նրանք Հայաստանի ու հայ ժողովրդի յուրահատկությունն ընդգծելու ամենավառ ներկայացուցիչներն են, ասում են, որ մեր մեջ տարբերություն չկա, մենք բոլորս նույնն ենք՝ «Դու իմ Սևանն ես, ես քո ճամբարակն եմ», «Դու իմ Մեղրին ես, ես քո Մասիսն եմ», «Դու իմ Գյումրին ես, ես քո Երևանն եմ»։ Դա շատ կարևոր է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մխիթարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ