Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը

Սեպտեմբեր 18,2024 21:01

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով սեպտեմբերին 18-ին Հայաստան է ժամանել Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ, մասնակցելու հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը:

Կատարից Երևան ժամանած «Կատարա» մշակութային հիմնադրամի ներկայացուցիչների համար Աննա Հակոբյանի անունից աշխատանքային նախաճաշ է մատուցվել: Նախաճաշին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։

Կատարական կողմից նախաճաշին մասնակցել են «Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին, աշխատակազմի ղեկավար Օմար Ալի Ալ-Մաննային, մշակութային հարցերի ղեկավար Խալեդ Աբդել Ռահիմ Ալ-Սայեդը, գնումների վարչության ղեկավար Աբդալ Ռահման Ջասեմ Ալ-Թամիմին։

Աննա Հակոբյանը ողջույնի խոսքում նշել է, որ մեծ պատիվ է Երևանում ընդունել գործընկեր հիմնադրամի ղեկավար կազմին և հույս  հայտնել, որ Հայաստանում նրանք անմոռանալի օրեր կանցկացնեն։

«Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին ընդգծել է, որ մեկ տասնամյակից ավելի ղեկավարելով հիմնադրամը, որպես կանոն, հաճախ չի մեկնում այլ երկիր պաշտոնական այցով՝ ժամանակի սղության պատճառով, սակայն սիրով ընդունել է տիկին Հակոբյանի հրավերը։

Ցուցահանդեսին մասնակցելուց զատ այս այցը սկիզբ է դնում «Իմ Քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև մշակութային գործակցությանը։ Աշխատանքային նախաճաշի ընթացքում կողմերը քննարկել են, թե որ ուղղություններով է հնարավոր առաջիկայում համագործակցել, ընդ որում ոչ միայն երկու հիմնադրամների, այլ նաև Կատարի այլ պետական կառույցների ու կազմակերպությունների շրջանակում։ Կողմերը պայմանավորվել են նաև առաջիկայում կազմակերպել բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցեր։

Նախաճաշից հետո Կատարից ժամանած հյուրերը վարչապետի տիկնոջ հրավերով և ուղեկցությամբ այցելել են նաև Մատենադարան, որտեղ նրանց է միացել նաև «ԻՄ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարար Մխիթար Հայրապետյանը և Հայաստանում Կատարի պետության գործերի հավատարմատար Մուհամմադ Յուսեֆ Ալ-Մուդզաֆերը։ Հյուրերին է ներկայացվել Մատենադարանը, այնտեղ պահվող ձեռագրերի պատմությունը, թվագրությունը: Հյուրերը շրջել են մշտական և ժամանակավոր ցուցասրահներում, ծանոթացել հիմնական ցուցադրվող և նոր ձեռք բերված ձեռագրերին: Հյուրերին ներկայացվել է նաև հայերեն ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիր»-ը: Այս կերպ հյուրերին փոխանցել են հայերի` դարերից եկող վերաբերմունքը դեպի գիրը: Կատարից ժամանած հյուրերը ուսումնասիրել են նաև Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում՝ արաբատառ ձեռագրերի հավաքածուն, որոնց թիվը հասնում է 3000-ի: Կատարից ժամանած հյուրերը եղել են նաև ձեռագրերի վերականգման բաժնում, հետևել ընթացքին, ծանոթացել վերականգման մեթոդներին: Մասնագետները ցուցադրել են 16-րդ դարին թվագրվող «Հայսմավուրք» ձեռագիրը, որն անցել է Եղեռնի ճանապարհով և Հայաստան հասել շատ վատ վիճակում: Գրքի վնասված բոլոր էջերն ու կազմը վերականգնվել են Մատենադարանում:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը «Կատարա» մշակութային հիմնադրամի ղեկավար կազմին է ներկայացրել արաբերեն ձեռագրերի վերականգման և հետազոտման լաբորատորիա հիմնելու իրենց գաղափարը և ընդգծել այս հարցում գործակցության կարևորությունը: «Կատարա» մշակութային հիմնադրամի տնօրենը նախաձեռնությունը չափազանց կարևոր է համարել և նշել, որ այս հարցում Մատենադարանին կարող է օժանդակել Կատարի ազգային գրադարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30