Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ասելիք չունեմ դատարանին, ես խնդրանք ունեմ Աստծուն»․ Հրայր Թովմասյան

Սեպտեմբեր 18,2024 20:02

«Ես չեմ պարտվել, կախված դատական ակտից՝ մի մասը կհամարի, որ ես ընկել եմ, բայց ես նորից վեր եմ կենալու մի օր հետո, տասն օր հետո, մի տարի հետո»,- իր գործով դատական նիստի ընթացքում որպես ամբաստանյալ՝ իր վերջին խոսքում դատարանի դահլիճում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Նա հավաստիացրեց՝ թե նույնիսկ այսօր հոգեբանորեն մեղադրող կողմը կարող է պնդել, որ սա քաղաքականության հետ որևէ աղերս չունի, Հրայր Թովմասյանը, դիմելով դատախազին, նշեց՝ սա ես պիտի գնահատեմ՝ որպես մոլորություն։

Ըստ Հրայր Թովմասյանի՝ այս գործընթացը տանում է մեր երկրին վատ տեղ․ «Ես դատարանի առաջ կանգնել եմ միայն նրա համար, որ ես համարձակություն եմ ունեցել այդ փուլում բարձրացնել այն, ինչը մյուսները չէին տեսնում։ Էն ժամանակ չհավատացին, չցանկացան փրկվել։ Հիմա դեռևս ունենք հնարավորություն։ Եթե նախորդ կանխատեսումս իրականություն դարձավ, դա Արցախի կորուստն էր, հիմա ավելի մեծ բան կա դրված։ Կասեք՝ էս դատավարությունն ի՞նչ կապ ունի, ես կասեմ՝ էս դատավարությունն այդ ամբողջի համար մեծ նշանակություն ունի։ Ես պնդում եմ՝ ինձ դատում են հենց դա տեսնելու համար, բայց մարդկության պատմությունը լիքն է նման բաներով, երբ մարդուն դատում են, քանի որ նա տեսել է ինչ-որ բաներ։ Հիշեք՝ ինչ պայմաններում ենք մենք այս գործը սկսել ու հիմա ինչ պայմաններում ենք ավարտում»։

Հրայր Թովմասյանն ասաց․ «Մի բան կխնդրեմ բոլորից՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ, ես զոհ չեմ, և այս դատավճիռն էլ իմ մասին չէ։ Ես ինչ նպատակ ունեի այս դատական գործընթացում հասնելու, ես արդեն հասել եմ։ Երբ իմ անձը դնում եմ այս ամբողջի կողքին, այնքան փոքր եմ ես»։

Ավարտելով իր վերջին խոսքը՝ Հրայր Թովմասյանն ասաց, որ դրանք իր խոսքերը չեն․ «Միգուցե տպավորություն ստեղծվեր, որ դիմում եմ վերջում դատարանին՝ մեղմ կվարվեք․․․չէ, ես ասելիք չունեմ դատարանին, ես խնդրանք ունեմ Աստծուն՝ Տե′ր իմ, օգնիր ինձ հաղթահարել այս փորձությունը ևս։ Օժտիր ինձ համբերությամբ և խոնարհությամբ, տապալիր իմ երկրում բուն դրած բոլոր չար հոգիների սատանայական որոգայթը, Տե′ր իմ, անվտանգ ու կանգուն պահիր ՀՀ-ն, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին»։

Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց՝ դատաքննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կամ դատավճիռ կայացնելու։ Այն կհրապարակվի սեպտեմբերին 20-ին՝ ժամը 15։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանել է վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Արման Հովհաննիսյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից»։

Արման Հովհաննիսյանից հետո Վերաքննիչ քրեական դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակի հաջորդ դատավորը Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30