Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցի․ բերեք ստի դետեկտոր, բերեք Աստվածաշունչ, ձեռքս դնեմ ու երդվեմ, որ ես Տարոն Թովմասյանին չեմ հանդիպել»․ Հրայր Թովմասյան

Սեպտեմբեր 18,2024 19:25

«Մեղադրող կողմն այդպես էլ անհաղորդ մնաց մեր բարձր հարցերին, խնդիրներին, անհաղորդ մնաց գնահատականներին, որակումներին»,- իր գործով դատական նիստի ընթացքում դատարանի դահլիճում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանի պնդումներին։

Նա վստահեցրեց՝ այս դատավարությունում կան փոքր դետալներ, որոնք շատ մեծ բաների մասին են խոսում․ «Երկրորդ մեղադրողի ներգրավվելը և ասելը, որ ինքը պատահական դատախազ չէ, այս գործի քննության շրջանակներում մեկ օր նշանակվածը, խոսում է նրա մասին, որ այստեղ տեղի ունեցող գործընթացներն ընդհանրապես դատախազությանը չեն հետաքրքրում։ Դատախազությունը գիտի, ասում է, շարունակում է։ Այս նույն դրսևորումը տեղի ունեցավ նաև մեղադրողի ռեպլիկում։ Նորից նույն ձեռագիրը, աշխատաոճը նույն բառերը, ինչ ամբողջ դատաքննության ընթացքում»։

Մեղադրող դատախազի այն պնդումներին, թե Հրայր Թովմասյանը նոտարների հետ կապ է հաստատել Նորայր Փանոսյանի միջոցով, Հրայր Թովմասյանն այսպես արձագանքեց․ «Ասում է, որ Փանոսյանի միջոցով էր կապ հաստատում նոտարների հետ, ու կառուցվում է ամբողջ տեսություն։ Իսկ ո՞վ է դա ասել։ Կարո՞ղ էին հարցնել այլ նոտարների ևս։ Այս հանգամանքն ապացուցելու համար որևէ այլ նոտարի հարցրե՞լ եք, թե՝ ոչ։ Նոր եմ հասկանում․ ամերիկյան ֆիլմերը նայելուց երեխա ժամանակ չէի հասկանում՝ ինչ է նշանակում, որ Դուք կարող եք չխոսել, իմացեք՝ ինչ ասեք, օգտագործվելու է Ձեր դեմ։ Ամբողջը ենթադրությունների վրա է, իսկ դատախազությունն արդեն հաստատված է համարվում, որ ես ու նոտարները բացառապես շփվել ենք Նորայրի միջոցով, ուրեմն եթե Նորայրն է ասել, ես եմ ասել։ Էս մակարդակի է»։

Հրայր Թովմասյանը հայտարարեց՝ 27, թե 30 ժամ է խոսում եմ ու ասում, որ չկա նկարագրված իմ մի գործողություն, որը քրեական գործով որևէ հոդվածի հետ համադրելի է։ Ասում եմ՝ բոլոր ձեր ձևակերպումները անորոշ են․ «Մի բան լսեցի՞ք դատախազի խոսքում, որ ասաց՝ չէ, այս գործողությունն արել ես։ Տպավորությունն այն է, որ դատախազն եկել է՝ ինքն իրեն պաշտպանի, այլ ոչ թե ապացուցի, որ ես եմ մեղավոր»։

Նաև Հրայր Թովմասյանը նկատեց՝ իր կյանքում երկրորդ դեպքն էր, որ իր գրածի վերաբերյալ իրեն ասում են՝ ճիշտ չեք հասկացել․ «Պատասխանս մի քիչ վատն է լինելու, չեմ հրապարակի, երբ ես մոտավորապես այնքան գիրք եմ կարդացել դրա վերաբերյալ, ինչքան դրա ասողների քաշն է, մեկնաբանում են, թե ճիշտ չեմ հասկացել։ Էն ակտի ընդունմանը, որին ես մասնակցել եմ, ինձ ասում են՝ ճիշտ չես հասկացել»։

Տարոն Թովմասյանի հետ հանդիպման մասով էլ Հրայր Թովմասյանը հիշեց Րաֆֆի Հովհաննիսյանին․ «Ես Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցի, հիմա էլ եմ ասում՝ բերեք ստի դետեկտոր, բերեք Աստվածաշունչ, ձեռքս դնեմ ու երդվեմ, որ ես իր հետ չեմ հանդիպել»։ Անդրադառնալով նոտար Ալվարդ Մելքոնյանի հետ կապված գործի նյութերում այն ձևակերպմանը, թե Ալվարդն ասաց՝ ինձ հետ թուրքի պես էին վարվում, Հրայր Թովմասյանն ասաց․ «Ալվարդը առնվազն ՀՀ 450 քաղաքացիների հետ իրականում վարվել է թուրքի պես․ ունեզրկել է, գույքը ձեռքներից վերցրել․ այդ մարդիկ մնացել են փողոցում, և դա հաստատված է դատական ակտով։ Դուք պաշտպանում եք Ալվարդի՝ հարստանալու իրավունքը։ Եթե Ալվարդին գործից չհանեինք, էս ամբողջը լինելո՞ւ էր, չէր լինելու։ Այդ մարդը մենակ կատարել է ավելի շատ գործարքներ, քան բոլոր նոտարները, ու նրան հանել ենք գործից, որովհետև մարդկանց ունեզրկել է իր մի քանի կոպեկի համար։ Ես հանգիստ եմ իմ խղճի առաջ, որ Ալվարդը չի աշխատում, որ դա դաս է եղել մյուս նոտարների համար»։

Հրայր Թովմասյանը շարունակեց պնդել, որ քրեական գործը, որ հոդվածով որ հարուցվել է, գոյություն չունի․ «Դատախազն արարքը չի վերաորակավորել, ինչը պիտի աներ։ Նոր հնարավոր հոդվածը, որն ինչ-որ աղերս ունի, ապաքրեականացնում է այն բոլորը, ինչ գրված է այս հորինված մեղադրականում։ Իմ որևէ գործողություն, որը հանցագործության տարր է պարունակում, նկարագրված չէ։ Դատողություններն արված են տրամաբանական ապացուցման բոլոր կանոնների խախտմամբ, հիպոթետիկ, դրանք բացառապես նախաքննական մարմնի մտացածին եզրակացություններն են, իրականության հետ չեն հաղորդակցվում։ Ամենատիպական օրինակն այն է, որ Ալեք Մանուկյանի վարձակալության գումարը չի փոխանցվել Ռուբիկ Ղազարյանին, որ դրանք փոխանցվել են Վահագ Գրիգորյանի հաշվին, նա չի փոխանցել բանկային եղանակով Ռուբիկ Ղազարյանին, սրանից հետևություն, որ այդ գումարները փոխանցվել են Հրայր Թովմասյանին, և որ դա Հրայր Թովմասյանի սեփականությունն է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30