ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, այդ թվում նաև՝ ականատեսի հարցաքննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված զինծառայողին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում)։
Վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե