Լրահոս
Օրվա լրահոսը

2026 թվականին Հայաստանի սահմանային ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով. Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 18,2024 18:20

«Սա մեր վերջին տարիների բարեփոխումների ցցուն օրինակ կարելի է ընդունել: Կանխվեց մի գործողություն հենց պլանավորման փուլում, պատրաստման փուլում, այլ ոչ թե կատարելուց հետո, ինչպես եղավ տարիներ առաջ ոստիկանական զորամասը գրավելու արդյունքում: Այնտեղ զոհեր եղան: Փառք Աստծո, մեր կառույցները՝ իրականացնելով բարեփոխումներ, ի վիճակի են այսօր իրականացնել գործողություններ, որոնք կկանխեն ապագայում մեր երկրի դեմ իրականացվող ցանկացած նման գործողություն: Սա բացառիկ օրինակ է, սրանով պետք է այսօր ուրախանանք, բայց չհանգստանանք, քանի որ ներքին ու արտաքին թշնամիները ձեռք ձեռքի տված շարունակում են փնտրել իշխանությունը կորցնելուց վերադարձնելու տարբեր ճանապարհներ: Որոնց մեջ չեն խորշում նաեւ ահաբեկչական գործիքից օգտվելու հնարավորությունից»,- «Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ»,- պանելային քննարկման ժամանակ այսօր ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից բացահայտված իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքին:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ խոսեց բանակից՝ ասելով, որ այսօր բանակի համար արտադրվում են բաներ, որոնք նախկինում երազել կարելի էր. «Բանակը, որը 44 օրյա պատերազմից հետո ունեցավ այս արդյունքը, դրանից հետո բանակի մեր բարեփոխումները դարձան ավելի տեսանելի, որ ուղղությամբ պետք է գնանք՝ ինտելեկտուալ կարողություններով օժտված զինվորականներ, ժամանակակից զենք… Պրոֆեսիոնալ բանակի ուղեգծին հասնելու համար բազմաթիվ խնդիրներ պետք է լուծվեն, ինչը եւ արվում է»:

Քոչարյանի խոսքով, ամբողջ սահմանային երկայնքով ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են տարվում. «2026 թվականին Հայաստանի սահմանային ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով, որոնց մեջ զինվորը կլինի ավելի պաշտպանված: Մեր երկրի պաշտպանության խնդիրների լուծման ժամանակ կլինի օդից պաշտպանված, դիմացից հակահարված տալու հնարավորությամբ: Խաղաղության հասնելու համար մեր բանակը պետք է ունենա այն ներուժը եւ այնպիսի իրավիճակ պետք է ստեղծի անվտանգության մեր սահմանային բնակչության համար, որ այնտեղ ապրողը մտքով չանցկացնի հեռանալ ու իր բնակավայրը թողնել անպաշտպան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30